Բելառուսին պարտվելուց հետո Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի ցուցակում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր վարկանիշային ցուցակը: Հաշվետու ժամանակահատվածում՝ մարտի 29-ին, 1-2 հաշվով պարտվելով Բելառուսին՝ Հայաստանի հավաքականը 105-րդից նահանջել է 106-րդ հորիզոնական 211 ընտրանիների ցուցակում:
Ցավալի է, բայց Հայաստանի ընտրանին մեկն է այն 6 հավաքականներից, որոնք վերջին 5 խաղերում միայն պարտություններ են կրել: Մեր ընտրանու պես այսպիսի տխուր վիճակագրություն ունեն Սողոմոնյան Կղզիները, Թայվանը, Մակաոն, Ջիբրալթարը, Բահամները:
Համաշխարհային ցուցակը սկսել է գլխավորել աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիան, որին լավագույն 10-յակում հաջորդում են Իսպանիան, Արգենտինան, Անգլիան, Պորտուգալիան, Բրազիլիան, Նիդերլանդները, Մարոկկոն, Բելգիան, Գերմանիան:
Ազգերի լիգայի առաջիկա խաղարկությունում Հայաստանի մրցակիցներից Մոնտենեգրոն 81-րդն է (+1), Կիպրոսը՝ 126-րդը (+2), իսկ Լատվիան՝ 137-րդը (+2): Փաստորեն, նշվածներից միայն մենք ենք նահանջել հունվար ամսվա ցուցակի համեմատ:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Հայաստանի ընտրանին Երեւանում ընկերական մրցավեճ է անցկացնելու Ղազախստանի հետ, իսկ հունիսի 9-ին կրկին տանը հանդիպելու է Մոլդովային: ՖԻՖԱ-ի ներկա վարկանիշային ցուցակում Ղազախստանը 110-րդն է (+4), իսկ Մոլդովան՝ 159-րդը (-1):
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան, որը 32-րդն է համաշխարհային ցուցակում, հաջորդում են Ռուսաստանը (36), Ուզբեկստանը (50), Վրաստանը (72), Բելառուսը (97), Տաջիկստանը (103): Մյուսները Հայաստանի հավաքականից ավելի ցածր հորիզոնականներում են:
Մեր հարեւաններից ամենաբարձր դիրքում Իրանն է (21), Թուրքիան 22-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 72-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 124-րդը:
Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի հունիսի 10-ին:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել