HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հողային ռեսուրսին պատճառվել է 157 մլն դրամի վնաս. Բյուրեղավան համայնքի ղեկավարի գործը դատարանում է

Հակոբ Բալասյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունների չարաշահման և հողերի փչացման համար, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի բնապահպանական վնասի։ Նախաքննությունն ավարտվել է, և Կոտայքի մարզի դատախազությունը գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան։

Ըստ քննության տվյալների՝ Հակոբ Բալասյանը, 2008 թվականից մինչ օրս զբաղեցնելով Բյուրեղավան համայնքի ղեկավարի պաշտոնը, պատշաճ չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտականությունները։ Աղբահանությունն օրինական ճանապարհով կազմակերպելու՝ մասնագիտացված կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելու և աղբը հեռացնելու փոխարեն`  նա ընտրել է այլ տարբերակը։

Հ. Բալասյանը թույլատրել է «Կանաչապատում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցներին կենցաղային աղբը թափել բնակելի տներին հարակից՝ բնակավայրերի, ընդերքօգտագործման և արդյունաբերական նշանակության համայնքապատկան տարածքներում։ Այլ կերպ ասած՝ չնախատեսված վայրերում ստեղծվել են ապօրինի աղբավայրեր։ Այդ եղանակով աղբով է պատվել և փչացվել շուրջ 2.6 հա մակերեսով հողատարածք։

Մեղադրանքի համաձայն՝ ոչ օրինական գործողությունները շարունակվել են գրեթե 16 տարի՝ 2008թ.-ից մինչև 2024թ.։  Նշված ժամանակահատվածում անտեսվել են բնակչության անվտանգության, բնության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման պահանջները, հողամասերը չեն օգտագործվել ըստ նպատակային նշանակության և այնպիսի եղանակով, որը կբացառեր հողի փչացումը։

Բացի այդ, աղբանահությունը դրա համար նախատեսված վայրերում չիրականացնելու պատճառով վնաս էր պատճառվել համայնքի և պետության օրինական շահերին։

Նախաքննական տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարի գործողությունները կրել են դիտավորյալ բնույթ՝ նպատակ ունենալով ստեղծել աղբահանության պատշաճ կատարման պատրանք և խուսափել լրացուցիչ ծախսերից, միևնույն ժամանակ հավաքել աղբահանության վճար։

Բացի 157 մլն դրամ նյութական վնասը, չեն ապահովվել բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ, խաթարվել է էկոլոգիական միջավայրը և հեղինակազրկվել տեղական ինքնակառավարման մարմինը։

Հակոբ Բալասյանի նկատմամբ ընտրվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը, իսկ գործը 2026թ. մարտի 19-ին մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter