Թրամփը Իրանին սպառնում է «մի ամբողջ քաղաքակրթության վերացմամբ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում գրառում է արել, որտեղ սպառնացել է ապրիլի 8-ի գիշերը «մի ամբողջ քաղաքակրթության վերացմամբ»։ Սա այն օրն է, երբ լրանում է Իրանին ԱՄՆ նախագահի վերջին վերջնագիրը։
«Մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի այս գիշեր, և այն այլևս երբեք վերադարձ չի ունենա: Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, այդպես էլ կլինի: Բայց հիմա, երբ մենք ունենք ամբողջական և տոտալ ռեժիմի փոփոխություն, որտեղ կգերակշռեն այլ, ավելի խելացի և պակաս արմատական ուժեր, հնարավոր է, որ իսկապես հեղափոխական ինչ-որ բան տեղի ունենա: Ո՞վ գիտի։ Մենք դա կիմանանք արդեն այսօր երեկոյան՝ աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկի ժամանակ: Շորթման, կոռուպցիայի և մահվան 47 տարիները վերջապես մոտենում են ավարտին: Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին»,- գրել է Թրամփը։
Անցած շաբաթվա վերջին Թրամփն Իրանին սպառնացել էր «դժոխքով» և «քարեդար վերադարձով»։ Բացի այդ, նա խոստացել էր հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ օբյեկտներին, եթե Թեհրանը չդադարեցնի Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Ապրիլի 5-ին էլ Թրամփը գրել էր, որ երեքշաբթի օրը Իրանում կլինի «միաժամանակ էլեկտրակայանների և կամուրջների օր»՝ պահանջելով բացել «գրողի տարած» Հորմուզի նեղուցը։
Իր հաջորդ գրառման մեջ Թրամփը վերջնաժամկետ էր սահմանել՝ «երեքշաբթի` Արևելյան ափի ժամով երեկոյան 20:00»։ Երևանի ժամանակով դա ապրիլի 8-ին` ժամը 04:00-ին է։ Իրավապաշտպանները և քաղաքական գործիչները հայտարարում են, որ իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները կդառնան ռազմական հանցագործություն։
Lուսանկարը՝ NBC News-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել