Գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը արժանացել է հանձնաժողովի բացասական եզրակացությանը
Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ պատգամավոր Հայկ Սարգսյանը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում եւ Քրեական օրենսգրքում:
«Պատգամավորը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է ժամկետային զինծառայողների թվի նվազմանը, ներկայացրել վիճակագրական տվյալներ, այս համատեքստում խոսել քաղաքացիությունից հրաժարվելու միտումների եւ դրա դեմ պայքարի մեխանիզմների կիրառման մասին: Հայկ Սարգսյանը մանրամասնել է զինծառայության ոլորտում իր ձեռնարկած քայլերը, խոսել Կառավարության հետ իրականացրած համատեղ աշխատանքում առաջացած խնդիրների մասին:
Պատգամավորը զինվորների թվաքանակն ավելացնելու համար առաջարկում է ծառայության սահմանային տարիքը բարձրացնել, ծառայությունից խուսափելու համար բժշկական փորձաքննությունից հրաժարվելը քրեականացնել, ծառայությունից խուսափած անձանց տալ կարճաժամկետ ծառայության հնարավորություն մեծ գումարի դիմաց, ինչն արդեն սահմանվել է 27 տարին լրացածների համար, քաղաքացիությունից հրաժարվելու համար բարձր վճար սահմանել:
Ըստ Հայկ Սարգսյանի՝ այս քայլերի դեպքում կհաջողվի ավելացնել զորակոչի թիվը, ինչը հնարավորություն կտա կրճատելու ծառայության ժամկետը 6 ամսով, եւ հավաքագրված գումարը տրամադրելու ամբողջ ժամկետով ծառայող զինծառայողներին: Պատգամավորի խոսքով ծառայության ժամկետի կրճատումը չի եղել առաջնային նպատակ, դա հավելյալ արդյունք է ապահովելու:
Պատգամավորների հետ հարցուպատասխանի ձեւաչափում Հայկ Սարգսյանը պարզաբանումներ է ներկայացրել իր ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկման փուլերի եւ մի շարք դրույթների մասին:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը ներկայացրել է ծավալուն եզրակացություն, որտեղ նշվում է մի շարք դրույթների հակասահմանադրական լինելը:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը մտահոգիչ է համարել ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության եզրակացությունը, նշել, որ դեմ է օրենսդրական փաթեթին, այն պետք է վերանայվի:
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը տեղեկացրել է, որ գործադիրը նպատակահարմար չի գտնում քննարկվող հարցի ընդունումը եւ առաջարկել է ձեռնպահ մնալ այս նախաձեռնությանը դրական եզրակացություն տալուց: Նա հավելել է, որ ծառայության ժամկետի կրճատումը Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում ներառված է եղել:
Ի պատասխան Հայկ Սարգսյանի ներկայացրած մտահոգիչ վիճակագրական տվյալների՝ փոխնախարարը նշել է, որ իրականացված փոփոխությունների արդյունքում 2022-2026 թվականներն ընկած ժամանակահատվածում զորակոչվածների թիվը 2022 թվականի զորակոչի համեմատ աճել է 25 տոկոսով:
Արման Սարգսյանի համոզմամբ նման կարգավորմամբ խնդիրը չի լուծվի, ընդամենը գումարով ազատվողների թիվը կավելանա եւ բյուջեում գումարը: «3000 մարդ, պայմանական, եթե օգտվի գումարի դիմաց բանակից ազատվելու հնարավորությունից, դա չի նշանակում, որ 3000-ով կավելանա մեր զորակոչը»,- նշել է փոխնախարարը:
Առաջին անգամ Հայկ Սարգսյանի կողմից այս նախաձեռնությունը ներկայացվել էր 2025 թվականի մայիսին, որից հետո տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ օրենսդրական. ծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն սահմանվել է 18 ամիս, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայություն անցածների թիվը հատել է 5300-ը, ինչը դրական ցուցանիշ է, կատարվել է նաեւ փոփոխություն 404 որոշման մեջ եւ լավարկվում է օրենսդրությունը:
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն անընդունելի է համարել գումարով պայմանավորված տարբերակում դնել զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության հարցում, փաթեթը հակասում է Սահմանադրությանը: Նման կարգավորումը, ըստ պատգամավորի, նաեւ հասարակական պառակտման պատճառ է դառնալու:
Քվեարկության արդյունքում հարցն արժանացել է հանձնաժողովի բացասական եզրակացությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել