ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել
Այսօր գումարած արտահերթ նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել սեպտեմբերի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 10 հազար և ավելի ընտրող ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը՝ 18.08.2012թ.-31.08.2012թ. ժամանակահատվածի համար:
Նիստի ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 23-ին Բամբակաշատ, Հուշակերտ, Լանջիկ համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)՝ 2-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)՝ 2-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)՝ 1-ական:
Արտահերթ նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Տարոն Ապրեսյանի 26.09.2012թ. դիմումը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011թ. օգոստոսի 15-ի թիվ 64-Ա որոշումը վերանայելու վերաբերյալ: Դիմումատուն նշում է, որ ԿԸՀ-ի որոշմամբ թիվ 30 ԸԸՀ-ի անդամ է նշանակվել, իսկ այնուհետև ԸԸՀ-ի նախագահ է ընտրվել Տիգրան Արբակի Պապանյանը, ով հանդիսանում է Լոռու մարզի, Վանաձոր քաղաքի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ:
Դիմումատուն նշում է, որ Պապանյանը Վանաձորի քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Դարբինյանի հետ գտնվում է բարեկամական կապի մեջ (քրոջ ամուսինն է): Մատնանշելով այս փաստը և ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և 46-րդ հոդվածի 1-ին մասի 1) -ին կետով՝ գտնում է, որ Պապանյանի նախընտրական գործունեությունը, որպես ԸԸՀ-ի նախագահ, կարող է ազդել ընտրությունների անկողմնակալ և անաչառ ընթացքի վրա՝ կասկածի տակ դնելով ընտրությունների արդյունքները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժել է Տարոն Ապրեսյանի դիմումը՝ փաստելով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011թ· օգոստոսի 15-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստեր նշանակելու մասին» թիվ 64-Ա որոշման ընդունումից հետո մինչ օրս առկա չեն այնպիսի հանգամանքներ, որոնք սահմանափակում կամ արգելում են Տիգրան Պապանյանին հանդիսանալու հանձնաժողովի անդամ:
Անգամ ներկայացված դիմումում չի նշվում, որևէ հիմք, փաստարկ, հանգամանք որն օրենքին համապատասխան կարող է հիմք հանդիսանալ Պապանյանի լիազորությունները դադարեցնելու համար: Դիմումատուն վկայակոչում է սոսկ իր կասկածները կամ դատողություններն ապագայում հնարավոր խախտումների վերաբերյալ, ինչն ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան չի կարող հիմք հանդիսանալ դիմումը բավարարելու համար:
ԿԸՀ մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել