HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանը հօգուտ Նիկոլ Փաշինյանի վճիռ է կայացրել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2026թ. մարտի 18-ին մասնակի բավարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն՝ ընդդեմ «Հրապարակ» թերթի։ Դատարանը պարտավորեցրել է հերքել պաշտոնյայի վերաբերյալ զրպարտություն պարունակող տվյալները, սակայն մերժել է 1 մլն դրամ փոխհատուցման պահանջը։ 

2025թ. հունիսի 6-ին «Հրապարակը» «Փաշինյանը դավաճանում է արդյոք կնոջը» վերնագրով նյութ էր հրապարակել։ Լրատվամիջոցն այն անվանել է քննադատություն, որը հիմնված է եղել հարցադրումների վրա և չի պարունակել պնդում։ Սակայն, դատարանն այլ գնահատական է տվել։

Ըստ լրատվամիջոցի՝ հրապարակախոսական ոճն օգտագործվում է պարբերական մամուլում և հրապարակային ելույթներում, այն համատեղում է գիտական և գեղարվեստական խոսքի առանձնահատկությունները՝ նպատակ ունենալով ազդել ընթերցողի կամ ունկնդրի ոչ միայն մտքի ու դատողության, այլև կամքի, զգացումների ու երևակայության վրա, նրան գործի մղել, հուզել: 

Հոդվածը շարադրված է վարչապետին հարցեր ուղղելու միջոցով, որոնք թեև պատասխան չէին ենթադրում, սակայն ընթերցողներին հնարավորություն էին տալիս անելու սեփական եզրակացությունները: Այսինքն՝ չեն պարունակել փաստացի տվյալներ։

Դատարանն արձանագրել է, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ներկայացվել են փաստացի տվյալներ։ Ըստ դատարանի՝ լրատվամիջոցը հստակ տվյալների մասին պնդումներ է արել, մասնավորապես՝  «(...) Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են գալիս: (...) Հիմա համառ լուրեր են պտտվում, որ Դուք դավաճանել եք տիկին Հակոբյանին, նա անգամ զանգել է տվել Ձեր խոսնակին ու պրոտոկոլի միջոցով փոխանցել, որ վարչապետի կողքին քայլելու իրավունք ունի միայն առաջին տիկինը, իսկ խոսնակը անգամ եթե հետը քնում է, պետք է միջոցառումների ժամանակ պատշաճ հեռավորությամբ քայլի՝ իր տեղը իմանալով»: 

Դատարանի դիտարկմամբ՝ լրատվամիջոցը հրապարակմանը զուգահեռ չի նշել, թե ինչ փաստերի վրա են հիմնված այդ պնդումները: Ընդ որում,  հոդվածում ներկայացնելով որոշակի փաստական տվյալներ, միաժամանակ հղում չի կատարել տեղեկատվության  իր աղբյուրին՝ որոշակի նույնականացվող անձի, չի նշել այդ անձին անհատականացնող տվյալներ: 

Անդրադառնալով նշված արտահայտությունների՝ գնահատողական դատողություններ լինելուն, դատարանն արձանագրել է, որ դրանք հիմնված չեն եղել բավարար փաստական հիմքի վրա: Հրապարակված տեղեկությունների ճշմարտության և հիմնավորվածության համար հրապարակման պահին լրատվամիջոցը չի ունեցել որոշակի տեղեկություններ, վերջինիս կողմից լրացուցիչ ջանքեր չեն գործադրվել՝ պարզելու հրապարակված տեղեկությունների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը: 

Անդրադառնալով «Հրապարակի» այն դիրքորոշմանը, որ հոդվածի ժանրը և շարադրանքի ոճն արդեն իսկ ենթադրում են որոշակի քննադատություն, հոդվածի բովանդակությունը կազմված է հարցադրումներից,  դատարանն արձանագրել  է, որ հոդվածում տեղ գտած արտահայտությունները կատարվել են ոչ թե հարցադրման տեսքով, այլ  պնդումների՝ «պտտվող լուրերի հիման վրա», որոնք կատարվել են բավականաչափ հաստատական ձեւով։ Ըստ դատարանի՝ հասարակության միջին վիճակագրական անդամի մոտ կարող է ձևավորվել համոզմունք, որ նշված պնդումները հիմնված են կոնկրետ, կասկած չհարուցող փաստերի վրա: 

«Հրապարակը» նշել էր, որ  քաղաքական գործիչների, հանրային ծառայողների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ քննադատության սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր անձանց դեպքում։ Դատարանի գնահատմամբ՝  նման քննադատությունն ընդունելի կարող է համարվել, եթե այն արտահայտվել է վերջիններիս գործունեության առնչությամբ և չի գերազանցում թույլատրելի սահմանափակումները: 

Անդրադառնալով պահանջվող գումարին՝ 1 մլն դրամ փոխհատուցմանը, դատարանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել բավարար հիմնավորումներ փոխհատուցման գումարի համաչափության և ողջամտության վերաբերյալ։ Բավարարվել է միայն նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 20 հազ. դրամ և 100 հազ. դրամ փաստաբանի վարձատրության գումարը, մնացած մասով պահանջը մերժվել է։

Վճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում, այդ ժամկետում չբողոքարկվելու դեպքում իրավաբանական ուժ կստանա։

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter