PAM Family-ն ուշացնում է պատվերները եւ հրաժարվում փոխհատուցումից. մարդիկ չեն կարողանում ստանալ առաքանիները
Պատկերացրեք՝ Չինաստանից ապրանք եք պատվիրում, բեռնափոխադրող ընկերությունը խոստանում է շատ արագ և մատչելի գնով այն հասցնել, սակայն դուք այդպես էլ խոստացված ժամկետում առաքանին չեք ստանում կամ առհասարակ չեք ստանում։ Ի՞նչ կանեիք այդ դեպքում. գուցե փորձեիք պարզաբանում ստանալ ընկերությունից, իսկ եթե դա էլ չօգներ, կդիմեի՞ք դատարան։
Աննա Պալաքյանը 8 ամիս առաջ Չինաստանից մոտ 1000 դոլար արժողությամբ ավտոպահեստամասեր է պատվիրել «ՊԱՄ ընտանիք» (PAM Family) ՍՊԸ-ի միջոցով, սակայն մինչ օրս իր առաքանին չի ստացել։
«ՊԱՄ ընտանիք» ՍՊԸ-ն բեռնափոխադրող ընկերություն է, օդային, ծովային և ցամաքային ճանապարհով առաքումներ է իրականացնում Չինաստանից։ Օդային և ծովային առաքումներ նաև Դուբայից են արվում։
«Անընդհատ ասում էին՝ մի ամսից կհասնի, սենց երկարեց պատվերի գալը, ամեն անգամ գնում էինք իրենց մոտ, ասում էին, որ պատվերը չկա։ Նայեցի իրենց էջերը, փաստորեն, էդպիսի բազմաթիվ խնդիրներ են ունեցել, մարդիկ բողոքել են, որ պատվերը չի գալիս։
Գնացինք իրենց գրասենյակ, մենեջերի հետ խոսեցի, ասեցի, որ եթե այսպես շարունակվի, կդիմեմ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին։ Ասեցի նաև, որ այդքան խնդիրներ կան ձեր մոտ ու մարդիկ դրա մասին բարձրաձայնել էին, ինքն էլ անկապ պատճառաբանություն բերեց, թե էդ մարդիկ, որոնք վատ մեկնաբանություններ են գրել, հակառակորդ կազմակերպությունների կողմից վճարվել են»,- պատմում է նա։
Աննան պահանջել է հստակ ժամկետ նշել, թե երբ կկարողանա առաքանին վերցնել։ Մենեջերն ասել է, որ իրենց ամբողջ բեռը Ռուսաստանի սահմանին է, այնտեղ բռնագրավել են։ Երբ Աննան հայտնել է, որ տեսչական մարմնին կդիմի, ընկերության մենեջերը խնդրել է մեկ ամիս ժամանակ տալ, եթե մի ամսից չգա պատվերը, գումարը կվերադարձնեն։ Սակայն, մինչ այս պահը ընկերության աշխատակիցները շարունակում են ինչ-որ պատճառաբանություններով հետաձգել գումարի վերադարձը։
Նմանատիպ իրավիճակում է նաև Տիգրան Մեծպագյանը, ով Չինաստանից 4 առաքանի էր պատվիրել «ՊԱՄ ընտանիք» ընկերության միջոցով, որը պետք է ստանար 2025թ. սեպտեմբերի 6-ին։ Տիգրանն իր պատվերը մինչ օրս չի ստացել։
«Պատասխանատվություն կրել չեն ուզում, ինչ սուտ ասես՝ ասում են, հիմա էլ հեռախոսն անհասանելի է»,- ասում է նա։
Տիգրանը ընկերության կայքում նշել էր՝ իր առաքանին ցանկանում է ստանալ օդային ճանապարհով, որի շնորհիվ այն ավելի արագ պետք է հասներ, սակայն 20 օր անց բեռնափոխադրող ընկերությունից հայտնել են, թե շփոթել են և առաքանին ցամաքային ճանապարհով են ուղարկել։ Այդ դեպքում, ըստ «ՊԱՄ ընտանիք» ընկերության կայքում նշված տեղեկատվության, 7-15 աշխատանքային օրվա փոխարեն առաքանին պետք է հասներ 30-35 աշխատանքային օրվա ընթացքում։
Տիգրանն ասում է՝ մոտ 350 դոլար արժեին պատվերները, ամենաթանկն իր մեքենայի համար նախատեսված հայելիներն էին։ Բեռնափոխադրող ընկերության կայքում դեռ նշվում է, որ պատվերները ճանապարհին են։
«ՊԱՄ ընտանիք» ընկերության սոցիալական հարթակները ողողված են մարդկանց դժգոհություններով։ Հարյուրավոր քաղաքացիներ նշում են՝ պատվերների ստացման ժամկետները վաղուց անցել են, բայց ոչ առաքանին են ստանում, ոչ էլ հստակ տեղեկություն, քանի որ զանգերին չեն պատասխանում։
«ՊԱՄ ընտանիք»-ի մասին երբեմն նաև «դրական» կարծիքներ են հանդիպում, որոնց տակ այսպիսի մեկնաբանություններ կան. «Բոց կլիներ ձեր բիզնեսի մասին ուրիշ բան գրեիք»։
Պարզվում է՝ իրոք այդպես է։ Քրիստինե Մանուկյանը ընկերության սեփականատեր Հովհաննես Պետրոսյանի հետ բնակության նույն հասցեում է գրանցված։
Դատական գործեր «ՊԱՄ ընտանիք»-ի դեմ. ընկերությունը խուսափում է պատասխանատվությունից
«Դատալեքսում» «ՊԱՄ ընտանիք» ՍՊԸ-ի վերաբերյալ 3 գործ կա։ Դրանցից երկուսը գումարի բռնագանձման պահանջի մասին են։
Օրինակ՝ հայցվոր Հեղինե Սուքիասյանը դատարանին հայտնել է, որ Չինաստանի Pinduoduo օնլայն խանութից գնել է փոշեկուլ 86 203 դրամով և բեռնափոխադրման ծառայություններից օգտվելու նպատակով դիմել է «ՊԱՄ ընտանիք» ընկերությանը։ Իր պատվերը ընկերության Չինաստանի պահեստ մուտք է գործել 2024թ. օգոստոսի 23-ին, ապրանքը Հայաստան է հասել և պատրաստ է եղել հանձնման դեկտեմբերի 10-ին, սակայն այդպես էլ չի ստացել:
Հեղինեն մինչև դատարան դիմելը բազմիցս փորձել է կապ հաստատել «ՊԱՄ ընտանիք» ընկերության հետ տարբեր միջոցներով՝ հեռախոսազանգերի, այցելությունների, նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջին ուղարկված հաղորդագրությունների, ինչպես նաև էլեկտրոնային փոստի միջոցով։
Հունվարի 15-ից հետո անձամբ այցելել է ընկերության գրասենյակ և պահանջել բացատրություն, թե ինչու կապ չեն հաստատում իր հետ, և որտեղ է այն ապրանքը, որը պետք է հանձնեին իրեն: Ասել են՝ խնդրի պատճառները պարզելուց հետո կապ կհաստատեն իր հետ, սակայն կապ չեն հաստատել:
Այս վերաբերմունքը ձգվել է ամիսներ, թե՛ զանգերին, թե՛ այցելություններին ի պատասխան՝ մշտապես տրվել են շրջանցող և խուսափողական պատասխաններ: Հեղինեին ասել են՝ ապրանքը մոտ ժամանակում կտրամադրվի կամ հնարավոր է գտնվի հաջորդ բեռնաքանակում, և պարզաբանումներից հետո կապ կհաստատեն, ինչպես նաև հավաստիացրել են, թե բացվել է փոխհատուցման հայտ, և գումարը պետք է վերադարձվի, սակայն պարտավորության կատարման ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկվել:
Հարցը լուծելու նպատակով Հեղինեն դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որտեղից տեղեկացրել են, որ տվյալ ընկերության վերաբերյալ արդեն ստացվել են մի քանի բողոքներ, և ընկերությունը մեկ անգամ արդեն ենթարկվել է պատասխանատվության:
Հեղինեն ստիպված է եղել Հայաստանից ավելի բարձր գնով՝ 233 697 դրամով գնել փոշեկուլը, և պահանջել է նաև այդ գումարը։
Պատասխանողը հայցադիմումին նույնիսկ պատասխան չի ներկայացրել, սակայն Երևանի քաղաքացիական դատարանը Հեղինե Սուքիասյանի հայցը մերժել է։
Դատարանը փաստել է, որ հայցվորը չի ապացուցել գործի լուծման համար նշանակություն ունեցող՝ Հեղինե Աշոտի Սուքիասյանի և «ՊԱՄ ընտանիք» ՍՊ ընկերության միջև պայմանագրային հարաբերություններ առկա լինելու փաստը, հետևաբար՝ վիճելի է այդ փաստը, որի բացասական հետևանքները կրում է հայցվորը:
Նմանատիպ մեկ այլ դատական հայց էլ ներկայացվել է «ՊԱՄ ընտանիք» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Պետրոսյանի դեմ։ Այս անգամ հայցվոր Արմինե Բաբախանյանը պնդել է, թե Հայաստան հասած առաքանիները ստանալու համար երկու անգամ լիցքավորել է ընկերության կայքում իր հաշիվը։ Առաջին անգամ ընկերությանը փոխանցել է 15 000 դրամ, կայքում լիցքավորվել է էջի բալանսը՝ 15 000 դրամով: Երեկոյան փորձել է լիցքավորել իր էջի բալանսը ևս 5 200 դրամով, որպեսզի ստանա արդեն Հայաստան հասած ևս մեկ ապրանք, սակայն գումարը չի երևացել բալանսի վրա։
Արմինեն զանգել է ընկերության հեռախոսահամարով և ներկայացրել ստեղծված իրավիճակը, բանկից իրեն տրված քաղվածքը, որով վերջինիս պնդմամբ ապացուցվել են իր երկու փոխանցումները։ Խնդրել է վերադարձնել իր փոխանցած 5 200 դրամը, քանի որ այն չի արտացոլվել էջի բալանսին: Ընկերության աշխատակիցները սկզբում խոստացել ենլ, որ շատ արագ կանդրադառնան տվյալ իրավիճակին և կփոխանցեն իր գումարը, սակայն ավելի ուշ չեն պատասխանել հեռախոսազանգերին և հետագայում էլ, երբ Արմինեն գրել է իրենց ֆեյսբուքյան էջին, խուսափել են ինչ-որ բան ասել։
Արմինե Բաբախանյանը դատական կարգով փորձել է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 5 200 դրամ՝ որպես ընկերությանը վճարված գումար։
Պատասխանողն այս դեպքում ևս որևէ դիրքորոշում չի հայտնել։
Այս դեպքում ևս դատարանը մերժել է հայցը՝ պատճառաբանելով, որ գործում առկա ապացույցներով չեն հաստատվում Արմինե Բաբախանյանի և «ՊԱՄ ընտանիք» ՍՊԸ-ի միջև պարտավորական հարաբերությունների առկայության, ինչպես նաև հայցվորի կողմից պատասխանողին 5000 դրամի չափով գումար փոխանցած լինելու և այն «ՊԱՄ ընտանիք» ՍՊԸ-ի կողմից ստացված լինելու փաստերը։
«ԱՐ-ՄՈԲԻԼ» ընկերության հայցը բավարարվել է
Երրորդ հայցը ևս «ՊԱՄ ընտանիք» ՍՊԸ-ի դեմ է, սակայն այս անգամ «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ի կողմից։ Պատասխանողը կրկին դիրքորոշում չի հայտնել։
2023թ. մայիսին կողմերի միջև կնքվել է ահազանգման համակարգի միջոցով պահպանության ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագիր, որով «ԱՐ-Մոբիլ» ընկերությունը պարտավորվել է իրականացնել գրասենյակի պահպանության ծառայությունը:
Ծառայությունների մատուցման համար պատվիրատուն պետք է կատարողին ամսական 40 000 դրամ վճարեր` գումարած ԱԱՀ: Յուրաքանչյուր ամսվա վճարումը պատվիրատուն պետք է կատարեր մինչև տվյալ ամսվա 10-ը։ Ծառայությունների մատուցումը դադարեցվել է 2023թ. դեկտեմբերին։ Հայցվորը պատասխանողին բազմիցս հիշեցրել է ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու անհրաժեշտության մասին, ինչը, սակայն, պատասխանողը չի կատարել` ամեն անգամ խնդրելով իրեն ժամանակ տրամադրել:
Դատարանը բավարարել է հայցը և հօգուտ «Ար-Մոբիլ»-ի պահանջել բռնագանձել 375 761 դրամ։
Թե՛ ընկերության, թե՛ընկերության սեփականատիրոջ անունով բազմաթիվ արգելանքներ են եղել
Ընկերության 100% բաժնեմասերը պատկանում են 27-ամյա Հովհաննես Պետրոսյանին։ Ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերությունը հիմնադրվել է 2020թ. օգոստոսի 5-ին։ 2022թ.-ից մինչև 2025թ. օգոստոսը ընկերության վրա տարբեր արգելանքներ են դրվել։ Ընկերության սեփականատիրոջ՝ Հովհաննես Պետրոսյանի անունով ևս գույքի տնօրինման վերաբերյալ արգելանքներ կան։
Գրավոր հարցմամբ դիմել ենք «ՊԱՄ ընտանիք» ընկերությանը՝ պարզելու՝ ինչու են ուշանում պատվերները, և արդյոք կա գումարի վերադարձի մեխանիզմ, եթե քաղաքացին այդպես էլ չի ստանում իր առաքանին, և արդյոք առաքանիների ուշացումը կապ ունի ընկերության վրա դրված արգելանքների հետ, որոնք կարող են վկայել վերջինիս ֆինանսական վատ վիճակի մասին։
Հարցման պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։
Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել