HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

135 մլն եվրո՝ Հայաստանի էներգետիկ դիմակայունությունը բարձրացնելու համար

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ Կառավարության ներկայացուցիչների, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կլաուդիա Բուշի, ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ) ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների մասնակցությամբ, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՎՎԲ տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոն մարտի 19-ին ստորագրեցին 135 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը՝ ուղղված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ֆինանսավորմանը։

Վարկային համաձայնագրով ՎՎԲ-ի կողմից տրամադրվում է 120 մլն եվրո արժողությամբ վարկ՝ ԳԴՀ կառավարության կողմից ռիսկերի ապահովագրությամբ, իսկ ԵՄ Հարևանության ներդրումային հարթակի միջոցով տրամադրվելու է 15 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհ։ Այս նոր հանձնառությունները փոխլրացնում են ԳԴՀ կառավարության և Եվրոպական Հանձնաժողովի կողմից նախկինում տրամադրված դրամաշնորհային և վարկային միջոցները՝ ընդհանուր աջակցությունը հասցնելով 313.2 մլն եվրոյի: Եվրոպական ներդրումային բանկը ևս համաֆինանսավորում է ծրագիրը՝ ներկայումս 10 մլն եվրոյի չափով:

Համաձայնագրերի նշանակության վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարը նշել է.

«Վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի այսօրվա ստորագրումը կարևորագույն փուլ է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի ծրագրի իրականացման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության ամրապնդման գործում։ Այս ծրագիրը նպաստելու է տարածաշրջանում ավելի հուսալի, արդյունավետ և փոխկապակցված էներգետիկ համակարգի ստեղծմանը՝ ընդլայնելով սահմանային էլեկտրաէներգիայի փոխանակումը և բարելավելով էներգետիկ անվտանգությունը։ Մենք բարձր ենք գնահատում ՎՎԲ-ի, Գերմանիայի կառավարության և Եվրոպական Միության հետ այս համագործակցությունը և վստահ ենք, որ այս ծրագրի հաջող իրականացումը կամրապնդի տարածաշրջանային կապը և կնպաստի Հարավային Կովկասի կայուն զարգացմանը»։

Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ամրապնդմանն ուղղված հատկացված ռեսուրսները կընդլայնեն վերականգնվող էներգիայի արտադրությունը ամբողջ երկրում և կամրապնդեն Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի տարածաշրջանային ինտեգրումը «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ի միջոցով: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հարավային Կովկասում ապահովել հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային էներգիայի փոխանակում: Ավելին, Հայաստանը կստանա մուտք դեպի եվրոպական էլեկտրացանց:

«Մեր երկկողմ համագործակցության հիմնական հենասյուներից մեկը Հայաստանի տարածաշրջանային ինտեգրման և էներգետիկ ոլորտի զարգացման աջակցությունն է։ Մենք ցանկանում ենք նպաստել դրա դիմադրողականությանը, արդյունավետությանը և կայունությանը՝ բարձրացնելով ցանցի կայունությունը և զարգացնելով վերականգնվող էներգիան։ Ինչպես Կանցլեր Մերցը, այնպես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ համագործակցությունը ներառել են Գերմանիայի և Հայաստանի միջև ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրում, որը նրանք ստորագրել են անցյալ տարվա դեկտեմբերին», - նշել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը։

«Այս ներդրումներով մենք մեր խոսքը գործի ենք վերածում և ապացուցում Հայաստանին, որ լուրջ ենք վերաբերվում նրա էներգետիկ կայունության ապահովմանը։ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ը առաջնահերթ ներդրում է, որը խթանում է էլեկտրաէներգետիկ շուկայի տարածաշրջանային ինտեգրումը՝ միաժամանակ ամրապնդելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը: Այս կապերը միայն ենթակառուցվածքներ չեն. դրանք ուղի են դեպի ավելի մեծ վերականգնվող էներգիայի լուծումներ և հարևան երկրների հետ բազմազան գործընկերություններ», - նշել է ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը։

Լուսանկարը՝ Ֆինանսների նախարարության կայքից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter