HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Լուսանցագրություն. նոր դարասկիզբ

Վերջին տարիներին շատ է խոսվում Հայաստանում զանգվածային մշակույթի տարածման, դրա ցածր որակի եւ աղետալի ազդեցությունների մասին: Երբեմն մեկ անունի տակ ամփոփվող. «ռաբիզ», «արեւելյան», «արաբական-թուրքական» եւ այլն, այս մշակույթը հիմնականում համարվում է օտար, ոչ հայկական, ուստի՝ մերժելի, որին, հատկապես մտավորական բանավեճերում, հակադրվում է «իսկական հայկականը», «բարձրը», «հոգեւորը»: Ըստ այդմ՝ համարվում է նաեւ, որ ինքը հայկական միջավայրը չի կարող ծնել վատ մշակույթ (հասկանալի է, առանց որեւէ համոզիչ բացատրության), որ «վատը» միշտ գալիս է «ուրիշ»-ից. ինչ-որ վատ բաներ գալի ես Արեւելքից, ուրիշ վատ բաներ՝ Արեւմուտքից, բայց տեղում վատ բաներ չեն կարող առաջ գալ:

Այդուհանդերձ, պարադոքսային ձեւով, հայերը ընդգծված հակում ունեն դեպի օտարն ու ցածրորակը: Իհարկե, այս տեսանկյունը թույլ է տալիս կատարվածը ազգայնական հռետորության շրջանակում մեկնաբանել որպես շեղում, խաթարում, հեռացում «բուն հայկականից» եւ ուրեմն՝ ուղղելի. բավական է վերադառնալ ազգային արմատներին: Ավելի ճիշտ՝ ազգայնական հռետորությունն է, որ գործելով որպես մեկնաբանական միակ օրինական մոդել, պարտադրում է այսպիսի պարզունակ եւ արտաքուստ անվիճահարույց բացատրություններ:

Այս բացատարությունները հիմնվում են մի շարք հակադրությունների վրա. բարձր/ցածր, հայկական/ոչ հայկական, արեւմտյան/արեւելյան, որոնց գաղափարաբանական բեռնվածությունն ակնհայտ է, բայց որոնք, որպես կանոն, պատշաճ պարզաբանման չեն արժանանում: Այս առումով օգտակար է թվում՝ փորձել այս քննարկումները զետեղել ավելի ընդարձակ պատմական համատեքստում: Բերում եմ մի հատված արվեստի տեսաբան Վիլհելմ Մաթեւոսյանի «Զրույցներ Սարյանի հետ» գրքից: Զրույցների ժամանակաշրջանը 1960-ականներն են:

Մարտիրոս Սարյանը հիշում է այն մասին, թե 1920-ականներին «ինչպիսի անասելի ծանր գնով ստեղծվեց Կոմիտասի անվան կոնսերվատորիան». «Երաժիշտների, երաժշտական գործիչների շրջաններում շատ լարված եւ ո՛չ դուրեկան վեճեր էին գնում որոշելու համար, թե երաժշտական ուսուցման գործը եւ առհասարակ երաժշտական կուլտուրայի տարածումը ո՛ր ուղղությամբ պիտի տարվի: Կային հետամնաց, ժողովրդի, ժողովրդայնության եւ ազգայինի անունից կուրծք ծեծող գավառագիտուն դեմագոգներ, որոնք ասում էին, թե մենք, իբր, արեւելյան ժողովուրդ ենք, մեր երաժշտությունը արեւելյան է, մեր գործիքները արեւելյան են, մեր երկրում էլ ժողովրդական իշխանություն է, հետեւաբար երաժշտական ուսուցումը, երաժշտական հաստատություններն ու մյուս բոլոր կազմակերպություններն էլ մեզանում գլխավորապես պետք է արեւելյան եւ ոչ թե մեզ խորթ եվրոպական թեքում ու բովանդակություն ունենան»:

Ընդ որում՝ «արեւելյան» տարբերակի կողմնակիցները, նրանք, որ հայկականը նույնացնում էին արեւելյանի հետ, ակնհայտորեն ավելի շատ էին. «Իբրեւ առաջադիմական գործին դիմադրողներ... նրանց բանակն ավելի մեծ էր, միասնական ու մարտական էր, բազմաթիվ կողմնակիցներ ունենին մտավորական այլ շրջաններում եւս՝ գրողներ, բանաստեղծներ, պատմաբաններ եւ այլն... Որ ետ եմ նայում, իսկական ողբերգական վիճակ էր: Խեղճ Ռոմանոսը հոգեկան անտանելի դրության մեջ էր: Չէր ուզում եւ որպես իսկական հայրենասեր չէր էլ կարող մի կողմ քաշվել:

Գիտեր, որ իր պասսիվությունը թեւաթափ կանի համախոհներին եւ, վերջիվերջո, ցավալի հետեւանք կունենա: Այդ բուռն օրերին, անձրեւային մի երեկո, համարյա տուրուդմփոցի հասնող վիճաբանություններից մեկի ժամանակ, հիմար ու դեմագոգիկ խոսակցություններից բզկտված Ռոմանոս Մելիքյանը չհամբերեց, մոտեցավ ամբիոնին, բռունցքով ուժեղ խփեց ու բարձրաձայն գոչեց՝ «կամ Բա՛խ, կամ բարիբա՛խ»: Միայն այդքանը (բարիբախը հասկացվեց բոլորի կողմից, որովհետեւ կոմպոզիտորը նկատի ուներ այդ ժամանակ շատ տարածված, աջ ու ձախ երգվող «Այ, բարիբախ» թուրքալեզու պրիմիտիվ մի երգ): Գոչեց այդ բառը եւ դառնացած դուրս եկավ ժողովարանից: Վերջը, իհարկե, համախոհները, ճշմարտությունը հաղթեցին»:

Արժե ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես 1920-ականներից մինչեւ 1960-ականներ կտրուկ ձեւով փոխվում են մշակութային նախապատվությունները, եւ թե այդ ինչ համամոլորակային ուժեր էին, որ այդ նոր հորիզոնում այդպես անկասելիորեն սահմանում էին «հայրենասիրությունը», «առաջադիմականը» եւ «ճշմարտությունը»: Իհարկե, 1960-ականներին, երբ տիրապետում էին առաջընթացի, զարգացման եւ այլ հարակից գաղափարներ, կարող էր թվալ, թե «բարիբախի» ժամանակներն ընդմիշտ անցել են, բայց այսօր, բոլորովին այլ «ճշմարտությունների» պայմաններում, այս պատմությունը հայտնվում է միանգամայն տարբեր հեռանկարում, ստանում նոր շեշտեդրություններ: Հարյուր տարուց էլ պակաս ժամանակահատվածում կատարվել է երկու կտրուկ շրջադարձ՝ «հայկականության» մասին համապատասխան պատկերացումներով հանդերձ:

Իհարկե, իմ ասածն այն չէ, թե հայությունը վերադարձել է մինչարդիական ժամանակներ, եւ արեւմտյանին դարձյալ փոխարինում է արեւելյանը: (Ճիշտ է, Հայաստանում «բարիբախը» ակնհայտորեն շատանում է, բայց հույս ունեմ, որ «Բախն» առայժմ չի անհետանում:) Հասկանալի է, որ «արեւմտյա՞ն, թե՞ արեւելյան» երկընտրանքն այլեւս տեղին չէ: Բացի այն, որ հետամնաց Արեւելքի մասին պատկերացումը նույնպես ստեղծվել է Արեւմուտքում, այսօր այլեւս չկան այդպիսի հստակ բաժանումներ, ինչպես չկան արդիության դարաշրջանին բնորոշ համահասարակական փոխակերպման նախագծեր:

Հետաձգելով նոր զանգվածային մշակույթի թեմայի ավելի մանրամասն քննարկումը՝ նկատենք առայժմ, որ մեկ, միասնական մշակույթի մասին պատկերացումներով անկարելի է գլուխ հանել ներկա մշակութային տարասեռությունից, որ ինչ-ինչ իրողություններ օտար եւ մերժելի անվանելով՝ մենք պարզապես հայտնվում ենք փակուղում եւ որ իսկական/անիսկական, բարձր/ցածր եւ այլ անլուծելի հակադրությունները վատ օգնականներ են մշակութաբանական մեկնաբանության գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter