Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա»
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Բորյա Չիլինգարյանը որոշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և այլ պաշտոնյաների վերաբերյալ «Հետքի» հրապարակման հիման վրա քրեական վարույթ չնախաձեռնել։
Որոշման մասին քննիչը մեզ տեղեկացրել է փոստով ուղարկված նամակով։ 10 էջանոց նամակի առաջին երկու էջում գրել է, թե ինչու չի նախաձեռնել քրեական վարույթը, իսկ մյուս 8 էջերում քրեական վարույթ չնախաձեռնելու բուն որոշումն է, որը ստորագրությամբ հաստատել է նաև Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․ Գևորգյանը։
2026թ․-ի մարտի 4-ին «Հետքը» հրապարակել էր «Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի եւ արտոնյալ գործարարի կապը» հոդվածը։ Մենք ներկայացրել էինք Առինջ եւ Աբովյան համայնքների հողերի, այդ թվում՝ Աբովյանի քաղաքային զբոսայգու մի մասի սեփականաշնորհման և հետագայում Հայկ Կոնջորյանի հետ կապված գործարարի կողմից դրա կառուցապատման պատմությունները։
Մարտի 9-ին գրավոր հարցումով դիմել ենք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ տեղեկանալու՝ «արդյոք նշված հրապարակումը դատախազությունում ուսումնասիրվել է։ Եթե այո, ապա ի՞նչ ընթացք է տրվել»։
Մարտի 18-ին մեր հարցումը հոդվածի հետ միասին փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Բորյա Չիլինգարյանին։
Մարտի 19-ին քննիչը որոշել է քրեական վարույթ չնախաձեռնել։
Մարտի 20-ին Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Գևորգյանը հաստատել է քրեական վարույթ չնախաձեռնելու որոշման օրինականությունը։
Քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը, ինչպես վերևում նշեցինք, բաղկացած է 8 էջից։ Դրանից 6․5 էջում արտատպված է «Հետքի» հոդվածի մեծ մասը։ Քրվարույթ չհարուցելու 1.5 էջանոց փաստաթղթում քննիչը գրել է, որ լրագրողական հոդվածի ուսումնասիրությունից պարզվել է, որ այն չի պարունակում այնպիսի տվյալներ, որին կարող էր տրվել Քրեական օրենսգրքով սահմանված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, որի պատճառով էլ որոշել է քրեական վարույթ չնախաձեռնել։
Այս որոշումը հիմնավորելու համար քննիչը նշել է, որ հոդվածում ներկայացվածը բազմաշերտ իրավական հարաբերություններ են (ձեռնարկատիրություն, անշարժ գույքի օտարում և այլն)։
«Հաղորդմամբ արձանագրված իրադարձություններին վերաբերելի փաստական տվյալները չեն հաղթահարում քրեական վարույթի նախաձեռնման համար անհրաժեշտ նվազագույն իրավական շեմը, դրանք բովանդակում են առերևույթ հանցանքների հնարավոր կատարման վերաբերյալ կասկածներ, միաժամանակ՝ դրանց ստուգման ընթացքում առանձին հանգամանքների վերաբերյալ ձեռքբերված հակասական տվյալներ (օրինակ՝ հաղորդմամբ ներկայացված՝ որպես զբոսայգու տարածք նկարագրված օտարված հողամասի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում երբևէ ընդգրկված չլինելու վերաբերյալ ՏԻՄ պաշտոնական գրություն և այլն), նաև բացառապես գործարքի կողմերի փոխկապակցվածությունից բխեցվող հետևություններ, ուստի տվյալ իրավիճակում քրեադատավարական արձագանքը կհակասի քրեական իրավունքի սուբսիդիար բնույթին և դրա գործառութային նպատակին՝ հանգեցնելով հանրային իրավահարաբերությունների անհիմն քրեականացման»,- եզրահանգել է Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյան՝ այդուհանդերձ հոդվածն ուղարկելով Կոմիտեի մեկ այլ ստորաբաժանում՝ օպերատիվ ստուգման։
Զարմանալիորեն, «Հետքի» հոդվածում նա չի տեսել կամ չի ցանկացել տեսնել Աբովյանի զբոսայգու սեփականաշնորհման վերաբերյալ գլխավոր փաստերից մեկը՝ Կառավարության համապատասխան որոշումը, որով հողամասը հանդիսացել է զբոսայգի (Կառավարության 2007 թ․-ի որոշման 1-ին հավելվածում հստակ երևում է, որ 2012 եւ 2016 թվականներին Էդուարդ Բաբայանի ընտանիքի անդամների գնած հողամասը ներառված է եղել զբոսայգիների ցանկում։ Այդ հողամասը եւ Աբովյանի կենտրոնական զբոսայգին առանձնացված են նույն նշումով):
Զբոսայգու հանգամանքն ապացուցվում է նաև արբանյակային պատկերներով, որոնք կցված են հոդվածին։ Հավանաբար, Հակակոռուպցիոն կոմիտեում չեն կարողանում օգտվել Google Earth առցանց անվճար գործիքից, որով հնարավոր է տեսնել երկիր մոլորակի վրա տարբեր տարիների իրականացված արբանյակային լուսանկարները: Աբովյանի զբոսայգու սեփականաշնորհման դեպքը մեր հրապարակման մեջ տեղ գտած փաստերից ընդամենը մեկն է։
Ի դեպ, քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը հաստատելով՝ դատախազության համապատասխան պաշտոնյան իր հերթին օրինականացրել է Հակակառուպցիոն կոմիտեի որոշումը։
Հ․Գ․ Որոշումը կայացվել է մարտի 19-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, վրդովվելով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի վերաբերյալ լրագրողի հարցից, հայտարարեց․ «Ուղարկեք այդ փաթեթը, մնացած տոննաներով մակուլատուրան, ուղարկեք իրավապահ մարմիններին»։
Լուսանկարում՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել