Փոփոխություններ՝ ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում
Կառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Կարգավորման նպատակն է Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ ՀՀ-ում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։
Ըստ հիմնավորման՝ 2026 թվականի մարտի 23-ի դրությամբ հավաստագիր է ստացել 5181 ընտանիք, որից 2304-ը իրացրել են այն։ Ծրագրի իրականացման ընթացքում առաջ են եկել որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծրագրի արդյունավետությանը, մասնավորապես՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից օգտվելու նպատակով դիմել են շահառուներ, որոնք անշարժ գույքի ձեռքբերման նպատակով ստացել են ոչ թե հիփոթեքային վարկ, այլ սպառողական վարկ, ինչը գործող իրավակարգավորմամբ չի բավարարում ծրագրի պայմաններին։
Որոշմամբ առաջարկվում է ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով կարգավորել վերոնշյալ խնդիրները։ Մասնավորապես՝ սահմանել, որ ծրագրի շրջանակում 5 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերից բացի, մնացած բոլոր մարզային բնակավայրերում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կկազմի 4 մլն դրամ, իսկ Երևան քաղաքում՝ 3 մլն դրամ։ Միաժամանակ սահմանվում է, որ որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հավաստագիրն իրացրած ընտանիքները կստանան ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նախագծի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերից բխող աջակցության չափի տարբերությունը, որը կարող է ուղղվել ծրագրի շրջանակում շահառուին տրամադրված հավելյալ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը կամ իրացվել ծրագրով սահմանված դրական մնացորդի իրացման ուղղություններով։
Առաջարկվում է սահմանել, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով 2025 թ. հուլիսի 1-ի դրությամբ ստացել են ոչ թե հիփոթեքային վարկ, այլ հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման նպատակով տրամադրված՝ անշարժ գույքի գրավով սպառողական վարկ։
Որոշմամբ նախատեսվում է նաև սահմանել, որ եթե շահառուն դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը ծառայության կողմից փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին՝ համապատասխան ֆինանսական փաստաթղթի հիման վրա։ Միաժամանակ առաջարկվում է ծրագրի շրջանակում որպես ընտանիքի անդամ դիտարկել մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաներին՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք ներկայացրել առցանց դիմում-հայտարարությունը և ստացել ծրագրով նախատեսված հավաստագիրը։
Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ եթե ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուների տվյալներն առկա են Ղարաբաղի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վարվող՝ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում, որտեղ արտացոլված է տեղեկատվություն այն մասին, որ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուն 2020 թ. սեպտեմբերի 27-ից, 2022 թ. դեկտեմբերի 12-ից առաջ առնվազն 12 ամիսների ընթացքում աշխատել կամ սովորել է Ղարաբաղում, ապա նրան շնորհվում է շահառուի կարգավիճակ՝ անկախ որոշմամբ սահմանված փաստաթղթերի առկայությունից։ Նաև առաջարկվում է միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ներառել ԱՍՀ նախարարության իրավաբանական բաժնի պետին, ինչպես նաև հանձնաժողովի նախագահ սահմանել նախարարի առաջին տեղակալին։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագիրն ակնհայտորեն շատ կարևոր է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար։ «Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ պետք է գնահատենք այս ծրագրի քաղաքական նշանակությունը ոչ միայն Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների, այլև ընդհանրապես ՀՀ-ի հետագա զարգացման և ռազմավարական դիրքավորման տրամաբանության մեջ»,-ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-հոգեբանական հասկացություն է. «Ես ուզում եմ նաև Կառավարության նիստում արձանագրել և նույնիսկ դատապարտել այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին և ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։ Երբ խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, մենք, ըստ էության, առաջինը չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն և տնավորվեն։ Սա շատ կարևոր է, որովհետև խաղաղությունը միայն պայմանագիր չէ, խաղաղությունն այն է, որ մարդը խաղաղվի, հասկանա, որ չկա ավելի դաժան բան, քան սպասումը։ Բայց մենք՝ որպես ժողովուրդ, արդեն հարյուր քանի տարի է՝ այդ սպասումով ենք ապրում. սա կայսերական քաղաքականություն է։ Սա հակահայկական, ապահայկական կայսերական քաղաքականություն է՝ մի՛ խաղաղվեք, հեսա կվերադառնաք կամ կվերադարձնենք, հեսա ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի, հեսա կվերադառնաք Վան, Մուշ, Կիլիկիա, և այդպես շարունակ։ Այս քաղաքականությունն ունի 2 նպատակ. առաջինը՝ հայ ժողովրդին պահել պանդուխտի գիտակցության մեջ, և երկրորդը՝ թույլ չտալ, որ ՀՀ-ն որպես պետություն կայանա, որովհետև այն երկիրը, որտեղ իշխող սոցիալ-հոգեբանությունը պանդուխտի սոցիալ-հոգեբանությունն է, որ մենք ինչ-որ տեղ պետք է գնանք, սա այն տեղը չի, որ մենք պետք է մնանք, այդ պետությունը չի կարող կայանալ»։
Նրա խոսքով՝ անկախության առաջին օրերից ի վեր ամենաշատ օգտագործված տերմինաբանությունը և պրոբլեմը արտագաղթն է։ Ըստ վարչապետի՝ «էլիտար» շրջանակներն այդ գործընթացի մաս են, որովհետև վերջիններս կայսերական քաղաքականության մաս են՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար լինելով այն մեխանիզմի գործողության մեջ, որի նպատակը ՀՀ-ի՝ որպես անկախ, ինքնիշխան, զարգացած պետություն կայացումը թույլ չտալն է, ինչը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար։
«Մենք խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց երբ խոսում ենք խնամքի մասին, դա նշանակում է սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ մենք պետք է խաղաղվենք, հակառակ դեպքում չենք գտնի խաղաղությունը, ավելի ճիշտ՝ կկորցնենք խաղաղությունը, որովհետև երբ մենք այդ խոսույթները շարունակում ենք, նշանակում է՝ մենք մտնում ենք կոնֆլիկտի մեջ շուրջբոլորի հետ։ Իսկ այս պարագայում մեզ ի՞նչ է պետք, մտնում ենք կոնֆլիկտի մեջ, հետո էլ հասկանում՝ մեր ռեսուրսները բավարար չեն, իսկ ի՞նչ անենք՝ երաշխավոր փնտրենք, ինչի՞ հաշվին՝ մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր պետականության հաշվին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է՝ Հայաստանը խաղաղություն չի ունեցել, ունեցել է սառեցված պատերազմ, ունեցել է պատերազմի հետաձգում՝ ՀՀ ինքնիշխանության, անկախության, պետականության, բարեկեցության, ազատության ու զարգացման հաշվին:
«Խոսքը միայն Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների մասին չէ, խոսքն ընդհանրապես մեր մասին է, Հայաստանի ժողովրդի և հայ ժողովրդի մասին է։ Մենք հիմա Հայաստանի նավը հասցրել ենք խաղաղ նավահանգստի, ուղղակի նավի ուղևորներիս պետք է խաղաղվել, իսկ խաղաղվել նշանակում է՝ տնավորվել, բոխչաները քանդել ու դասավորել պահարաններում։ Այսինքն՝ անցնել մշտական բնակության ռեժիմի, հակառակ դեպքում, երբ մեր տարածաշրջանում վերադարձի օրակարգերի թափանիվը պտտեցինք, տարածաշրջանից «մեծ կտորն ականջն է մնալու», ու այդ գործընթացի մեջ գիտենք սովորաբար, թե ով է ամենաշատ տուժողը լինում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հավելել է՝ ՀՀ-ի այսօրը մեծ պատմական ձեռքբերում է, որը չի կարելի զոհել գերտերությունների շահերին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել