HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեզոարյան այծի ապօրինի որսի գործով նախաքննությունն ավարտվել է. վնասը վերականգնվել է

Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչությունն ավարտել է Կարմիր գրքում գրանցված կենդանու ապօրինի որսի դեպքի նախաքննությունը: Պետությանը պատճառված 3 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն.Դ.-ն իր ընկերների՝ Ա.Զ.-ի և Գ.Զ.-ի հետ միասին, քարակաքավ որսալու նպատակով՝ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին իր ավտոմեքենայով գնացել է Վայոց ձորի մարզի Մոզրով բնակավայրի «Ջաֆարի ձոր» անվամբ հայտնի տարածք, որտեղ իր կողմից ապօրինի ձեռք բերված որսորդական ակոսափող հրազենով ապօրինի որսացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2025 թվականի օգոստոսի 20-ի հրամանով սահմանված հավելվածի ցանկի մեջ չներառված, Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 3 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

Այնուհետև, Գ.Զ.-ն և Ա.Զ.-ն գնալով որսված կենդանու ուղղությամբ՝ հայտնաբերել են այն և տեղափոխել ձորամիջյան առվակի ափ, որտեղ իրար օգնելով մորթել են, դրել պոլիէթիլենային տոպրակներում, տեղափոխել ու տեղավորել են ավտոմեքենայի մեջ և շարժվել դեպի Եղեգնաձոր քաղաքի ուղղությամբ, սակայն վերադառնալու ճանապարհին նկատելով ավտոմեքենա և կասկածելով, որ դրանում հնարավոր է լինեն ոստիկանության ծառայողներ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով՝ հանցագործության գործիք հանդիսացած հրազենը և տոպրակները դուրս են հանել ավտոմեքենայից ու նետել աննկատ վայր:

Ն.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ապօրինի որսը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), Գ.Զ.-ի և Ա.Զ.-ի նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը):

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը վերականգնվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում :

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter