Պատվոգիր՝ Հայաստանին
Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և Օզոնի քարտուղարության կողմից շնորհվել է պատվոգիր` «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության 25-ամյակի կապակցությամբ:
ՀՀ բնապահպանության նախարարությունն այս բարձր պատվին է արժանացել գալիք սերունդների համար օզոնային շերտը պահպանելու գործում էական ներդրման, օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինմանն ուղղված շարունակական և հետևողական աշխատանքի շնորհիվ: Հիշենք հիմնական ձեռքբերումներն այս ոլորտում.
1999 թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացնում է «Օզոնային շերտի պահպանության նասին» Վիեննայի կոնվենցիան, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը և պարտավորվում մինչև 2010 թ. 100%-ով դուրս բերել գործածումից օզոնաքայքայիչ առավել վտանգավոր նյութերը:
2003 թ. վավերացվում են Արձանագրության Լոնդոնյան և Կոպենհագենյան, իսկ 2008 թ.` Մոնրեալյան և Պեկինյան ուղղումները:
2006 թ. ընդունվում է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքը, իսկ 2007 թ.` այդ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը:
2005-2007 թթ. առևտրային սառնարաններ արտադրող «ՍԱԳԱ» և աերոզոլներ արտադրող «Հայկենցաղքիմ» գործարաններում փոխարինվում են օզոնաքայքայիչ նյութերով աշխատող հոսքագծերը, ուսուցանվում և համապատասխան սպասարկման սարքավորումներով են ապահովվում սառնարանային և օդի կոնդիցիոնացման սարքավորումների 712 վարպետներ, ուսուցանվում են 112 մաքսային ծառայողներ` օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով:
Հանրապետության ամբողջ տարածքում իրազեկման բազմաթիվ և բազմաբնույթ սեմինարներ են անցկացվում օզոնային շերտի պահպանության մասին: Սեմինարներն ուղեկցվում են միջոցառումների մասնակիցներին համապատասխան գրականության և հուշանվերների բաշխմամբ:
2010 թ.-ի հունվարի 1-ից դադարում է ՀՀ տարածք առավել վտանգավոր օզոնաքայքայիչ նյութերի ներմուծումը:
Դեռևս շատ անելիքներ կան և Հայաստանը շարունակում է աշխարհի հանրության հետ պայքարել օզոնային շերտի վերականգնման համար:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել