HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրամիության դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից:

«Նախագահը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ընդգծելով, որ առաքելության գործունեությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության և անվտանգության ապահովման գործում։

Նա նշել է, որ վերջին չորս տարիների ընթացքում իրականացված աշխատանքը զգալի ներդրում է ունեցել լարվածության նվազեցման և խաղաղ միջավայրի ձևավորման ուղղությամբ։ Նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը ցուցաբերել առաքելությանը՝ դրա արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։

Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ընդունելության և վստահության համար՝ նշելով, որ մեծ պատիվ է ստանձնել այս առաքելության ղեկավարումը նման կարևոր ժամանակահատվածում։ Նա ընդգծել է, որ շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ առաքելության արդյունավետությունն ապահովելու և տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստելու համար։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Եվրամիության դիտորդական առաքելության դերը Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանում՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի համատեքստում։

Նշվել է նաև, որ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար, որոնք բարձր են գնահատում դրա դերը սահմանամերձ բնակավայրերում անվտանգության և կայունության ապահովման գործում։ Կարևորվել է նաև արդեն ընթացող խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter