HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հավանություն է տվել էներգետիկ համակարգում կուտակիչ կայանների ներդրումն ապահովող օրինագծերին

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերին, որոնցով էներգետիկայի բնագավառում կներդրվի լիցենզավորման նոր տեսակ՝ էներգիայի պահեստավորում։ Սա հնարավորություն կտա մեծացնել համակարգի կայունությունը և խթանել ներդրումները՝ հաշվի առնելով երկրում արևային կայանների թռիչքաձև աճը։

«Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին և միջազգային լավագույն փորձին համահունչ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում էներգիա պահեստավորող կայանների ներդրման նպատակով նախագծերով առաջարկվում է, մասնավորապես՝ որպես էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակ նախատեսել էներգիայի պահեստավորումը՝ կայանի կառուցման և էներգիայի պահեստավորման փուլերով (ժամանակահատվածներով)։ Նման լիցենզիա ունեցող անձին կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորող կայան կառուցելու (վերակառուցելու), շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք։ Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի բարձրացնել էներգետիկ համակարգի կայունությանն ու անվտանգությունը, ստեղծել նոր գործարար միջավայր, ընդլայնել իրական ներդրումները բնագավառում, ապահովել սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանությունը՝ ծառայությունների որակի, մատչելիության և անխափանության տեսանկյունից։

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, առաջարկվում է էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ևս մեկ տեսակ ավելացնել. խոսքը պահեստավորման լիցենզիայի մասին է: «Կառավարության լիազորված մարմնի կողմից առաջարկի հիման վրա ՀԾԿՀ-ն այսուհետ կտրամադրի լիցենզիաներ, և նման լիցենզիա ունեցող անձին կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորելու հնարավորություն: Միաժամանակ կտրվի հնարավորություն, շուկայի կանոնների համաձայն, մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք: Լիցենզավորման ենթակա չի լինի մինչև 1 ՄՎտ հզորությամբ պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորումը, ինչպես նաև 1 ՄՎտ-ից ավելի հզորությամբ կայանում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորելու գործունեությունը»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս նախագիծը կուտակիչ կայաններ ստեղծելու մասին է։ Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք մինչև հիմա կուտակիչ կայան ունենալու հնարավորություն չի եղել: Նախարարը պարզաբանել է, որ նախկինում նման կարգավորում չի եղել, որովհետև դրա անհրաժեշտությունն էլ չի եղել՝ վերջին տարիների ընթացքում է, որ այս տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է աշխարհում և Հայաստանում:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ընդգծել է, որ սա մի շատ կարևոր բարեփոխման մեկնարկ է և նախատեսում է իրավական կարգավորումների շրջանակ։

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը տեղեկացրել է, որ վերջին տարիներին ՀՀ-ում հատկապես արևային կայանների թռիչքաձև աճ է տեղի ունեցել. խոսքը տատանվող հզորությամբ աշխատող կայանների մասին է, ինչն էլ իր հերթին հաճախ բերում է լարման տատանումների, հաճախականության շեղման: «Ոլորտի զարգացման ռազմավարության համաձայն՝ 2023-ին հանրապետությունում պետք է ունենայինք 1000 ՄՎտ արևային կայաններ, բայց արդեն 2025 թվականի ավարտին այդ հզորությունը գերազանցում էր 1000 ՄՎտ, և 2026 թվականի մարտի 1-ի դրությամբ արևային կայանների հզորությունը հասնում է 1141 ՄՎտ, որից 479 ՄՎտ արդյունաբերական արևային կայաններն են, 662 ՄՎտ ՝ ինքնավար տանիքներին տեղադրված արևային կայաններն են: Դրան գումարած՝ ընթացքի մեջ են 170 ՄՎտ ՝ նախկինում տրված լիցենզիաներ, որոնք ևս առաջիկայում պետք է կառուցվեն: Հետևաբար, հարցի կարգավորման հիմնական գործիքներից մեկն էլեկտրական և էներգետիկական ռեժիմների կարգավորման առումով այսպիսի կայանների ներդրումն է և օրենքում լիցենզավորման համապատասխան փոփոխություն ունենալն է»,- ասել է ՀԾԿՀ նախագահը։ Մեսրոպ Մեսրոպյանի դիտարկմամբ՝ հետագայում այս հարցին օգնելու կգա Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան օդային գծերի գոյությունը՝ նոր կառուցված ենթակառուցվածքները, որոնք նույնպես կօգնեն այս հարցի կարգավորմանը: Այս պահին, ըստ նրա, նման օրենքի փոփոխությամբ փորձ է արվում առաջնահերթ կարգով կարգավորել խնդիրը:

Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Շուկային ասում ենք՝ կառուցե՛ք պահեստներ, մենք ձեզնից կվարձակալենք: Սա իրավական հիմքն է, որ մենք շուկային վարձակալության վճար տանք և երաշխիք ստեղծենք»:

Խոսելով ժամանակների պատմական լինելու և մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հիմա մեր ժամանակները պատմական են նաև էներգետիկայի առումով. «Որովհետև մեր ավանդույթից և պատմությունից սովոր ենք, որ մեր մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ մեծ էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք: Հիմա մեր աշխարհագրական դիրքում, տեղում բան չի փոխվել, բայց այդ իրավիճակը փոխվել է, որովհետև պարզվել է, որ մենք էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք: Այդ էներգառեսուրսն արևն է: Մենք ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր: Ի՞նչ է սա նշանակում: Մենք կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ մենք ընդհանրապես էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք: Բայց ինչ է պետք սրա համար: Սրա համար առաջին հերթին պետք է մտածողության փոփոխության, էներգետիկ մտածողության փոփոխություն»։

Ըստ երկրի ղեկավարի՝ ժամանակն է կենտրոնանալ կուտակման վրա, որպեսզի հնարավոր լինի արևից էներգիա վերցնել, որոնք պետք է լինեն ռազմավարությունների հիմքը, իսկ դրա համար անհրաժեշտ է նախ փոխել էներգետիկ մտածողությունը: Այդ համատեքստում վարչապետը կարևորել է նաև ոլորտի մասնագետները վերապատրաստման գործընթացը:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ բարեփոխման արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր, դիտարկումներ»,-նշված է կառավարության հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter