HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հավանություն է տվել ոսկեգործության ոլորտի հարկային բարեփոխումների նախագծին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Փոփոխությունների հիմնական նպատակը ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է։ Ակնկալվում է, որ այս կարգավորումները կձևավորեն նպաստավոր հարկային միջավայր ոսկեգործության ոլորտի զարգացման և տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման համար:

Նախագծով հստակեցվում է արտադրողների համար ԱԱՀ-ի հարկման բազայի որոշման կարգը։ Մասնավորապես, հարկվող բազա է համարվելու իրացման գնի (իսկ անհատույց կամ զեղչված գործարքների դեպքում՝ իրական արժեքի 80%-ի) և օգտագործված հումքի ձեռքբերման գնի դրական տարբերությունը։ Սահմանվել է նաև նվազագույն շեմ. հարկվող բազան չի կարող պակաս լինել, քան իրացման գնի (կամ իրական արժեքի 80%-ի) 10 տոկոսը:

Առևտրական գործունեություն իրականացնողների համար ԱԱՀ-ով հարկման բազա է սահմանվում իրացման գնի (կամ իրական արժեքի 80%-ի) և իրի ձեռքբերման գնի դրական տարբերությունը:

Միևնույն ժամանակ, պետական բյուջեից ԱԱՀ-ի գումարների անհարկի վերադարձը կանխելու նպատակով, նախագծով սահմանափակվում է առևտրականների հաշվանցման իրավունքը։ Մասնավորապես՝ ձեռքբերման հարկային հաշիվներում կամ մաքսային հայտարարագրերում նշված ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման (պակասեցման) օտարման գործարքներից հաշվարկվող հարկից:

Անդրադառնալով որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է՝ նախագիծը բարդ է, բայց ոսկերիչների համար շատ լավ նախագիծ է, որը կօգնի հարստանալ և հարստացնել, և արդյունքում կբարձրանա տեղական ոսկերչական արտադրանքի մրցունակությունը ներմուծվողի համեմատությամբ։ «Պետք է արագ ընդունենք, քանի որ տուրիստական սեզոնը հիմա ակտիվանում է և մեր ոսկերիչների վաճառքներն էականորեն մեծանան: Մենք համոզված ենք, որ այդ էֆեկտը լինելու է»,- ասել է վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter