HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վազգեն Սաղաթելյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Այսօր՝ 2026թ. ապրիլի 2-ին դատարանը փոխել է «Իմնեմնիմի» յութուբյան հաղորդաշարի վարող Վազգեն Սաղաթելյանի կալանք խափանման միջոցը: Նրա նկատմամբ ընտրվել է տնային կալանք՝ խոսքի ազատության սահմանափակմամբ:

Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել 2025թ. հոկտեմբերի 4-ին և նոյեմբերի 8-ին, «AntiFake TV» անվամբ գրանցված յութուբյան օգտատիրոջ կողմից տեղադրված «Իմնեմնիմի» հաղորդաշարի (podcast) ընթացքում հասարակության, բարոյական և իրավական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար: Մեղադրանք է առաջադրվել նաև խուլիգանության հատկանիշներով, որն, ըստ մեղադրանքի՝ դրսևորվել է դիտավորությամբ անձանց ստորացնելով, հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով։

Հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները 2025թ. նոյեմբերի 13-ին ձերբակալեցին Ն. Սամսոնյանին ու Վ. Սաղաթելյանին: Ձերբակալվել էր նաև Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը, սակայն ավելի ուշ նա ազատ էր արձակվել: 

2026թ. հունվարի 9-ի դատական նիստի ժամանակ, երբ որոշվում էր խափանման միջոցի հարցը, Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, թե հաղորդում վարելու համար Ազգային ժողովի նախագահն իրեն ու ընկերոջը՝ Վազգեն Սաղաթելյանին անվանել է «շան լակոտներ»՝ լավ իմանալով իր լսարանը, դրա հրապարակայնությունը:

«Այսինքն՝ ո՞նց պետք է արձագանքի հայ տղեն, տղամարդը իրան նման քֆուր տվողին՝ լավ իմանալով, որ Ազգային ժողովի նախագահ է, ունի մեծ լսարան»,- հավելել էր Ն. Սամսոնյանը: Ըստ նրա՝ ԱԺ նախագահին կոռեկտ պատասխան է տվել:

2026թ. փետրվարի 19-ին փոխվել էր նաև Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը և ընտրվել տնային կալանք: Իսկ մարտի 24-ին դատարանի որոշմամբ կիրառված տնային կալանքը փոխվել և կիրառվել էվարչական հսկողություն։

Թե՛ Նարեկ Սամսոնյանը, թե՛ Վազգեն Սաղաթելյանը մեղադրանքը չեն ընդունում: Հայտարարում են, որ հանցագործություն չեն կատարել:

Լուսանկարը՝ abcmedia.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter