HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՊՎԾ-ն Վերաքննիչ դատարանում ևս պարտվեց «Հետքին»

Վերաքննիչ դատարանն այսօր՝ ապրիլի 3-ին որոշում է կայացրել՝ մերժել Պետական վերահսկողական ծառայության բողոքը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2025թ. դեկտեմբերի 19-ի վճիռը թողել անփոփոխ։

Հիշեցնենք՝ Պետական վերասկողական ծառայությունը 2025թ. հունվարի 13-ին հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և Սուսաննա Մուրադյանի։ ՊՎԾ-ն պնդում էր՝ արատավորվել է իր պատիվն ու արժանապատվությունը։ Դեկտեմբերի 19-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճռով հայցը մերժվել էր, քանի որ պետական մարմինը հանրային իշխանություն կրող է, ոչ թե «պատիվ», «արժանապատվություն» և «գործարար համբավ» հասկացություն կրող մասնավոր անձ։

ՊՎԾ-ն «Հետքից» պահանջում էր հերքում, ինչպես նաև՝ 2-ական մլն դրամ փոխհատուցում՝ խմբագրությունից և իր նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանից։

Ի՞նչն էր դատական վեճի հիմք հանդիսացել 

2024թ. դեկտեմբերին «Հետքը» գրել էր, որ ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները։ ՊՎԾ նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանը «Հետքին» պատմել էր, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չէին ուսումնասիրվել։ 

ՊՎԾ-ն պնդում էր՝ առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել տվյալների զրպարտչական լինելու հանգամանքը հիմնավորող փաստերին

Դատարանի վճռից հետո ՊՎԾ-ն հայտարարություն տարածեց՝ ասելով, թե հայցը մերժվել է և, ըստ էության, անդրադարձ չի կատարվել ՊՎԾ-ի կողմից ներկայացված՝ «Հետք»-ի հրապարակված տվյալների զրպարտչական լինելու հանգամանքը հիմնավորող փաստերին և ապացույցներին։

ՊՎԾ-ն հետևություն էր արել, թե նյութը պատրաստվել է լրատվամիջոցի կամ մեր աղբյուրի սեփական կարծիքի հիման վրա։

«Այնուհանդերձ, Ծառայության հեղինակությունն անվանարկելու կամ նման փորձ անելու ցանկացած դեպքում, այդ թվում՝ Ծառայության աշխատակիցներին որևէ արատավոր գործողությունների կատարում վերագրելու միջոցով, Ծառայությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկելու նման փորձերը ձախողելու կամ խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»,- ասված էր ՊՎԾ հայտարարությունում, որից հետո վերաքննիչ բողոք ներկայացվեց։

ՊՎԾ-ն չի վկայակոչել գեթ մեկ կոնկրետ փաստ, որը կհաստատի խեղաթյուրում կամ չարամտություն

Վերաքննիչ բողոքում ՊՎԾ-ն նշել է, որ «թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները» արտահայտությունը հոդվածում ներառելը ոչ այլ ինչ է, քան կասկածի տակ դնել Ծառայության նախկինում կատարված գործընթացների օրինականությունը, նսեմացնել նրա հեղինակությունը, հուսախաբ անել բոլոր այն դիմումատուներին, որոնք դիմել կամ դիմում են իրենց խնդիրների լուծման նպատակով:

ՊՎԾ-ն շարունակել է պնդել, թե հրապարակված հոդվածում կարևոր տվյալները չեն ներառվել, «Հետք»-ը միակողմանիորեն է ներկայացրել Սուսաննա Մուրադյանի սուբյեկտիվ ընկալումները։

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը վերաքննիչ բողոքի պատասխանում նշել է, որ ՊՎԾ-ն թե՛ հայցադիմումում, թե՛ դատական նիստերում չի վկայակոչել գեթ մեկ կոնկրետ փաստ, որը կհաստատի խեղաթյուրում կամ չարամտություն։

Բացի այդ, գործում առկա են փաստեր, որ մինչ հոդվածի հրապարակումը լրատվամիջոցը ձեռնարկել է բոլոր հնարավոր քայլերը հայցվորի լսված լինելու իրավունքն ապահովելու և ամբողջական ու հավաստի տեղեկատվություն։

Գ. Բալասանյանը վերաքննիչ բողոքի պատասխանում նաև հայտնել է, որ տեղեկատվությունն ակնհայտորեն վերաբերում է հանրային շահին։ Պետական մարմինը չի կարող ունենալ պատիվ ու արժանապատվություն, գործարար համբավ։ 

Անդրադառնալով այն հարցին, որ վերաքննիչ բողոքում նշվում էր, թե ֆինանսական պատասխանատվության կիրառումը կարող է կանխել «նմանատիպ երևույթները», «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նեկայացուցիչը նշել է, որ այս ձևակերպումը փաստացի բացահայտում է ՊՎԾ-ի հայցի իրական նպատակը՝ կանխարգելիչ ազդեցություն ունենալ լրատվամիջոցի հետագա հրապարակումների վրա։ Այս մոտեցումը հակասում է խոսքի ազատության սկզբունքին և միջազգային իրավական ստանդարտներին։

Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել վերաքննիչ բողոքի քննարկվող փաստարկները

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն գործով զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջ է ներկայացվել պետական մարմնի՝ Պետական վերահսկողական ծառայության կողմից: Եվ գործի հիմքում ընկած իրավահարաբերություններն ունեն մասնավոր բնույթ, ինչը ենթադրում է կողմերի հավասարություն, այսինքն՝ իրավունքի սուբյեկտները միմյանց առջև հանդես են գալիս իրավահավասար կերպով, մինչդեռ իր հանրային իշխանական լիազորությունների գործադրման արդյունքում ՊՎԾ-ն չի կարող իրավահավասար հարաբերությունների մեջ գտնվել մասնավոր անձանց հետ և սույն գործի շրջանակներում մյուս կողմի հետ հանդես գալ հավասար կերպով։

«Զրպարտության գործով որպես հայց հարուցելու իրավունք ունեցող պատշաճ սուբյեկտ կարող է հանդես գալ ոչ թե պետական մարմինը, այլ՝ մասնավոր անձը: Հետևաբար, կարգավիճակից բխող առանձնահատկությունից ելնելով՝ սույն գործով պետական վերահսկողական ծառայությանը չի կարող հանդես գալ որպես անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու հայցով սուբյեկտ՝ պատշաճ հայցվոր, ուստի՝ վերջինիս կողմից հարուցված հայցը ենթակա չէր բավարարման, հետևաբար՝ Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել վերաքննիչ բողոքի քննարկվող փաստարկները։

Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումն առ այն, որ վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման՝ հիմնավոր է, և Դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտում, ուստի բողոքը բավարարելու հիմքերը իրավացիորեն բացակայում են, հետևաբար վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման»,- նշված է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ։

Թեև Վերաքննիչ դատարանը ևս չի անդրադարձել այլ ապացույցներին, այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ թե ՛ Վերաքննիչ դատարանին, թե ՛ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին ներկայացրել ենք բոլոր փաստերը, որոնք ապացուցում են, որ հոդվածը հրապարակվել է ոչ թե աղբյուրի սուբյեկտիվ գնահատականի, այլ բազմակողմանի ուսումնասիրության և ստուգված տվյալների հիման վրա։ Իսկ պետական մարմնի կողմից լրատվամիջոցի նկատմամբ դատական գործընթաց նախաձեռնելը ավելի շատ հիշեցնում է քննադատական հրապարակումները զսպելու փորձ։ Ավելին, նման դատական վարույթները ոչ միայն անհարկի ծանրաբեռնում են դատարանները, այլև հանգեցնում են հանրային միջոցների ոչ նպատակային օգտագործման՝ վտանգելով խոսքի ազատության և անկախ լրագրության սկզբունքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter