HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

100 հազարականներ Կարեն Կարապետյանից՝ ընտրությունների նախաշեմին

Սեպտեմբերի 9-ին կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ծնունդով տաշիրցի Կարեն Կարապետյանը սատարում է գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանին:

Ընտրությունների նախաշեմին էլ իր սատարած թեկնածուի մասնակցությամբ միջոցառումներ է կազմակերպում լոռեցի երիտասարդների շրջանում: Օգոստոսի 28-30-ին կազմակերպել էր 300 երիտասարդների հանգիստը Ծաղկաձորում, որոնց թվում՝ վանաձորցիներ, տաշիրցիներ, ալավերդցիներ: Երիտասարդական հավաքին մասնակցող՝ Վանաձորի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանը, դիմելով երիտասարդներին, խոսել էր պետության կայացման գործում նրանց դերի ու նշանակության մասին, որից հետո «Տաշիր» հիմնադրամի պատասխանատու Արտակ Ճաղարյանը նրան ներկայացրել էր որպես Կարեն Կարապետյանի թեկնածու:

Այսօր էլ պատգամավոր Կարեն Կարապետյանի սատարած թեկնածուի՝ գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի մասնակցությամբ 120 հազար դոլարանոց միջոցառում էր կազմակերպվել Վանաձորում, որի ընթացքում պատգամավորի ներկայացուցիչ Արտակ Ճաղարյանը 100 հազարական դրամներով պարգևատրեց Լոռու մարզի՝ 400-ից ավելի բարձր առաջադիմությամբ ուսանողների:

Հարցին՝ համոզվա՞ծ է, որ բոլոր արժանավորներն են ներկայացված պարգևատրման, վերջինս պատասխանեց, որ ուսանողների ցանկերը տրամադրվել են բուհերի ռեկտորների կողմից, և ընտրվել են կուտակային համակարգով բարձր միավորներ ունեցող ուսանողները:

«Սա էն դեպքը չի, որ մտածենք՝ էս մեկը լավ ուսանող է, էն մեկը՝ վատ:  99.9 տոկոսով նման պարագայում նորմալ է, որովհետև մոգերի համակարգը արձանագրված, ֆիքսված է իրենց մոտ: Բայց քանի որ ցուցակները տրվում են բուհերից, բացառապես հենվում ենք բուհերի տված տեղեկանքի վրա»,- ասաց պատգամավորի ներկայացուցիչը: Բայց հենց վերջինիս խոսքով էլ՝ ցուցակից դուրս մնացած արդեն 3 ուսանող է դիմել և ընդգրկվել ցուցակում:

Դիտարկմանը, որ սա նախընտրական քարոզարշավի տպավորություն է թողնում, առավել ևս որ Վանաձորի քաղաքապետի մասնակցությամբ սա արդեն երկրորդ նմանատիպ միջոցառումն է նախընտրական շրջանում, պատասխանեց. «Դեռևս մայիսին ենք հայտարարություն արել, առաջիկա պլանների մասին գրել ենք, որ Լոռու մարզի ուսանողներին պարգևատրելու ենք: Բայց հաշվի առնելով, որ արձակուրդային շրջան էր, ցուցակները բուհերից բավականին երկարացավ, որոշեցինք նոր ուսումնական տարին համադրել էս միջոցառման հետ, ոչ մի բան չկա էստեղ: Վանաձորի քաղաքապետմ էստեղ է, մի քիչ էլ հիմի նախընտրական շրջան է, թող մի քիչ էլ նախընտրական լինի, ինչ է խանգարում: Եթե մտածում եք, որ նախընտրական քարոզչություն է, ինչ ասեմ, Ձեր իրավունքն է տենց մտածել»:

Եվ նույն պահին ևս մեկ անգամ հայտարարեց, որ Կարեն Կարապետյանը սատարում է Սամվել Դարբինյանին: Հարցին՝ ինչպես է վերաբերվում մամուլի հրապարակումներին, թե կընտրվի նա, ում կպաշտպանի Կարեն Կարապետյանը, վստահաբար ասաց. «Եթե նման կարծիք կա, միայն ուրախ եմ դրա համար, որովհետև ես ինքս համոզված եմ և Դուք էլ, որ Կարեն Կարապետյանն էնքան հեղինակություն ունի էս տարածքում, նաև հանրապետությունում, եթե ինքը մեկին սատարում է, ուրեմն ընտրվում է»:

Մեկնաբանություններ (1)

Vlad
Ձեր սիրտը ինքներտ ձեզնից չի խառնում ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter