HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Բազում զավակներ, բազում-բազում խնդիրներ…

Աննա Հովսեփյանը բազմազավակ ընտանիքի մայր է, նրանց առանձնատունը գտնվում է Շուշի քաղաքի ավեր ու կիսավեր շենքերի արանքում: Ամուսինը` Արմեն Սարգսյանը, հացթուխ է ու միաժամանակ իր հին «06»-ով հաց է բաժանում խանութներին:

Մհեր, Քրիստինե, Անահիտ, Սերգեյ, Կարեն ու Էլմիրա. ահա Արմեն Սարգսյանի ու Աննա Հովսեփյանի վեց զավակները:

Մհերն այժմ ժամկետային ծառայության մեջ է գտնվում պաշտպանության բանակում, իսկ Քրիստինեն արհեստագործական ուսումնարանի ուսանողուհի է և շուտով վարսահարդար կդառնա:

«Այս տարի Քրիստինեն ավարտելու է, գոնե աշխատանք գտնի ու ընտանիքին սկսի օգել»,- ասում է մայրը:

Սերգեյը, Կարենն ու Էլմիրան դեռ դպրոցականներ են, իսկ Անահիտը Շուշիի քոլեջի երրորդ կուրսի ուսանողուհի է:

Աննան չի աշխատում, որովհետև առողջության հետ խնդիրներ ունի: Կարճատես է, ոտքերը ցավում են, երիկամների հետ խնդիրներ ունի: Ընդամենը երկու ամիս ի վիճակի եղավ աշխատել փուռում: Կարճատեսության համար լազերային վիրահատությունը 1000 դոլար արժե, իսկ նա նման գումար չունի:

«Ստեփանակերտում նման վիրահատություն չեն անում, մնում է գնալ Երևան: Ասում են` դիմիր Առողջապահության նախարարություն, կօգնեն: Ես ո՜չ դրա տեղը գիտեմ, ո՜չ էլ գիտեմ՝ դա ինչ է: Վիրահատությունս այս տարի էլ հետաձգվեց»,- ասում է Աննան ու ավելացնում, որ շուտով երեխաների դասերն են սկսվելու, ժամանակ էլ չի մնալու անգամ վիրահատության մասին մտածել:

Ավեր ու կիսավեր շենքերի արանքում գտնվող երեք սենյականոց առանձնատունը նրանք ստացել են 2008-ին, Սոցիալական ապահաովության նախարարությունն էր տրամադրել: Տունը մեծ է, բայց այն սկսել է բորբոսնել. «Անգամ էլեկտրական ապահովիչն է խոնավությունից միացում տալիս ու վառվում: Իսկ ձմեռն այքան ցուրտ է լինում, որ ստիպված բոլորս մեկ սենյակում ենք քնում»: (Սա առաջին դեպքը չէ, երբ Արցախում նորակառույց առանձնատները սկսում են բորբոսնել):

Աննան գոնե երկու սենյականոց բնակարան է ուզում, որպեսզի երեխաները չմրսեն ու հիվանդանան. «Հատկապես երեխաներից մեկը հաճախ է հիվանդանում, պատճառը` ձմեռվա ցուրտն է ու խոնավությունը»:

«Տունն էլ չեն վերանորգում, վերանորոգելու փոխարեն չորս պարկ ցեմենտ են տալիս, դրանով մենք ի՞նչ պիտի անենք»,- ասում է Աննան: Վերջերս նա տուն ստանալու համար դիմում է գրել ԼՂՀ նախագահին: Շուշիի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մ. Ա. Խաչատրյանի պատասխանն հեըևյալն է. « …2008 թվականին դիմումատուի համար, որպես բազմազավակ մայր, կառուցվել է առանձնատուն և ներկայումս այն ենթակա է մասնակի վերանորոգման: Նմանատիպ ծրագրերի բացկայության պատճառով չենք կարող բավարարել Ա. Հովսեփյանի խնդրանքը»:

Տեսնելով առանձնատան այսօրվա վիճակը, դժվար է ասել` այն մասնակի՞, թե՞ կապիտալ վերանորոգման կարիք ունի:

Իսկ սեփական միջոցներով դժվար թե նրանք կարողանան վերանորոգել առանձնատունը: Ընտանեական բյուջեն, մեղմ ասած՝ այդքան էլ մեծ չէ. ամուսինը ընդամենը ստանում է 60 հազար դրամ աշխատավարձ, 45 հազար դրամ էլ բազմազավակության համար են ստանում, իսկ Աննան որպես 3-րդ կարգի հաշմանդամ 15 հազար դրամ է ստանում: Երեք ամիսը մեկ էլ Անահիտին` երկրորդ դստերը, Ավենտարանչական եղբայրակցությունը որպես բարեգործություն` 18 հազար դրամ է հատկացնում:

Իսկ Արմենը` Աննայի ամուսինը, միայն ասաց` գիշերները հաց եմ թխում, ցերեկները` բաժանում, մնացած ժամերին` քնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter