HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը պիտի մակնշվի. լրացումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում

Ազգային ժողովի ապրիլի 7-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ կառավարության ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հաղորդում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը:

«Օրինագծին կողմ է քվեարկել  67 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 6:

Օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Առաջարկվող կարգավորումներով տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավորվում են արհեստական բանականությամբ (ԱԲ) կամ այլ թվային լուծումներով ստեղծված սինթետիկ բովանդակությունը մակնշել հատուկ տեսանելի պիտակով (label)։ Սա օրենքի իմպերատիվ պահանջ է, որի նպատակն է սպառողին հնարավորություն տալ հստակ տարբերակել տեխնոլոգիական գործիքակազմով գեներացված նյութը իրական բովանդակությունից։ 

Սահմանված պահանջների խախտման դեպքում հեռարձակողի համար նախատեսվում է վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով։ Ռադիոհաղորդումների պարագայում ԱԲ գործիքակազմի կիրառման մասին պարտադիր պետք է հայտարարվի եթերի սկզբում և վերջում։ 

Ներկայացված նախագիծը դեռևս չի առնչվում համացանցային տիրույթին. այդ հատվածի կարգավորումները կներառվեն ԲՏԱ նախարարության կողմից մշակվող հաջորդ օրենսդրական փաթեթում։

Նշենք, որ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մեկ այլ լրամշակված նախագիծ։ Նախագծով հստակեցվում են տեսալսողական հաղորդումների արգելքների դեպքերը, սահմանվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածման արգելք, ինչպես նաև ցանցային օպերատորների նկատմամբ հստակեցվում են լիցենզիայի կասեցման և դադարեցման հիմքերը և դրանց կիրառման մեխանիզմները։ Միաժամանակ, նախատեսվում է տուգանք՝ ցանցային օպերատորի կողմից օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու համար։

Առանցքային փոփոխություններից մեկը վերաբերում է նաև պատերազմի կոչերի և ներքաղաքական կյանքին միջամտության սահմանումներին։ Նոր կարգավորման համաձայն՝ այդ հասկացությունների հստակ չափորոշիչները օրենքի ընդունումից հետո քառամսյա ժամկետում կսահմանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ)՝ համապատասխան ենթաօրենսդրական ակտերով, որոնց մասին պաշտոնապես կծանուցվեն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարում՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter