Առաջին սինդիկացված վարկային պայմանագիրը՝ «ԱԲ գործարանի» կառուցման համար
Վեց ֆինանսական կառույցների և «Firebird AI» ընկերության միջև ստորագրվել է 300 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր՝ Հրազդանում «ԱԲ գործարանի» կառուցման համար։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, որը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ վեց ֆինանսական կառույցների միջև ստորագրվել է սինդիկացված վարկային պայմանագիր՝ տեխնոլոգիական մեգանախագծի ֆինանսավորման նպատակով։
Գործարքի շրջանակում առաջատար բանկերն ու ներդրումային կառույցները միավորվել են՝ Հրազդանում «ԱԲ գործարանի» կառուցման համար «Firebird AI» ընկերությանը տրամադրելու 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։
Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը բացման խոսքում նշել եմ, որ սա ուղիղ ներդրում է ոչ միայն «Firebird AI» ընկերության, այլև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի, նորարարության, գիտության և տնտեսության զարգացման մեջ։
Այս նախագիծը գալիս է կյանքի կոչելու 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական հուշագիրը՝ շնորհիվ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների գործուն աջակցության, ընկերության հիմնադիրների գործադրած ջանքերի, ինչպես նաև հայաստանյան ֆինանսաբանկային համայնքի ներդրումների շնորհիվ։
Նախագիծը նպատակ ունի Հայաստանում ստեղծել արհեստական բանականության ժամանակակից տվյալների կենտրոն՝ հիմնված ամերիկյան «NVIDIA» ընկերության առաջատար տեխնոլոգիական լուծումների վրա»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել