HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եկեղեցու միջադեպի մասնակից 18-ամյա տղային քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են հիվանդանոց

2026 թ.-ի մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ այցելել էր Երևան քաղաքում գտնվող Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ միջադեպ էր գրանցվել։ Անվտանգության աշխատակիցները պահանջել են եկեղեցում գտնվող հավատացյալներին հետ քաշվել, ինչին ընդդիմացել են մի քանի երիտասարդ։ Հրմշտոց է սկսվել անվտանգության աշխատակիցների ու երիտասարդների միջև։ Արդեն եկեղեցու բակում ձերբակալվել է 3 անձ՝ 18-ամյա զույգ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև Գևորգ Գևորգյանը։ Վերջինս հայտնել է, թե իրեն ձերբակալել են եկեղեցում Նիկոլ Փաշինյանի «աչքերի մեջ նայելու» համար։

Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։ 

Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանությանն աջակցելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելու հատկանիշներով, իսկ Գևորգ Գևորգյանին՝ խուլիգանություն կազմակերպելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հատկանիշներով։

Դ. Մինասյանի նկատմամբ այսօր՝ 2026 թ․ ապրիլի 1-ին, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այդ որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Իսկ Մ․ Մինասյանի և Գ. Գևորգյանի նկատմամբ մարտի 31-ին ընտրվել է բացակայելու արգելք և գրավ՝ 5 մլն դրամի չափով:

Նշենք, որ Դավիթն ու Միքայելը դեռ չեն ավարտել դպրոցը, սովորում են ավագ դասարանում։

Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետի անվտանգության աշխատակիցն արմունկով հարվածում տղաներից մեկին։ Այս դրվագով վարույթ նախաձեռնված չէ։

Դավիթ Մինասյանին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ, դեռ ներս չմտած, գիտակցությունը կորցրել է և տեղափոխվել հիվանդանոց։ Տղայի մայրը հայտնել է, որ նա 4 տարեկանից հատուկ խնամքի կարիք ունի, և խնդրել է կալանք չկիրառել։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ասում է, որ եղբայրները որևէ կապ չունեն քաղաքական կուսակցությունների, շարժումների, խմբերի կամ անհատ քաղաքական գործիչների հետ։ Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել են Ծաղկազարդի կրոնական արարողությանը զուտ անձնական և կրոնական պատճառներով։

Փաստաբանը դեպքի օրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էր կատարել, որ մոտ մեկ ժամ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում իրեն թույլ չեն տվել բարձրանալ վստահորդների մոտ։

Լուսանկարը՝ News.am-ի մարտի 29-ի ուղիղ հեռարձակումից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter