Կվերանայվեն հարկերից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվության շեմերը
Կառավարությունը այսօրվա նիստում է հավանություն է տվել օրենսդրական փաթեթին, որով էականորեն բարձրացվում են հարկերից խուսափելու համար սահմանված քրեական պատասխանատվության շեմերը։ Սա արվում է տնտեսության աճին զուգահեռ փոքր և միջին բիզնեսին քրեական հետապնդումից զերծ պահելու համար։
Նախագծերի ընդունումը պայմանավորված է հարկերից խուսափելու հանցավոր համարվող արարքների դեպքում քրեական պատասխանատվության չափային (խոշոր և առանձնապես խոշոր) շեմերը վերանայելու, հարկային մարմնի կողմից ուժի մեջ մտած վարչական ակտով արձանագրված հանգամանքների հիմքով քրեական վարույթ նախաձեռնող մարմնին հաղորդումներ ներկայացնելու, ինչպես նաև գույքի արգելադրման քրեադատավարական ընթացակարգերը այլընտրանքային մեխանիզմ ներդնելու արդյունքում լավարկելու անհրաժեշտությամբ։
Ինչպես նշել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, փաթեթով ներկայացվում է հարկային վարչարարության ամենաառանցքային բարեփոխումներից մեկը, որը վերաբերում է հաղորդումների և քրեական գործերի պրակտիկայի էական բարելավմանը։ Ըստ նրա՝ այն մշակվել է վերջին մեկ տարվա ընթացքում պետություն-մասնավոր համապարփակ համագործակցության արդյունքում և այդ համագործակցության վառ օրինակ է։ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ բարեփոխումների նպատակը պետության՝ ի դեմս ՊԵԿ-ի, և հարկ վճարողի փոխվստահության ամրապնդումն է, հարկ վճարողների լսված լինելու հնարավորությունների ընդլայնումը, երկխոսության միջոցով հարկ վճարողների կամավոր կարգապահության բարձրացումը և հարկային հանցագործությունների դեմ առավել թիրախային պայքարը: Այն բխում է ՊԵԿ-ի տեսլականից, որ այն պետք է վերածվի հասարակությանը և հատկապես հարկ վճարողներին որակյալ ծառայություն մատուցող, կամավոր կարգապահությունը խթանող մարդակենտրոն կառույցի, որտեղ, բացի ֆիսկալ գործառույթից, խթանում են տնտեսական զարգացումը: «Ի՞նչ խնդիրներ ենք ախտորոշել այս ընթացքում: Նախ՝ մեծ հոսք կա դեպի Քննչական կոմիտե՝ հանցագործության մասով հաղորդումների, և սահմանափակ ռեսուրսի պայմաններում ոչ միշտ է հնարավոր լինում դրանք արդյունավետ իրացնել տվյալ տարվա ընթացքում: Տնտեսության մեծացմանը՝ չափերին ու աճին զուգահեռ, մեր համապատասխան շեմերը շարունակում են ցածր մնալ: ՊԵԿ գործիքակազմը սահմանափակված է, հատկապես ներկա օրենսդրությունը միշտ չէ, որ թույլ է տալիս հաղորդումները այլ գործիքակազմով իրացնելու, և քրեական վարույթների շրջանակներում որոշ դեպքերում բիզնես գործունեության որոշակի վնասներ են պատճառվում արգելադրումների միջոցով: Այս բոլոր հարցերի լուծումները տալիս ենք այս փաթեթով»,-ասել է ՊԵԿ նախագահը:
Էդուարդ Հակոբյանը նշել է, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու միջոցով Հարկային մարմինը՝ ՊԵԿ-ը տվյալ դեպքում, հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելիս ոչ թե պետք է միանգամից ձեռնամուխ լինի հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն, այլ ներքին վերլուծական գործիքներով մշակի տեղեկատվությունը և հարկ վճարողին ծանուցելով՝ փորձի հիմնավոր բացատրություններ ստանալ կատարվածի մասին: Հիմնավոր բացատրությունների բացակայության դեպքում հարկային մարմինը հնարավորություն կունենա իր մեկ այլ գործիքով, որը կոչվում է թեմատիկ ուսումնասիրություն, արձանագրելու իրավախախտումը և կազմելու համապատասխան վարչական ակտը, այնուհետև այդ վարչական ակտը ներկայացնելով հարկ վճարողին՝ Պետական եկամուտների կոմիտեն պետք է սպասի այդ ակտի վարչական բողոքարկման ընթացակարգը սպառելուն:
ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ դրանից բացառություն է լինում միայն այն դեպքը, երբ վարույթի անհապաղ նախաձեռնումն անհրաժեշտ է ապացույցների պահպանման, թվային տվյալների հայտնաբերման կամ անհետաձգելի ապացուցողական գործողությունների իրականացման նպատակով, և առկա է ողջամիտ կասկած, որ հաղորդումը կարող է հանգեցնել ապացույցների կորստի, ոչնչացման կամ թաքցման: Այս իրավիճակն էլ պետք է հավաստվի բացառապես ՊԵԿ-ի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից, որը ենթադրում է, որ ՊԵԿ-ը պետք է համապատասխան ինստիտուցիոնալ մեխանիզմներ մշակի նաև ներսում։ «Դրանով անհրաժեշտություն է առաջանում երկու փոփոխություն անել: Թեմատիկ ուսումնասիրության կարգավորումներից հանում ենք հաստատապես հայտնի գործարք լինելու փաստը, ինչպես նաև այդ ուսումնասիրությունը տարվա մեջ միայն մեկ անգամ իրականացնելու սահմանափակումը: Նշեմ, որ մինչև այս առաջարկը ներկայացնելը մենք արդեն ՊԵԿ-ում բարեփոխումներ արել ենք, ու հանցագործությունների հաղորդումները նախաձեռնելուց առաջ համապատասխան բանակցություններ են լինում, աշխատանքային խումբ է ստեղծվել, որտեղ ֆիլտրվում են այդ հաղորդումները, և դրա արդյունքում որակը էապես բարելավվում է: Արդյունքում, նախնական հաշվարկներով՝ հաղորդումների առնվազն կեսն անցնելու է վարչական գործընթացով, և հարկ վճարողը իրավունք է ունենալու այդ ամբողջ ընթացքում իր արգումենտները ներկայացնել, քննարկել, բանակցել, բողոքարկել, մինչև դա կվերածվի հաղորդման կամ չի վերածվի»,-ասել է Էդուարդ Հակոբյանը:
Մյուս փոփոխությունը, ըստ ՊԵԿ նախագահի, շեմն է. «2022 թ.-ից այս կողմ բավական բարձր տեմպերով, և բացի դրանից էլ, երբ որ ախտորոշում ենք մեր հաղորդումները, տեսնում ենք, որ մինչև 30, 40 մլն գործերն են բավական շատ լինում, և հարյուրից բարձրը: Թիրախավորել ենք հենց այս ներքևի շեմը, որպեսզի հնարավորություն տանք սահմանափակ ռեսուրսները օգտագործելու առավել թիրախային: Երկու շեմ գոյություն ունի. խոշոր՝ 10 մլն, և առանձնապես խոշոր՝ 20 մլն: Խոշորի դեպքում առաջարկում ենք եռապատկում, այսինքն՝ 10 մլն-ից 30 մլն-ի է առաջարկվում բարձրացնել, իսկ իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում՝ 45 մլն, առանձնապես խոշորի դեպքում՝ մեկ տարվա համար 50 մլն, իրար հաջորդող 3 հարկային տարիների ընթացքում՝ 75 մլն: Արդյունքում տեղի է ունենալու առնվազն 600 գործի ապաքրեականացում: Դա կարող է տեղի ունենալ երկու ճանապարհով՝ հարկ վճարողի համաձայնությամբ, իսկ այդ գործը նախաձեռնված չլինելու դեպքում չի նախաձեռնվի։ Իհարկե, այս գործերը հետագայում կդառնան վարչական նշածս պրոցեսում ուսումնասիրության առարկա, իսկ առանձնապես խոշորի դեպքում արդեն ծանրից կդառնա միջին ծանրության, երբ որ շեմերը բարձրանան»։
Երրորդ փոփոխությունը Քրեական դատավարության օրենսգրքում է նախատեսվում։ Քրեական վարույթի ընթացքում գույքի արգելադրման գործիքակազմի կիրառումը երբեմն խնդիրներ է առաջացնում, և տնտեսվարող սուբյեկտի գույքի վրա կիրառված արգելանքը խոչընդոտում կամ խաթարում է վերջինիս գործունեությունը, որի հետևանքով տնտեսվարող սուբյեկտի համար առաջանում են էական գույքային ծախսեր: Այս նպատակով անհրաժեշտություն է առաջանում նոր մեխանիզմներ ներդնել, մասնավորապես՝ վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ քննիչի կամ դատարանի որոշմամբ արգելադրված գույքը արգելանքից հանելու հնարավորություն, եթե գույքի սեփականատերը կամ տիրապետողը ներկայացնում է այդ գույքին համարժեք բանկային երաշխիք: «Բացի դրանից՝ մեր քննարկումերի ընթացքում մենք նաև անդրադարձել ենք արժեթղթեր գրավադրելու հնարավորությանը և, ուսումնասիրելով օրենսգրքերը, հանգել ենք մի եզրակացության. արժեթուղթ, պարտատոմս, բաժնետոմս, այսինքն՝ հարկ վճարողը, կարող է նաև պարտատոմսեր, արժեթղթեր գրավադրել, որը հնարավորություն կտա իր եկամուտը չկորցնել, միաժամանակ քրեական պրոցեսները կազմակերպվեն»,- նշել է Էդուարդ Հակոբյանը:
Վարչապետը կարևորել է օրինագծերի ընդունումը և անդրադարձել այն ազդակներին, որոնց համաձայն՝ Կառավարությունը հարկային տեռոր է սկսել բիզնեսի նկատմամբ. «Մեր արձագանքը՝ մենք ոչ միայն տեռոր անելու ցանկություն չունենք, այլև ընդհակառակը, տնտեսությունը քաջալերելուն ուղղված տասնյակ միլիարդներ ենք ծախսում։ Այսօր ընկերություն չկա, որ մեր աջակցությամբ մի հատ մեքենա, սարքավորում գնած չլինի, արտոնյալ վարկ վերցրած չլինի։ Բայց մյուս կողմից մեր սկզբունքը շատ հստակ է՝ բիզնեսից մենք ակնկալում ենք հարկային պարտաճանաչություն և ակնկալում ենք, որ իրենք իրենց հարկերը վճարեն։ Մենք չենք ակնկալում՝ ոչ մի լումա ավելի և ոչ մի լումա պակաս»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնության փաթեթը Ջերմուկում կայացած գործարար աշխատաժողի արդյունքն է. «Երբ մենք արդեն գործնականում փորձեցինք հասկանալ տպավորությունների պատճառն ինչ է, տեսանք, որ մեր օրենսդրության մեջ կան կարգավորումներ, որ ՊԵԿ-ը շատ դեպքերում գործում է ինքնաշխատ եղանակով։ Այսինքն՝ օրենքով եկավ շեմը հատեց, ինքն իր գործողությունը պետք է անի, հակառակ դեպքում պաշտոնյաները կարող են մեղադրվել իրենց գործառույթները չիրականացնելու մեջ։ Այդ քննարկումներին ներկա էր նաև Քննչական կոմիտեի նախագահը։ Եվ մենք ընդհանուր առմամբ եկանք այս ըմբռնմանը և հիմա իրականացնում ենք դա»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել