HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կառավարությունը դատարանին չի ներկայացրել Կոնդի տարածքը հանրության գերակա շահ ճանաչելու հիմնավորումները

Սուսաննա Հակոբյանը 40 տարի ապրում է Երևանի Կոնդ թաղամասի Կոզեռնի փողոցում, որը պետությունն արդեն երրորդ անգամ իրացման գոտի է ճանաչվում։ Առաջին անգամ այդ տարածքն իրացնելու որոշումը կայացվել է 1988 թվականին։ «Ես արդեն երեք երեխա ունեի, և այն ժամանակ բնակարանը շնչերի հաշվով էին տալիս»,– պատմում է նա։ Ծրագիրն ընդհատվել է Գյումրիի աղետալի երկրաշարժի պատճառով, այնուհետև Խորհրդային միության փլուզումից հետո դադարեցվել է։

Երկրորդ անգամ նույն տարածքն իրացնելու որոշում կայացվեց 2007 թվականին։ Իրենց ունեցած 90 քմ հողատարածքի դիմաց առաջարկվող փոխհատուցման պայմաններին համաձայն էին, բայց դեռևս տան սեփականության վկայական չունեին։ Ասում է՝ այդ ժամանակ Կոնդ թաղամասում քչերը սեփականության վկայական ունեին, սեփականության ճանաչման գործընթացն ավելի ուշ սկսվեց։ Հետո պարզվել է՝ տարածքը սխալ են չափագրել՝ մոտ 20 քմ պակասեցրել են, ինչի պատճառով ձգձգվել է տան իրացումը։ Հինգը տարի է պահանջվել դատարանում տան իրական չափերը հաստատելու համար։

Երրորդ անգամ այդ տարածքը հանրության գերակա շահ ճանաչվեց Կառավարության 2024թհունիսի 27-ի թիվ 999 որոշումով։ Կոզեռնի փողոցի 10/1 հասցեի նրա տունը հանրության գերակա շահ ճանաչված Երևան քաղաքի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում է։ Այս որոշումով Կառավարությունը Սարյան 22 հասցեում գտնվող Կենտրոնական փոստատան և հարակից որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց՝ «Ռենշին» ՍՊԸ-ի ներկայացրած Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիրն իրականացնելու համար։

«Ռենշին» ընկերությունը 70 մլն 77 հազար դրամ է առաջարկում  Սուսաննա Հակոբյանին իր 90 քմ հողատարածքի դիմաց։ Սուսաննան այդ գումարը խիստ անբավարար է համարում և հրաժարվում է գործարք կնքել ընկերության հետ։ «Ես «Ռենշինի» իրավաբանին ասում եմ՝ հողի վրա չեմ բնակվում, 40 տարի այս տանն եմ ապրում, մեծ գումարներ եմ ծախսել այն բարեկարգելու համար։ Հիմա եկել ինձ հողի փողն եք տալիս, այն էլ՝ կոպեկներ։ Ասում եմ՝ գիտեք, թե կենտրոնում հողն ինչքան թանկ է՝ մեկ քառակուսին 4000-5000 դոլարով են վաճառում։ Ձեր առաջարկած գումարով ես կենտրոնում մեկ սենյականոց բնակարան չեմ կարող գնել»,– ասում է Սուսաննան։

Իր հողատարածքում երեք ընտանիք է ապրում՝ ինքն ու ամուսինը, տղան իր ընտանիքով առանձին է ապրում, աղջիկն՝ իր ընտանիքով։ Նրա պահանջը ձեռք բերողից այն է, որ իրենց երեք բնակարան տան կամ այնքան գումար, որ կարողանան բնակարաններ գնել։

«Ռենշինը» չի համաձայնել, ասել են՝ մենք միայն հողի համար ենք փոխհատուցում։ «Ասում եմ՝ ուրեմն այնպես փոխհատուցեք, որ կարողանամ կարիքներս հոգալ։ Ես ողջ կյանքս աշխատել տուն եմ ստեղծել երեխեքիս համար։ Նոր եմ սկսել ապրել, եկել ասում եք՝ դուրս արի, այն էլ՝ այդ պայմաններով»,– ասում է Սուսաննան։

Նրա դուստրը ամուսնու հետ մեկ սենյականոց տուն է սարքել այդ բակում, 20 տարի վարկ են վճարում դրա համար։ «Դեռ չեն հասցրել վայելել՝ ասում են տնից դուրս արի: Դուրս գա, տուն էլ չկարողանա՞ առնել»,– հավելում է սեփականատերը:

Սուսաննա Հակոբյանը տեղեկացել է, որ «Ռենշին» ՍՊԸ-ն Օրբելի փողոցում, Երեւանի պետական համալսարանի մոտ բարձրահարկ շենքեր է կառուցում և 1 քմ-ը 4000-5000 դոլարով է վաճառում։ «Իմ տարածքը փոքր է, բայց ինձ լրիվ բավարարում է բակի հետ միասին։ Ես գիտեմ իմ տան արժեքը։ Իմ տանջանքը չեմ ուզում թողնել դրանց ու տնից դուրս գալ: Ես ծնվել եմ Երևանում, ամբողջ կյանքս՝ 62 տարի, ապրում եմ այս քաղաքում, ինչո՞ւ պիտի գնամ գյուղում ապրեմ»,– հաստատակամ պնդում է Սուսաննան։

Կառուցապատողի առաջարկած գումարի շուրջ համաձայնության չգալով՝ Սուսաննա Հակոբյանը 2025թ․ սեպտեմբերին դիմել է Վարչական դատարան և վիճարկում է Կառավարության 27․06․2024թ․ ընդունած թիվ 999-Ն որոշումը։ Խնդրել է որոշումը մասնակի՝ Կոզեռնի փողոցի 10/1 հասցեում գտնվող անշարժ գույքի մասով անվավեր ճանաչել:

Նրա ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ասատրյանը դատարանին միջնորդել է Կառավարությունից պահանջել «․․․ որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետության սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» Կառավարության 27․06․2024թ․ թիվ 999-Ն որոշումն ընդունելու հիմնավորումները։

Վարչական դատարանը հայցը քննում է 5 դատավորի կազմով։ 2026թ․ փետրվարի 2-ին դատարանը բավարարել է միջնորդությունը և հիմնավորումները տրամադրելու համար մեկամսյա ժամկետ է սահմանել: Դատարանի որոշումը կամովին չկատարելու դեպքում այն պետք է կատարվի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով: Սահմանված ժամկետը վաղուց լրացել է, սակայն Կառավարությունը ոչինչ չի ներկայացրել դատարանին։

Դավիթ Ասատրյանի ասելով՝ դատարանի պահանջը չկատարելն ամրապնդում է իրենց կասկածները, որ իրականում Կառավարության որոշման մեջ հիշատակված տարածքները գերակա հանրային շահ չեն հանդիսանում։ 

«Հայցադիմումի մեջ նշել էինք, որ դեռևս չեն ներկայացվել ապացույցներ, թե ինչու է նման տնտեսական ծրագիրը համարվել հանրային շահ, այն էլ՝ գերակա։ Հատկանշական է նաև այն, որ հանրամատչելի աղբյուրներում ծրագրի վերաբերյալ տեղեկություն է ներկայացվում միայն Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ին նախկինում պատկանող շենքի փոխարեն համաշխարհային առեւտրի կենտրոնի կառուցումը։ Տեղեկատվություն չկա բնակելի տարածքներում կառուցապատման ծրագրի մասին։ Նման տեղեկատվություն առկա չէ նաև ծրագիրը հաստատելու՝ Կառավարության որոշման մեջ»,- ասում է փաստաբանը։

Պետությունն ու մասնավորը՝ իրացման գոտու բաժնետերեր

Իրացման տարածքը, պետական սեփականություն հանդիսացող հողատարածքից բացի, ընդգրկում է Սարյան, Պարոնյան, Կոզեռնի, Ֆրիկի, Թափաբաշի, Ռուսթավելու, Սուրբ Հովհաննեսի փողոցներում գտնվող, քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող 63 անշարժ գույք։

2023թ․ սեպտեմբերի 7-ին ընդունած 1529-Ա որոշումով Կառավարությունը հավանություն էր տվել «Ռենշին» ՍՊԸ-ի «Երևան քաղաքի Ա դասի գերժամանակակից բիզնես էկոհամակարգի կառուցում» ծրագրին։ Մոտ 13 200․54 քմ տարածքում, որից 6000 քմ-ը Սարյան 22 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ին է պատկանում, շենքերի և շինությունների կառուցապատում է իրականացվելու։ 

Օտարվող սեփականությունը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության, «Ռենշին» ՍՊԸ-ի և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ հիմնադրված «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ)։ Ընկերությունը պետական ռեգիստրում գրանցվել է 2024թ մայիսի 31-ին։ ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետերեր են՝ Հայաստանի Հանրապետությունը՝ 19.002471%, «Հայփոստ» ՓԲԸ-ն՝ 30.997529 % և «Ռենշին» ՍՊԸ-ն՝ 50 %:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 21 մլրդ 898 մլն 520 հազար դրամ, որից 10 մլրդ 949 մլն 260 հազար դրամ ներդրումը կատարելու է «Ռենշին» ՍՊԸ-ն՝ դրամական միջոցների տեսքով, իսկ Հայաստանի Հանրապետությունը և «Հայփոստ» ՓԲԸ-ն իրենց ներդրումը կատարել են Սարյան 22 հասցեում գտնվող անշարժ գույքերի տեսքով։ Հայաստանի Հանրապետության ներդրումը 4 մլրդ 161 մլն 260 հազար դրամ է, որը ներդրվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքն է։ «Հայփոստ» ՓԲԸ-ի ներդրումը կազմում է 6 մլրդ 788 մլն դրամ է, որը կենտրոնական փոստատան արժեքն է՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը և հողամասի կադաստրային արժեքը։

Կառավարությունը 2024թ․ հունիսի 27-ի N 999-Ն որոշման մեջ նշել է, որ «Ռենշին» ՍՊԸ-ի ներկայացրած ծրագրի իրականացման շահը գերակա է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ՝

  • Ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարելավվի գործարար միջավայրն ու զբոսաշրջության մակարդակը, կվերանան Երևանի կենտրոնում առկա հին և խարխուլ, ինչպես նաև՝ տարերայնորեն տեղակայված շինությունները, փոխարենը կկառուցվի քաղաքաշինական տեսակետից կարևոր նշանակություն ունեցող Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) անվամբ Ա դասի գերժամանակակից բիզնես էկոհամակարգ, ինչը, բնականաբար, կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն Երևանի և ամբողջ հանրապետության համար։
  • Ծրագրի իրականացումը կունենա նաև քաղաքաշինության, բնապահպանության, առողջության, սպորտի, մշակույթի զարգացման նշանակություն։

«Ռենշին» ՍՊԸ-ի ծրագրի համաձայն՝ այն կներառի գրասենյակային տարածքներ, 4 կամ 5 աստղանի տարբեր ձևաչափերի հյուրանոցներ, կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, «EXPO» սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվություն ծավալելու համար, զբոսաշրջության զարգացմանը նպաստող գործունեության տարածքներ, ենթակառուցվածքներ, առևտրի սրահներ, ավտոկայանատեղի և այլն։

Սեփականատերերը դժգոհ են գույքի գնահատումից, գնահատողներին ընտրել և վճարում է գույք ձեռք բերողը

Սուսաննա Հակոբյանի հարևանները նույնպես՝ 12 ընտանիք, փոխհատուցման գումարի ոչ բավարար լինելու և դրանով նույն վայրում այլ անշարժ գույք ձեռք բերելու անհնարինության մասին հայցեր են ներկայացրել դատարան։ Սեփականատերերը դժգոհ են նաև գնահատողներից։

«Ոչ պատշաճ գնահատումների հարցում մեծ դերակատարում ունի նաև այն հանգամանքը, որ գնահատողներին ընտրել և վճարում է գույք ձեռք բերողը՝ «Ռենշին» ՍՊԸ-ն, այդ պատճառով էլ սեփականատերերը լուրջ մտահոգություններ ունեն»,- նշում է փաստաբան Դավիթ Ասատրյանը։ Գնահատման հաշվետվությունների թերի լինելն ապացուցել են նաև նրանով, որ Կադաստրի կոմիտեի մասնագիտական հանձնաժողովին ներկայացրած իրենց բողոքները մեծամասամբ բավարարվել են։

Փաստաբանի համոզմամբ՝ Հայաստանում գնահատման օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումները զիջում են միջազգային և հատկապես եվրոպական փորձին (Եվրոպական գնահատողների ասոցիացիաների խմբի (TEGOVA) մշակած Եվրոպական գնահատման ստանդարտների 10-րդ հրատարակչությամբ սահմանված կարգին):

«Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ նախադեպային որոշումների համաձայն՝ սեփականատերերը պետք է ստանան այնպիսի փոխհատուցում, որ կարողանան նույն վայրում նույնանման անշարժ գույք ձեռք բերել, սակայն հաճախ այդ գումարը բավականացնում է քաղաքի ծայրամասերում բնակարան գնելու համար»,- ասում է Դավիթ Ասատրյանը։

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ն իր հերթին 2025թ սեպտեմբեր ամսից հայցեր է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ Կենտրոնական փոստատան և շրջակա Սարյան, Ֆրիկի, Թափաբաշի, Կոզեռնի, Սուրբ Հովհաննեսի փողոցներում բնակվող 21 սեփականատերերի դեմ։

Ընկերությունը դատարանին խնդրում է՝

  • հանրության գերակա շահերի ապահովման նպատակով դադարեցնել անշարժ գույքերի նկատմամբ նրանց սեփականության իրավունքի պետական գրանցումը,
  • տվյալ անշարժ գույքերի նկատմամբ ճանաչել ձեռք բերողի՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը,
  • պարտավորեցնել պատասխանողներին ամբողջությամբ ազատել անշարժ գույքը և այն հանձնել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ին:

Բոլոր հայցերով դատարանը գույքերի նկատմամբ արգելանքի որոշումներ է կայացրել։

Կոզեռնի փողոց 10/1 տան սեփականատեր Սուսաննա Հակոբյանը սեփական տունը արգելանքից հանելու իրավական հիմքեր է ներկայացնում և դատական պաշտպանության դիմելով՝ փորձում է հասնել նրան, որ իր տունը չներառվի օտարման ենթակա գույքերի ցանկում։

Փաստաբան Դավիթ Ասատրյանը դատարանին միջնորդել է վերացնել իր վստահորդի գույքի վրա դրված արգելանքը և հայցի ապահովման միջոց կիրառել՝ արգելելով  «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ին նախատեսված տարածքներում քանդման կամ շինարարական որևէ աշխատանք կատարել։ Միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ առկա է իրական սպառնալիք, որ սույն դիմումի քննության ընթացքում Կառավարության 27․06․2024թ․ որոշման գործողությունը չկասեցնելու դեպքում դիմումատուին, ինչպես նաև մյուս գույքերի սեփականատերերին կարող են էական վնասներ պատճառվել։

«Կառավարության որոշմամբ օտարման ենթակա գույքերից շատերի, այդ թվում՝ դիմումատուի դեպքում, օտարվող գույքը հանդիսանում է նրանց միակ կացարանը, նրանք դրանցից բացի այլ անշարժ գույք չունեն, հետևաբար՝ տարածքում քանդման և շինարարական աշխատանքների կատարումը կարող է էական վնասներ պատճառել անձանց»,- ասում է փաստաբանը։

Առաջին ատյանի դատարանը բավարարել էր նրա խնդրանքը և գույքը հանել արգելանքից, սակայն «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի բողոքարկման արդյունքում Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը բեկանել է դատարանի որոշումը, և տունը կրկին արգելանքի է վերցվել։

Կողմերի միջև կնքվող պայմանագրով սահմանվում են սեփականատերերի կողմից անշարժ գույքն ազատելու ժամկետները, սակայն, Դավիթ Ասատրյանի ասելով, այդ ժամկետները մեծամասամբ բավարար չեն նոր գույք ձեռք բերելու համար։ Ձեռք բերողները հաճախ փոխհատուցման գումարը փոքր-ինչ ավելացնում են, որպեսզի անշարժ գույքն արագ ազատեն, սակայն այդ ժամկետում չի հաջողվում նոր  գույք գնել։ Սեփականատերերը հարկադրված են լինում վարձակալությամբ բնակվել։ Փաստաբանի կարծիքով՝ այս հարցը անհրաժեշտ է օրենսդրորեն կարգավորել, սահմանել այն նվազագույն ժամկետը, երբ ձեռք բերողը կարող է անշարժ գույքն ազատելու պահանջ ներկայացնել։

Բացի դրանից, Սուսաննա Հակոբյանը երկու այլ հայցադիմումներով դատական կարգով փորձում է սեփականացնել ընտանիքի կողմից փաստացի օգտագործվող հողամասերը, որից մեկը հանրային տարածք է համարվում։ Երևանի քաղաքապետարանից պահանջում է նաև տան բակը փաստացի օգտագործման իրավունքով ճանաչել իր սեփականությունը։ Սուսաննան պատմում է, որ բակը հարևանի հետ ընդհանուր օգտագործման տարածք է եղել։ Հարևանն իր տունը վաճառել է, որից հետո մոտ 20 տարի ամբողջությամբ իրենք են տիրապետում։

Այդպիսի պահանջներով դատական գործեր ունեն նաև իրացման գոտու մյուս բնակիչները,  բայց դրանցից ոչ մեկը դեռևս չի հանգուցալուծվել։

Գույքի օտարման գործընթացը չի առկախվի դատական վիճարկումների հետևանքով

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում այս տարի փոփոխություններ են կատարվել, որոնք ուժի մեջ մտան 2026 թ․ փետրվարի 16-ին։ Մինչև խորհրդարանի հաստատելը, այս տարվա հունվարի 14-ին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել էր «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը։

Նախարարը հայտնել էր, որ օրենսդրական փոփոխությունները հաստատվելուց հետո գույքի օտարման գործընթացը չի առկախվի դատական վիճարկումների հետևանքով` չվնասելով հանրության գերակա շահով պայմանավորված նպատակի իրացմանը։

Ս․ Գալյանը տեղեկացրել էր նաև, որ գույք ձեռք բերողի համար նույնպես օրենքը վարչական պատասխանատվություն՝ տուգանք է սահմանել օտարումը օրենքով սահմանված ժամկետում չսկսելու և Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում չավարտելու համար։ Նպատակն այն է, որ ապահովվի անհատի, պետության և հանրության շահերի ողջամիտ և արդարացի հավասարակշռություն:

Կառավարության թիվ 999-Ն որոշման համաձայն՝ սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը 24 ամիս է՝ սկսած որոշման ուժի մեջ մտնելու օրվանից։ Այսինքն՝ 4 ամսից լրանում է իրացման ժամկետը, սակայն ընկերության դեմ ներկայացված դատական հայցերի քննությունը նոր է սկսվում։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter