HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բեմական լույսերի նկարիչն ու կախարդը. Էդուարդ Պողոսյան

«Եթե ուզում ես խոսել թատրոնի մասին, մինչև Էդիկի մասին չխոսես, թատրոնի մասին չես կարող խոսել: Նրա երակներում թատրոնի արյունն է: Յուրաքանչյուր ռեժիսոր կերազեր իր հետ աշխատել»:

(Խորեն Աբրահամյան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ)

Տղամարդու ծանոթ, ձիգ արտաքինը գծագրվում է դռների արանքում: Տարիները չեն կորացրել նրան: Անգամ 86 տարեկանում արտիստիկ նույն կեցվածքն է, որ առավել բնորոշ է պրոֆեսիոնալ պարողներին: Բարևում է առանց ժպտալու՝ սովոր շարժումով ուղղելով երկար, ալեխառն մազերը: Ձայնի մեջ ջերմության նոտաներ են հայտվում, երբ ներս է հրավիրում: 

-Հիմա ի՞մ մասին ենք խոսելու, թե՞ թատրոնի,-հարցնում է՝ տեղավորվելով սեղանի մոտ:

-Իսկ հնարավո՞ր է այդ երկուսը տարանջատել,-ժպտում եմ:

Ուսերն է թոթվում՝ հետ ընկնելով աթոռի թիկնակին ու աչքերը սպասողական հառելով դեմքիս:  

-Իմ բախտը բերել է թատրոնի առումով, ես 6 ամսականից եմ այնտեղ, բայց դերասան չդարձա,-նկատում է զրուցակիցս:

Սկզբում նա «սիրուն Էդիկն» էր, հետո Լենինականում (Գյումրի) հայտնի դարձավ որպես «պարող Էդիկ», սակայն ամենասիրելին «թատրոնի կամ լույսերի Էդիկ» տիտղոսն է, որ նրան ուղեկցում է մինչ օրս, թեպետ ունի մշակույթի վաստակավոր գործիչ և «Գյումրու երախտավոր» կոչումները: Բեմն իր երկրորդ տունը դարձավ, երբ 3 տարեկան էր, իսկ հասուն տարիքում՝ առաջինն էր ու, իր ձևակերպմամբ, «կյանքի իմաստը»: 

«Հայրս՝ Հակոբը, Ամերկոմի որբանոցի սան էր: 16 տարին լրանալուց հետո, ըստ որբանոցի կարգի, պիտի դուրս գար՝ ինքնուրույն կյանք սկսելու համար: 1928թ.-ն էր, թատրոնը պետականացվել էր, և նրան տեղավորում են այնտեղ` որպես բեմի բանվոր: Հայրս երեք տարի ապրել ու աշխատել է թատրոնում, մինչև իր անկյունն է ունեցել, ամուսնացել է Գյումրիում հայտնի Ղալաչի Մկոյի աղջկա հետ,-պատմում է Էդուարդ Պողոսյանը,-ես ծնվել եմ 1940թ.-ին: Մենք երեք երեխա էինք ընտանիքում ու մենակ ես էի, որ 3-4 տարեկանից, հորս փեշից կպած, թատրոնից դուրս չէի գալիս: Ինձ անչափ գրավում էր բեմը, լույսերը, մարդկանց մեջ լինելը»:

Հիշում է, թե ինչպես էր գնում բեմի բանվորների մոտ, նայում` ինչպես են դեկորացիաները դնում: 1940-ականներին թատրոնի տնօրենը Ժան Էլոյանն էր, հաճախ էր դիմում նրան՝ խնդրելով, որ թույլատրի այս կամ գործողությունը կատարել: «Ասում էի՝ «Ժան ձյաձյա, կխնդրեմ, ի՞նչ կեղնի, Սուրեն ձյաձյային ըսա թողնի զանավեսը ես բացեմ»: էն ժամանակ տեխնիկա չկար, վարագույրը ձեռքով էին բացում ու դրա համար հատուկ հմտություն էր պետք, որ քաշելուց սահուն ստացվեր՝ չկտրտվեր: Եթե կոմեդիա էին խաղում, պիտի արագ փակվեր, եթե դրամա էր, պիտի դանդաղ բացվեր, ամեն ինչը չափած-ձևած էր: Սուրեն ձյաձյան հենց էդ հատուկ մարդն էր՝ վարագույր բացողը: Ինձ մեկ-մեկ թույլ էին տալիս, ու եթե գիտեի, որ էդ կիրակի ցերեկային ներկայացման զանավեսը ես պիտի բացեի, էդ գիշեր չէի քնի, ի~նչ ապրումներ կունենայի, չեք պատկերացնե»:

Դեռ դպրոց չէր հաճախում, սակայն կարող էր պարծենալ, որ 6 տարեկանից բեմ է բարձրացել հայտնի արտիստների հետ: Այն ներկայացումներում, որտեղ փոքր երեխայի դեր էր լինում, վստահում էին Էդիկին: Առաջին մանկական, լուրջ դերը ստացել է «Վաճառված տուն» ներկայացման մեջ, 7 տարեկանում: Թատրոնում հրամանագրված աշխատող է դառնում 1956թ.-ից, պաշտոնը՝ ցրիչ: «Ես դպրոցս չավարտած՝ արդեն աշխատում էի թատրոնում, երկրորդ հերթ՝ցրիչություն էի անում,-պատմում է զրուցակիցս,-այն ժամանակ հեռախոս չկար տներում ու թատրոնից դերասաններին գրությունները ես էի տանում, քաղսովետ էին ուղարկում գրությամբ և այլն: Հայրս թատրոնի էլեկտրիկն էր, իրեն էի օգնում, լույս դնել էի սովորում, դերասանական շնորհք ունեի՝ փոքրիկ դերեր էին տալիս: Հին թատրոնի բեմում մինչև 1959թ.-ը խաղացել եմ ներկայացումներում, հետո նրանք, ովքեր ինձ ճանաչում էին, զարմացան, որ դերասան չդարձա»:

Մեղավորը պարն էր, ավելի ճիշտ` 1956թ.-ին Թիֆլիսից Լենինական հյուրախաղերով հասած հայտնի մի պարախումբ: «Ես նայեցի իրենց ելույթը բեմին ու պարզապես սիրահարվեցի պարին, էդ հագուստներին, կեցվածքին ու որոշեցի, որ պիտի պարող դառնամ: 16 տարեկան էի, պարողների չափանիշներով մեծ էի, ասենք` պարի ընդունում էին սովորաբար 6-7 տարեկանից, ես տասը տարի ուշացումով ուզում էի պարել սովորել, հետն էլ բեմերում ելույթ ունենայի,-Է. Պողոսյանը ծիծաղում է,-մի խոսքով, որոշեցի գնալ Երկաթգծի ակումբ՝ Շաբոյանի մոտ, քանի որ քաղաքում ինքն էր հայտնի իր խմբով: Ընդունարանում մի տղայի հանդիպեցի, որ էլի տարիքը մեծ էր, ծանոթացանք, հետո երկուսով էլ մտանք ընդունելության: Շաբոյանը նայեց, խոսեց մեր հետ, ինձ ասաց՝ «Տղա ջան, դու գնա Պիոներ պալատ, էնտեղ ավիամոդելների խմբակ կա, ավիամոդելիստ կդառնաս», հետիս տղային էլ, որ ինձնից պլոտնի էր (նկատի ունի քաշը-հեղ.), ասեց՝ գնա շտանգա պարապի»:

Տղաները Շաբոյանի պարային ստուդիայից դուրս են գալիս նեղված, բայց ոչ հուսահատված: Որոշում են դիմել Շահումյանի անվան կուլտուրայի պալատ, որտեղ գործող պարի խումբն այն ժամանակ ղեկավարում էր Օնիկ Էլոյանը: Այստեղ նայում են տղայի քայլվածքը, զրուցում, անգամ պարային շարժումներ անելու հարկ չի լինում՝ ընդունում են: Երբ հայտարարվում է, որ Երևանում 1958թ.-ին բացվելու է պարի պետական անսամբլը, Էլոյանը սկսում է պարապել Էդուարդի հետ, որպեսզի նա կարողանա իրականացնել մեծ բեմերում հանդես գալու իր երազանքը: Մրցույթն անցնում է հաջողությամբ, սակայն Երևանում երկար չի մնում: Հրավերով մեկնում է Արցախ, որտեղ ճանաչված պարող Ազատ Ղարիբյանն ու բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը պարի խումբ էին հավաքում: 

«Ստեփանակերտ 6-7 ամիս եմ աշխատել, հետո Բաքվի Ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար Ալիբաբա Աբդուլաևի հրավերով տեղափոխվել եմ իրենց անսամբլ, տարիուկես էլ էնտեղ եմ աշխատել: Տաշքենդում պարի փառատոնի ժամանակ ծանոթացա Ռոստովից եկած խմբի անդամների հետ, ինձ հրավիրեցին Ռոստով՝ «Դոնսկիխ կազակով» խմբում պարելու, սովետի մասշտաբով 3-րդ անսամբլն էր «Բերյոզկայից» ու «Մայիսեևից» հետո: Էնտեղ սոլիստ եմ եղել»,- պատմում է Էդուարդ Պողոսյանը: 

Հայաստան է վերադարձել 1965թ.-ին ու անմիջապես տեղավորվել աշխատանքի Լենինականի Մռավյանի անվան դրամատիկական թատրոնում, նույն տարում էլ ամուսնացել է Ջուլիետայի հետ, ով Պիոներ պալատում բալետ էր դասավանդում: Թատրոնում աշխատելուն զուգահեռ, 20 տարի ղեկավարել է Լենինականի գուլպա-նասկեղենի ֆաբրիկային կից (տեղացիների լեզվով՝ Չուլոչնու) երգի-պարի անսամբլը: Այդ տարիներին ամուսիններին հրավիրել են  մայրաքաղաքում աշխատելու, սակայն հրաժարվել են: 

«Գիտե՞ս, թե ինչու են բոլոր թատրոններն այսօր ձգտում լուսային, տեխնիկական ժամանակակից հագեցվածություն ապահովել, որովհետև խաղը՝ խաղ, բայց ներկայացումներ կան, որ առանց լուսային ու ձայնային էֆեկտների էն ազդեցությունը չեն ունենում,-ասում է վարպետ Էդիկը,-անցած դարի իմ ճանաչած դերասաններից միայն երկուսն էին, որ անտեսում էին դա՝ Վահրամ Փափազյան և Ֆրունզիկ Մկրտչյան: Եվ այս երկու մեծություններն էին, որ Հայաստանում գործող բոլոր թատրոնների հետ գնում ներկայացում էին խաղում: Հիշում եմ՝ Փափազյանը պիտի Լենինականում «Օթելլո» խաղար: Ուրեմն, բեմը դրել ենք, լույսերը կարգավորել, իրեն ենք սպասում: Եկավ, ես սկսեցի ցույց տալ, ասել՝ որ պահին ինչ լույս ենք վառելու, ինչ ենք անելու: Ինքը լսում էր ու հավանություն էր տալիս՝ ապրես, մանչս: Հետո ընկավ թևս, խմբից տարավ մի կողմ, ձեռքով խփեց ուսիս ու ասաց՝ «ատ» բոլորը ռադ արա, լույսերը վառե՝ խաղամ»։

Էդուարդ Պողոսյանը հիշում է նաև շատ հետաքրքիր դեպք՝ կապված Ֆրունզիկ Մկրտչյանի հետ. «Մի օր գիշերով զանգեց, թե` առավոտ շուտ արի թատրոն։ Կհարցնեմ՝ ի՞նչ է եղել, Ֆրունզ, ընչի՞ ես խառնվել իրար, թե բա՝ չիդեմ, վռազ արի, գործ կա: Առավոտ շուտ գնացի Երևանում իրա հիմնած թատրոն: Ասում է՝ մի հատ ներկայացում եմ սկսել (խոսքը «Հացթուխի կինը» ներկայացման մասին է-հեղ.), խայտառակ վիճակ է, Էդո ջան, լրիվ լույսերի վրա է, չեղավ՝ ներկայացումը չի էղնի: Կհարցնեմ՝ ի՞նչ է պետք, թե բա՝ հացի փուռ, ասի՝ մի մտածի, լույսերով էն ձևի ցույց տամ, որ հացի հոտը գա դահլիճ: Աչքերը պայծառացան, հետո ըսեց, թե՝ գիտես, վերջում բդի վառեմ, ըսի՝ Ֆրունզ, ընբես սարքեմ, որ դրսից վազեն գան, թե թատրոնն իսկականից վառավ, ըսեց՝ ներկայացման մեջ տեղ կա, որ ճահիճներով բդի էրթամ, ըսի՝ ըմբես էնեմ, օր հանդիսատեսն իմանա ինքը մեջն է, ոտքերը վերև հանե: Սկզբում ուրախացավ, հետո մեկ էլ ճվաց, աչքերը չարացան: Ես իրան կյանքում էդ վիճակով չէի տեսել: Ըսեց՝ վերջացրու, ախպեր ջան, էդ բոլորն օր դու բդի էնես, ըբը մե՞նք ինչ բդի էնենք: Փափազյան ու Ֆրունզ. էս երկու դերասանն էին, որ երբեք չեն ուզեցել լուսային խաբկանք լինի իրենց ներկայացումներում, իրենց պետք էր, որ հանդիսատեսը մաքուր խաղ տեսնի»:

Էդուարդ Պողոսյանին ճանաչողներն ու երկար տարիներ համագործակցած ռեժիսորները նրան կատակով կոչում էին «լույսերի կախարդ»: Մի առիթով, խոսելով նրա մասին, ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը հետևյալն է ասել. «Էդիկը տոհմիկ արվեստագետ է: Մարդ, որ փոքրուց՝ իր պայծառ ծնողների շնորհիվ, կապվեց թատրոնի հետ: Այդ թատրոնի հետ մեծացավ, առնականացավ, և իմ խորին համոզմամբ, դարձավ թատերական աշխարհի երևելիներից մեկը: Նա աշխատեց Վարդան Աճեմյանի, Արմեն Գուլակյանի, Ցոլակ Ամերիկյանի, Լևոն Զոհրաբյանի, Արզո Արզումանյանի, Արտավազդ Փաշայանի, Մհեր Մկրտչյանի և էլի շատ մեծերի հետ: Ես չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ նշածս մեծերն էն, ինչ անում էին նրանք բեմում, Էդիկը դա անում էր կուլիսներում: Թատրոնը շատ դաժան բան է: Թատրոնը նման է այն սիրուհուն, ում խանդն ահավոր է, դու ուրիշ ոչ մի տեղ չես կարող լինել, բացի թատրոնից, պիտի անմնացորդ նվիրվես իրեն: Էդիկ Պողոսյանն այն անձանցից է, որ անմնացորդ նվիրված է թատրոնին: Եթե այսօր կա Գյումրու թատրոնը, թող չթվա չափազանցություն, կա, որովհետեւ կա Էդիկը» (2000թ.):

Այն, որ երկրաշարժից հետո Լենինականի թատրոնը չթալանվեց, դա էլ Էդուարդ Պողոսյանի շնորհիվ էր: Պատմում է, որ այդ օրը Երևանում է եղել և միայն ժամը 15-ին է տեղեկացել Լենինականին հասած պատուհասի մասին: Երբ հասել է քաղաք ու իմացել, որ ընտանիքի հետ ամեն ինչ կարգին է, անմիջապես ուղևորվել է թատրոն: «Ու էդ վայրկյանից սկսած ես ու Գերասիմ Բադոյանը թատրոնից դուրս չենք եկել, էնտեղ կքնեինք, պահակություն կենեինք, դրա շնորհիվ թատրոնից մի չոփ չի պակասել,-ասում է զրուցակիցս,-դրան հակառակ, օրինակ՝ Պիոներ պալատն ամբողջովին թալանվեց: Էն ժամանակ քաղկոմի քարտուղարը Միսակ Լևոնիչն էր, կարգադրել էր, որ Երևանից եկած ճարտարապետներին տեղ տայինք թատրոնում մնային, էն խաչը վկա, չենք թողել, մերժել եմ, մի հոգի օտար մարդ թատրոն չի մտել»:

1999թ.-ին Էդուարդ Պողոսյանին նշանակում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, աշխատում է մինչև 2008թ.: Պատմում է, որ թատրոնն ընդունել է 22 մլն դրամ պարտքով, սակայն կարողացել է փակել, իսկ հետագայում ներկայացումների ու տոմսերի վաճառքի շնորհիվ` անգամ դերասանների աշխատավարձը բարձրացնել: Նրա տնօրինության օրոք, «Լինսի» ծրագրով, վերանորոգվում է ողջ թատրոնը, թեպետ դիմել էր միայն տանիքի նորոգման համար: Վարչական գործերին զուգահեռ չէր դադարում զբաղվել նաև բեմի տեխնիկական խնդիրներով, շարունակում էր լույս դնել ներկայացումների համար ոչ միայն հարազատ, այլև հանրապետության մյուս թատրոններում, որտեղից հրավեր էր ստանում:

«Ռեժիսորներ կային, որ առանց ինձ ներկայացում չէին դնում, օրինակ` Խորիկը Աբրահամյան, Վահեն Շահվերդյան, Հրաչիկը Ղափլանյան: Ես 20 տարի աշխատել եմ Վարդան Աճեմյանի հետ: Ինքը մեր մոտ «Չար ոգին» կբեմադրեր, բայց ժողովուրդը ներկայացումը գալիս էր նայելու լույսերի համար,-վարպետ Էդիկը ծիծաղում է,-Երևանի մարզահամերգային համալիրի լույսերն եմ դրել՝ ամբողջ տեխնիկան Մոսկվայից էն ժամանակ ես գնացի բերեցի: Հյուրախաղերի ժամանակ պարտադիր ուղեկցում էի էն թատերախմբերին, որոնց ներկայացման լույսերը ես էի դրել: Լույսը ներկայացման հաջողության գրավականն է: Դու պիտի մտնես ներկայացման մեջ, ըմբես պիտի լույսերով «խաղաս», ինչխոր դերասանը բեմի վրա»:

Բեմադրիչ Վահե Շահվերդյանն Էդուարդ Պողոսյանին կոչում էր «բեմական լույսերի նկարիչ», շատերը նրան մեծարում էին` անվանելով Վարպետ: Էդուարդի տղան՝ Արթուրը և եղբոր տղան՝ Հակոբը, ներկայում Գյումրու դրամատիկական թատրոնում շարունակում են նրա գործը: «Հիշում եմ՝ փոքր էի, հորս հետ ներկա էի հայտնի դերասանների կերուխումին: Ցոլակ Ամերիկյանը բաժակը բարձրացրեց ու դիմեց ինձ, ասաց՝ բալես, կգա ժամանակ, դու կպարծենաս, որ ինձ հետ բաժակ ես վերցրել՝ ոչ մեկ չի հավատա,-զրուցակիցս բեղերի տակից ժպտում է,-բայց փաստ է՝ 2028թ.-ին կլրանա մեկ դարը, որ մեր ընտանիքը թատրոնում է: Հայրս 1928թ.-ին ոտք դրեց այնտեղ, հետո մայրս է եկել, մենք՝ երեխաներս ենք շարունակել, ամուսնացա՝ կինս միացավ, հիմա տղաս ու հարսս են թատրոնում և հույս ունեմ, որ էս կապը չի կտրվելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter