HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայֆիլմի» կառավարումը հանձնվել է ԿԳՄՍ նախարարությանը

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում, որով հայկական կինոարդյունաբերության հիմնասյուն հանդիսացող կառույցը վերադարձվում է կինոարվեստի ոլորտի պատասխանատու պետական կառավարման լիազորված մարմնին: Ստորեւ՝ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը։

2015 թվականից «Հայֆիլմ» կինոստուդիան փոխանցվել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին և տարիներ շարունակ փաստացի չէր գործում։ Վերջին տարիներին կինոոլորտում արձանագրվող ակտիվ զարգացումները, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման միտումները ստեղծել են ռազմավարական նոր հնարավորություններ, և անհրաժեշտություն է առաջացել «Հայֆիլմ»-ի պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները փոխանցել ԿԳՄՍ նախարարությանը՝ կինոոլորտի պետական քաղաքականությունն առավել նպատակային և համակարգված իրականացնելու համար:

Ըստ ընդունված որոշման՝ նախատեսվում է կյանքի կոչել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի վերագործարկման ծրագիրը․ կմշակվի կինոարդյունաբերական համալիրի զարգացման «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք» հայեցակարգը, որը կընդգրկվի նաև «Հայկական կինոժառանգության պահպանման» 2027-2032 թթ. ծրագրում։

«Հայֆիլմ կինոարտադրական քաղաքը» կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ ստեղծելով ընդլայնված հնարավորություններ կինոարդյունաբերության և միջազգային համագործակցության զարգացման, մրցունակ կինոարտադրանքի և մշակույթի տնտեսավարման ապահովման համար:

Ֆիլմարտադրությունը ներկայում դիտարկվում է ոչ միայն որպես մշակութային արժեքների տարածման միջոց, այլև տնտեսական զարգացման և ազգային բրենդի ձևավորման կարևոր գործիք։ Այն ունի բազմաշերտ ազդեցություն՝ ուղղակի և անուղղակի կերպով նպաստելով մի շարք ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների,  զբոսաշրջության,  կրթության,  շինարարության և տարածքային զարգացման, լոգիստիկայի, սպասարկման ոլորտի, մարքեթինգի և կոնտենտային բիզնեսի։ 

Վերջին տարիներին պետության վարած քաղաքականության շնորհիվ կինոհամայնքի հետ համագործակցությամբ իրականացվել են բազմաթիվ օրենսդրական և համակարգային բարեփոխումներ. 2023-2025 թթ. ընդունվել է 7 իրավական ակտ: Ներկայում շրջանառվում են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների, «Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգի»,  «Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգի» նախագծերը: Կառավարության 2025թ. ապրիլի 10-ի N 412 – Ն որոշմամբ մեկնարկել է կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը․ արդեն ստացվել է 10 հայտ՝ 1.4 մլրդ դրամ ծավալով, որոնցից 6-ը («Թանկարժեք տղաներ», «Կրկին փորձիր», «Օպա պապա», «Մի գդալ սեր», «Թունելից 13 կմ հեռավորության վրա» լիամետրաժ խաղարկային ֆիլմեր և անիմացիոն ֆիլմաշար «Սևանիկ») հաստատված են, 4-ը՝ դիտարկման փուլում են:

Միաժամանակ, ընդլայնվել է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների և կազմակերպությունների թիվը: 2025թ. ծրագրի շահառու է դարձել 11 արվեստագետ և 8 կազմակերպություն, որոնք մասնակցել են 22 հեղինակավոր հարթակի և արժանացել մրցանակների․ նրանց հատկացվել է 122 մլն 980 հազար դրամ խրախուսում: 2024–2025 թթ․ պետական աջակցություն ստացած 31 ֆիլմեր մասնակցել են 207 միջազգային կինոփառատոնի և արժանացել 105 մրցանակի (միայն 2025 թվականին 15 հայկական ֆիլմ մասնակցել է 58 փառատոնի՝ ստացել 15 մրցանակ)։

ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ընդգրկվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (FIAPF) կողմից որակավորված 49 կինոփառատոների ցանկում։ 

Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter