hartak.am. անհատական և հրապարակային ծանուցումների նոր համակարգ
Կառավարությունը սահմանել է Անհատական և հրապարակային ծանուցումը տեղադրելու, ծանուցումը տեղադրելու մասին անձին տեղեկացնելու, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ և պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը և ծանուցումը կարդալը հավաստվելու, ծանուցման հետ ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունները հաշվառելու (լոգավորման) և լոգերը պահպանելու կարգը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական հաղորդագրությունից։
Ներդրվում է «hartak.am» համակարգը, որը հանդիսանում է ֆիզիկական անձանց ծանուցումների իրականացման կենտրոնացված հարթակ, և թույլ է տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին (նույնիսկ նրանց, որոնք չունեն ծանուցումների սեփական համակարգեր) ապահովել ծանուցումների գեներացումը և տեղադրումը համապատասխան հարթակներում՝ օգտագործելով տվյալների փոխանակման շերտը։
Համակարգը հաշվառում է (լոգավորում է) ոչ միայն մուտք գործելու, այլև ծանուցումը կարդալու, կից փաստաթղթերը դիտելու կամ բեռնելու ճշգրիտ ժամանակը (վայրկյանի ճշտությամբ)՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար ծանուցումները տեղադրվում են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական էջում, իսկ ֆիզիկական անձանց ծանուցումներն ուղարկվում են նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստին։ Անձինք ծանուցման առկայության մասին կտեղեկացվեն նաև իրենց կողմից տրամադրված հավելյալ էլեկտրոնային փոստով կամ հեռախոսահամարին ուղարկվող կարճ հաղորդագրությամբ։
Միևնույն ժամանակ, որոշմամբ կարգավորվում են ինչպես ծանուցման այլ եղանակների սպառմամբ հրապարակային ծանուցումն իրականացնելու ընթացակարգերը, այնպես էլ մեծամասամբ պահպանվել են հրապարակային ծանուցման, որպես ծանուցումների ինքնուրույն տեսակի, գործող կարգավորումները։ Արդյունքում՝ ակնկալվում է ապահովել անհատական և հրապարակային ծանուցումների պատշաճ իրականացումը:
Լուսանկարը՝ primeminister.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել