Քաղաքապետը ներկա է եղել Կենտրոնի փոքրիկների առաջին բաց դասին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մանկական երկաթուղու զբոսայգում Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ կազմակերպված «Առաջին դաս» խորագրով տոնական միջոցառմանը: Կազմակերպիչները հոգացել էին, որ վարչական շրջանի բոլոր առաջին դասարանցիների համար ուսումնական առաջին օրվա երեկոն անցնի յուրօրինակ միջավայրում:
Նկարչության փոքրիկ սիրահարներին տրամադրվել էին մոլբերտներ, որոնց վրա նրանցից յուրաքանչյուրը պատկերում էր իր ներաշխարհը: Բազմաթիվ խաղացող ու պարող երեխաների մեջ աչքի էին ընկնում նաև ակվագրիմով փոքրիկները: Հեքիաթների և մուլտֆիլմերի սիրված հերոսների մասնակցությամբ կազմակերպված ուրախ և անակնկալներով լի միջոցառման շրջանակում փոքրիկներին իրենց կատարումներով ողջունել են նաև մանկական համույթների տաղանդաշատ երեխաները:
Փոքրիկների տոնը լիարժեք դարձնելու նպատակով, կազմակերպիչների նախաձեռնությամբ զբոսայգու բոլոր խաղային ատրակցիոններից օգտվելն անվճար էր ողջ երեկոյի ընթացքում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջել է զբոսայգում, զրուցել երեխաների և նրանց ծնողների հետ, ծանոթացել նրանց աշխատանքներին: Օգտվելով առիթից, քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհավորել է փոքրիկներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել