HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն

Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն։

«Խոսքն արտաքին տնտեսական գործունեության կենտրոն ստեղծելու մասին է: Ներկայում մաքսային գործառույթները կատարվում են որոշակի տարանջատման սկզբունքով՝ հայտարարագրումները, ձեւակերպումներն ու փաստաթղթային հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը, իսկ փաստացի զննումներն իրականացվում են առանձին տերմինալներում: Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա մեկ համակարգում մեկտեղել ոչ միայն մաքսային, այլեւ բոլոր մարմինները, որոնց գործառույթները կապված են ապրանքների արտահանման եւ ներմուծման հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական անձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 19-ին: Հայաստանին կտրամադրվեն 39 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ, ինչպես նաեւ 6 մլն եվրոյի չափով դրամաշնորհ՝ Եվրամիությունից: Կլինի նաեւ համաֆինանսավորում ՀՀ Կառավարության կողմից: Վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է, տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա Euribor + 1 տոկոս մարժա: Մայր գումարի մարումները սկսվելու են 4 տարի անց:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը:

Զեկուցողը նշել է, որ ծրագրի իրականացման պայմաններում կկառուցվեն բավականին մեծ պահեստային զննման եւ բեռնաթափման մասնաշենք՝ մոտ 9000 քմ տարածքով, ավտոկայանատեղի՝ 408 ավտոմեքենային համար, երկհարկանի լաբորատորիա, ճառագայթային զննման սարքի հարթակ, կարգո եւ հավաքական բեռների զննման մասնաշենք ու նմանատիպ այլ շինություններ:

Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա ԱՏԳ մասնակիցներին մատուցել բարձրակարգ ծառայություններ եւ ապահովել մաքսային հսկողության համար անհրաժեշտ արդյունավետություն:

Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ ԱՏԳ կենտրոնը տեղակայվելու է ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում՝ մոտ Հյուսիս-հարավ ավտոմայրուղուն: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարվա երկրորդ կեսին:

Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կարեւորել է Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի ստեղծումը՝ նշելով, որ այն հնարավորություն կընձեռի ավելացնելու հոսքերը Հայաստանի տարածքով: Նա նշել է, որ կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա տնտեսավարողներին ծառայություններ մատուցել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Առաջարկվել է այն ներառել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:

Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ մարտի 23-ի արտահերթ նիստում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter