HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Թումո»-ն հայտարարել է Գյումրու կենտրոնական շուկայի վերակառուցման ծրագրի նոր ժամկետների մասին

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը վերանայել է Գյումրու պատմական շուկայի վերակառուցման ժամկետը։ Նախկինում հայտարարվել էր, որ կենտրոնն ու խոհարարական դպրոցը պատրաստ կլինեն 2026 թ.-ին, մարտի 20-ին հայտնի դարձավ, որ շինարարության ավարտը հետաձգվում է մինչև 2027 թվականի վերջ։ 

Խորհրդային տարիներին Գյումրու (Լենինականի) կենտրոնական բացօթյա շուկան հիմնականում նախատեսված էր գյուղատնտեսական մթերքների իրացման համար: Տարածքը շրջափակված էր քարաշեն մեկ և 2 հարկանի կառույցներով: Շրջանաձև բաց հատվածում տեղադրված էին վաճառքի տաղավարները: Շուկան երկու մուտք ուներ, որից գլխավորը բացվում էր Շահումյան փողոցի վրա և փակվում ճաղապատ մեծ դարպասներով: Երկրորդ մուտքը համեմատաբար նեղլիկ էր ու բացվում էր մի նրբանցքի վրա, որը երկրաշարժից հետո ստացավ «Լաչինի միջանցք» անվանումը: Գլխավոր մուտքից աջ՝ երկհարկանի շինության երկու հարկում տեղավորված էր «Մսի պասաժը», որի առաջին հարկը զբաղեցնում էին  երշիկեղենի, բաստուրմայի, սուջուխի վաճառքի կետերը: Մուտքից ձախ պանրի ու կարագի համար հատկացված տարածքն էր: Մեկհարկանի քարե կրպակներից կանայք պահածոներ փակելու հարմարանքներ, կափարիչներ էին գնում, ինչպես նաև սրճաղաց (խորհրդային տարիներին սուրճը գնում էին հատիկով և աղում էին տանը): Շուկայում կար նաև ոստիկանական հենակետ: 

Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանն ասում է, որ եթե ուզում ես պատկերացում կազմել տվյալ բնակավայրի մասին, մարդկանց ապրելակերպի ու բնավորության, պիտի այցելես տեղի շուկան և գերեզմանատունը:

«Շուկան ցանկացած ապրելատեղի հավաքական դեմքն է: Կարելի է ընդամենը մի քանի ժամ անցկացնել շուկայում ու հստակ պատկերացում կազմել, թե ինչ տիպի մարդիկ են ապրում այդ քաղաքում, ինչ բնավորություն ունեն, իրենց վերաբերմունքն օտարների հանդեպ,- նկատում է Ա. Բոյաջյանը,- խորհրդային տարիներին Լենինականի կոլտնտեսային շուկան շատ հայտնի է եղել, նույնիսկ Թիֆլիսից ու Բաքվից են հասել մեզ մոտ, որ մսամթերք գնեն՝ հատկապես երշիկեղեն: Տարածքը հստակ կանոնակարգված էր, բոլորը գիտեին՝ կանաչին որտեղից պիտի առնեն, միրգ ծախողները որ մասում են, կարտոֆիլն ու կաղամբը՝ որ, և այլն: Լենինականը երկրորդ շուկա էլ ուներ՝ երկաթգծի կայարանի մոտ, կոչվում էր «Արթիկի շուկա», էդտեղ առևտուր էին անում գնացքով Արթիկի գյուղերից եկած գյուղացիները»:

1988 թ.-ի երկրաշարժից Լենինականի կենտրոնական շուկայի մասնաշենքերը մեծ վնասներ չկրեցին: Շուկան իր բնականոն աշխատանքը շարունակեց նաև 1990-ականներին, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ մարդիկ առևտրի կետեր սկսեցին ձևավորել նաև շուկայից դուրս՝ «Լաչինի միջանցք» կոչվող տարածքում (մինչև օրս էլ գործում է), որտեղ խորհրդային տարիներին ընդամենը արհեստավորական մի քանի կրպակներն էին գործում: Անցած 20 տարիների ընթացքում, շուկան վերականգնելու, նախկին գրավչությունն ապահովելու մի քանի փորձեր են եղել, որոնք գործնական բնույթ չեն կրել, ընդամենը նոր տաղավարներ են տեղադրվել:

2017 թ․-ին, երբ վերակառուցման նպատակով տարածքը գնեց «Լենտեքս» ընկերության սեփականատեր Կարեն Գոմցյանը, գյումրեցիների մոտ հույս արթնացավ, որ քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող ևս մեկ տարածք փրկվելու է, սակայն եղավ հակառակը: Շուկայի տարածքից առաջնահերթ հեռացվեցին առևտրականները, իսկ տարածքն ամբողջությամբ քարուքանդ արվեց: Սակայն սկսված շինարարությունն այդպես էլ տրամաբանական ավարտ չունեցավ: Կիսաքանդ պատերի մնացորդներով ու աղբի կույտերով պատված տարածքի նոր գնորդի մասին հայտարարվեց 2018 թ․-ին: Պարզվեց՝ գործարար Կարեն Գոմցյանն այն վաճառել է «Թումո» ստեղծարար կենտրոնին: Շուկայի նոր սեփականատերը ծրագրերի մասին խոսեց գնման լուրից վեց տարի անց:

2024-ի մարտին «Թումո» կենտրոնը հայտնեց, որ ԵՄ աջակցությամբ իրականացվող երկրաժամկետ ծրագրի շրջանակում հին շուկայի տարածքում ստեղծելու է կրթական, տնտեսական, խոհարարական և զբոսաշրջային կենտրոն: Համաձայնագիրը ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի միջև ստորագրվեց շուկայի գլխավոր դարպասների մոտ: Ըստ համաձայնագրի, ԵՄ-ն 2,5 մլն եվրո է հատկացնում շուկայի վերակառուցման ծրագրի համար: Հայտարարվեց, որ ԵՄ-ին, այս կարևոր նախաձեռնության իրականացման մեկնարկային փուլում, միացել են նաև «Թումոյի» աջակիցներ Ջուդիթ Սարյանն ու Վիկտոր Զարուգյանը, ինչպես նաև «Ճոն և Հասմիկ Մկրտիչեան» հիմնադրամը:

Ըստ պատասխանատուների՝ նախ հայտարարվելու էր միջազգային ճարտարապետական մրցույթ, դրանից անմիջապես հետո՝ մինչև 2024 թ․-ի ամառը, սկսվելու էին շինարարական աշխատանքները: Ըստ ծրագրի՝ շուկայի տարածքում, բացի առևտրի տաղավարներից, գործելու են կրթական տարածքներ, սրճարաններ, ձեռագործ և արվեստի իրերի խանութներ: Տարածքում հնարավոր էր լինելու կազմակերպել տարբեր փառատոներ, տոնավաճառներ և այլն: Գործելու էր խոհարարական դպրոց, որտեղ դասավանդելու էին հանրահայտ «Institut Lyfe» ֆրանսիական դպրոցի մասնագետները:  Շրջանավարտները հնարավորություն էին ունենալու կրթությունը շարունակել Լիոնում: Տարածքի ամբողջական բարեկարգման ու վերակառուցման, ինչպես նաև կրթական կենտրոնի և խոհարարական դպրոցի կառուցման ավարտը նախատեսված էր 2026-ին:  

2026 թվականի մարտի 20-ին ճանաչողական այցով Գյումրիում էր ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը, որը «Թումո Գյումրի» կենտրոնի պատասխանատուների հետ այցելեց նաև Գյումրու կենտրոնական շուկայի քանդված տարածք: Լրագրողների հետ ճեպազրույցում «Թումո Գյումրի» կենտրոնի ղեկավար Լենա Կարապետյանը տեղեկացրեց, որ ծրագրի ընդհանուր արժեքը 9 մլն դոլար է, նախագծային փուլն արդեն իսկ մեկնարկել է, ճարտարապետական մրցույթում 150 հայտերից հաղթող է ճանաչվել «Մուրադյան Ստուդիոն», լանդշաֆտային նախագիծն էլ վստահվել է բելգիական ընկերությանը: Իսկ Նոր շուկայի բացումը կլինի 2027-ի վերջին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter