ԱԺ-ում քննարկվել է ծանուցումները տպագիր մամուլում հրապարակելու պարտադիր պահանջը հանելու նախագիծը
Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ այն այլեւս արդյունավետ չի ապահովում անձանց փաստացի ծանուցումը, միաժամանակ առաջացնում է զգալի ծախսեր:
«Նախաձեռնությամբ առաջարկվում է հանել ծանուցումները եւ այլ փաստաթղթային հրապարակումներից բխող տեղեկատվությունը տպագիր մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը՝ այն փոխարինելով «azdarar.am» հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կամ համապատասխան կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակմամբ:
Ըստ զեկուցողի՝ առաջարկվող կարգավորումների արդյունքում հնարավոր կլինի ապահովել, օրինակ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացներից բխող տեղեկությունների, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարմանն առնչվող հայտարարությունների հրապարակումները «azdarar.am» պաշտոնական ծանուցումների կայքում հրապարակմամբ: «Միաժամանակ, բանկային, ապահովագրական, ֆինանսավարկային եւ նմանատիպ այլ գործընթացներից բխող հրապարակումները կիրականացվեն համապատասխան կազմակերպության ինտերնետային կայքում հրապարակելու ձեւաչափով»,- ընդգծել է նախարարը:
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը: Նա բարձրաձայնել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ առաջարկել կողմ քվեարկել նախաձեռնությանը:
Խորհրդարանը մարտի 25-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել