Նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ
Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ, որը պետք է իրականացվի ամեն տարի՝ ՆԳ նախարարի հրամանով սահմանված օբյեկտիվ եւ չափելի ցուցիչների հիման վրա:
«Այս մասին ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ դա թույլ կտա առավել կարճաժամկետ տիրույթում գնահատել ոստիկանության ծառայողների աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ժամանակին արձագանքել առկա խնդիրներին՝ միեւնույն ժամանակ խթանելով ոստիկանության ծառայողների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների շարունակական եւ պարբերական լավարկումը՝ հիմնված կատարողականի գնահատման արդյունքներով վեր հանված թիրախային կարիքների վրա: Միեւնույն ժամանակ, ոստիկանության ծառայողի ատեստավորումը փոխկապակցված կլինի ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման համակարգի հետ, ինչը ծառայողին մշտապես կպահի մրցունակ վիճակում:
Ակնկալվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կներդրվի ոստիկանության ծառայողների գործունեության արդյունավետության եւ որակի գնահատման առավել օբյեկտիվ եւ գործուն համակարգ, որը մի կողմից ենթադրում է ոստիկանության ծառայողների աշխատանքի արդյունավետության, որակի նկատմամբ անընդհատ մշտադիտարկում՝ արդյունքում ապահովելով կատարողականի գնահատականի վրա հիմնված որոշումների կայացումը, իսկ մյուս կողմից թույլ կտա առավել կարճաժամկետ կտրվածքով վեր հանել ոստիկանության ծառայողների կրթական կարիքներն ու դրանց հիման վրա լրամշակված վերապատրաստման կրթական ծրագրերի միջոցով ապահովել ոստիկանության ծառայողների գիտելիքների, հմտությունների ու կարողությունների թիրախային շարունակական զարգացումն ու կատարելագործումը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը եւ նշել, որ այն կադրային քաղաքականությանը նոր բովանդակություն, իսկ ոստիկանության ծառայողներին առաջխաղացման հնարավորություն է ընձեռելու: «Սա շատ կարեւոր նախաձեռնություն է: Մեր բոլոր բարեփոխումների վերջնական մասում սա եթե տեղադրում ենք, մենք ապագայի համար ունենում ենք մրցակցային միջավայր Ներքին գործերի նախարարությունում, որը նաեւ կադրային քաղաքականության հիմնասյունը պետք է լինի»,- ասել է նա:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը կարեւորել է նախաձեռնությունը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն նախատեսվում է քննարկել հատուկ ընթացակարգով: Նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումը կառաջարկվի իրականացնել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
Նախաձեռնությունը նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել