Լեւոն Սահակյան. «Բոլոր ազգերի մեջ էլ կան լավ ու վատ մարդիկ»
«Ես իմ ապրած առաջին երեսունհինգ տարին երկրորդի հիմքն եմ համարում»,-ասում է 70-ամյա Լեւոն Սահակյանը։ Նա ապրում է Սյունիքի մարզի Ակներ համայնքում, բանաստեղծ է, Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի ղեկավարը։
«Առաջին երեսունհինգ տարին ինձ տվել է մտածելու կարողությունը, փնտրելու ճանապարհը, կասկածելու ճանապարհը։ Եկել, հասել եմ երկրորդ կեսին, բանից պարզվում է՝ ե՛ւ այնտեղ կային լավ բաներ ու վատ բաներ, ե՛ւ այստեղ կան լավ բաներ ու վատ բաներ, որտե՞ղ է ճշմարտությունը։ Ո՞ւր է այդ ճշմարտությունը։ Ո՞րն է այն ճշմարտությունը, որը մենք փնտրում ենք»։
Լեւոն Սահակյանը սովորել է Վերիշենի միջնակարգ դպրոցում։ Զինվորական ծառայությունն անցել է Գերմանիայի դեմոկրատական հանրապետության Գոթհա քաղաքում տեղակայված խորհրդային զորամասում։ Ասում է. «Փաստորեն, ծնվել եմ գոյություն չունեցող Սովետական Միությունում, ծառայել գոյություն չունեցող Գերմանական դեմոկրատական հանրապետությունում»։
Ծառայության տարիները հիշելիս արժեւորում է տարբեր ազգերի մտերմությունն ու բարեկամությունը. «Ադրբեջանցիներ կային, վրացիներ, ուզբեկներ, թուրքմեններ, ուկրաինացիներ, ռուսները՝ բնականաբար, ավելի շատ էին, բելառուսներ կային, տաջիկներ կային, ասորիներ կային, եզդիներ կային, համարյա բոլոր ազգությունները կային։ Եվ, գիտեք, ազգությունների այդ խառնարանում ներքին բարեկամական մթնոլորտ կար։ Առաջին պլան էր մղված մարդը, ոչ թե ազգությունը։ Ու ես հասկացա, որ չկա մի ազգ, որ բոլորը վատ լինեն, չկա մի ազգ, որ բոլորը լավ լինեն։ Ազգերի մեջ էլ կան լավեր ու վատեր»։
Բարեկամությունը, նրա կարծիքով, խորհրդային ժամանակների լավագույն ձեռքբերումն էր։ Իսկ հարցին՝ ինչու քանդվեց ԽՍՀՄ-ը ու վերացավ այդ մթնոլորտը, Լեւոն Սահակյանը պատասխանում է՝ հիշելով մեծն Թումանյանին. «Աշխարհում հաստատ մի բան կա մենակ, այն է, որ հաստատ ոչ մի բան չկա»։
«Սովետական Միության քանդումը մի ինչ-որ հրաշք բան էր, անհավատալի բան էր։ Երեւի ոչ մեկը չէր հավատում, որ հնարավոր է այդ հսկա կայսրությունը, այդ հզոր, հսկա կայսրությունը հանկարծ մի օր փլուզվի, բայց դա էլ եղավ։ Պատմական օրինաչափություն էր՝ աշխարհում տարբեր դարերում բազմաթիվ կայսրություններ են եղել, բոլորն էլ փլուզվել են։ Մնացել են մեծ մտածողների խոսքերը, գործերը եւ թույլ մարդկանց ստորություններն ու դավաճանությունները, այսօր էլ, կարծում եմ, այդպես է»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել