Այգեձորցիները հիասթափված են մասնակցային բյուջետավորման գործընթացից․ փոքր բնակավայրերը հաղթելու հնարավորություն չունեն
Բերդի համայնքապետարանն այս տարի առաջին անգամ է մասնակցային բյուջետավորման գործընթաց նախաձեռնում և համայնքի մի քանի բնակավայրեր բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել։ Համայնքի կազմում ընդգրկված 18 բնակավայրերից 7–ը ծրագրային հայտեր են ներկայացրել, ընդ որում՝ երկուական։ Ծրագիրը համակարգող համայնքային հանձնաժողովը փետրվարի 20–ին ամփոփել է «Մասնակցային բյուջետավորում 2026թ.» ծրագրային հայտերի համար բնակիչների քվեարկության արդյունքները:
Ներկայացված 13 առաջարկներից, սահմանված չափորոշիչներով, անցողիկ շեմը հաղթահարել է 4 հայտ։ Դրանցից հաղթող է ճանաչվել Բերդ քաղաքի բնակիչների ներկայացրած «Քաղաքային հրապարակի կառուցում» հայտը, որի օգտին քվեարկել է 1270 բնակիչ։ Բնակիչներն առաջարկում են Բերդ քաղաքում կառուցել քաղաքաշինական ժամանակակից լուծումներով կենտրոնական հրապարակ, որը կներառի քայլուղիներ, կանաչապատ տարածքներ, մինչև 12 տարեկան երեխաների համար նախատեսված խաղասարքեր, ժամանակակից լուսավորության և ոռոգման համակարգեր, կկառուցվի շատրվան և ցայտաղբյուր: Նախատեսվում է կենտրոնական մասում տեղադրել Բերդ համայնքը խորհրդանշող հուշակոթող:
Երկրորդ տեղում Այգեձոր գյուղի բնակիչների ներկայացրած՝ «Կինոյի շենքի վերանորոգում և մշակութային-ժամանցային կենտրոնի ստեղծում» հայտն է, որի համար քվեարկել է 1064 մարդ։ «Առաջարկվող՝ կինոյի շենքի վերանորոգումը համայնքի համար ունի ոչ միայն ժամանցային, այլև մշակութային և կրթական նշանակություն՝ դառնալով երիտասարդների և համայնքային կյանքի ակտիվացման կենտրոն»,– հայտն այսպես են հիմնավորել նախաձեռնողները։
Մասնակցային բյուջետավորման ծրագիրն իրականացնելու համար Բերդ համայնքին պետական բյուջեից այս տարի 38 մլն 250 հազար դրամ սուբվենցիա է հատկացվել, ևս 10 մլն դրամով համաֆինանսավորվելու է համայնքային բյուջեից։ Հանձնաժողովն ընդհանուր 48 մլն դրամը բավարար է համարել հաստատված ծրագիրն իրականացնելու համար։ Նախագծային աշխատանքները կկազմեն 2 մլն դրամ, բուն շինարարական աշխատանքները՝ 46 մլն դրամ:
Առավելագույն ձայներ հավաքած հաջորդ երկու ծրագրերը ներկայացվել են Չինչին և Նորաշեն գյուղերից։ Այս ծրագրերը 500–ից քիչ ավելի ձայն են հավաքել և, բնականաբար, մրցակցել չէին կարող, քանի որ այս գյուղերն ավելի քիչ բնակիչներ ունեն։ Հայտերի համար քվեարկելու իրավունք ունեն համայնքի 16 տարին լրացած բնակիչները։
Այգեձոր գյուղի նախաձեռնող խումբը անարդար է համարում, որ մասնակցային բյուջետավորման ծրագրային հայտերի հաղթելու հիմնական չափորոշիչ է համարվում ամենաշատ ձայներ հավաքելը։ Այդ դեպքում, բնական է, որ 2000 բնակիչ ունեցող Այգեձորի հայտը չէր կարող մրցակցել 7000 բնակիչ ունեցող Բերդի հետ։
Նախաձեռնությունն իրականացրած այգեձորցի երիտասարդները մարտի 3–ին բողոք են ներկայացրել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին։ Մարզպետին տեղեկացրել են այգեձորցիների մեծ հիասթափության և գործընթացի նկատմամբ վստահության կորստի մասին։ «Այս մոտեցումը չի ապահովում համաչափ մրցակցային պայմաններ։ Մեր թիմով հավատացինք գործընթացին և հավատացրինք մեր համագյուղացիներին, որ համայնքին տրվել է իրական հնարավորություն։ Ստացվում է, որ ոչ միայն մենք խաբվեցինք, այլև ակամայից հիասթափեցրինք 1060 մարդու»,– հայտնել են նրանք։
Նախաձեռնության հեղինակները մարզպետին փոխանցել են, որ ներկայացված հայտի համար 1060 ձայն հավաքելը համառ, կազմակերպված և ազնիվ աշխատանքի արդյունք է եղել։ «Գյուղով մեկ շրջեցինք, դուռ առ դուռ աշխատեցինք, ներգրավեցինք անգամ Սփյուռքում բնակվող մեր համագյուղացիներին, սակայն ստեղծված իրավիճակը խոր հիասթափություն է առաջացրել։
«Եթե հաղթող է ճանաչվում առավելագույն ձայներ հավաքած նախագիծը, ապա անհասկանալի է սահմանված տոկոսային շեմերի իմաստը, հատկապես երբ կան 100–200 բնակիչ ունեցող գյուղեր»,– հայտնել են մարզպետին։ Նրանք ակնկալում են հարցի արդարացի և հավասարակշռված լուծում՝ փոքր բնակավայրերում մասնակցային կառավարման նկատմամբ վստահությունն ու արդարությունը վերականգնելու համար։
Այգեձոր գյուղի բնակիչները միակը չեն, որ հիասթափություն են ունեցել այս գործընթացից։ Վերջերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Ֆինանսների նախարարությունների աշխատակիցները ներկայացրին կառավարության որոշման մեջ կատարված փոփոխությունները։ Բանախոսները հայտնեցին, որ փոփոխությունների համար հիմք են ծառայել մեծ և փոքր բնակավայրերի միջև անհավասար մրցակցության մասին բնակիչների բողոքները։
Որոշվել է՝
- մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրերից ներկայացված հայտերի համար հաղթահարելու շեմը պահպանել քվեարկելու իրավունք ունեցող բնակիչների 1%-ի քվեարկությունը։
- 5000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերից ներկայացված հայտերի համար պարտադիր է 2%-ը հաղթահարելու շեմը։
- Նախկինում, համայնքի բնակիչները եթե կարող էին միաժամանակ քվեարկել երեք առաջարկի համար, այժմ կարող են քվեարկել երեք տարբեր բնակավայրերից ներկայացված հայտերի համար։
ՏԿԵՆ-ի կատարած այս փոփոխությունները, ինչպես տեսնում ենք, դարձյալ չեն նպաստել փոքր բնակավայրերի ներկայացրած հայտերի մրցունակությունը բարձրացնելուն։ Բնակչության թվաքանակի միջև եղած մեծ տարբերությունը հավանական չի դարձնում փոքր բնակավայրերի հաղթելու հնարավորությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել