HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտարական օրենսգիրքը հրատապ խմբագրվում է

Երբ 2024 թվականին փոփոխել են Ընտրական օրենսգիրքը, որոշել են մի նախադասություն հանել՝ 81-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը։ Սակայն խմբագրումների արդյունքում «նախադասություն» բառի փոխարեն գրել են «պարբերութուն»։ Ստացվում է՝ ուժը կորցրած է ճանաչվել ոչ միայն նախադասությունը, այլև ողջ պարբերությունը։ 

Խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Ազգային ժողովի արտահերթ նիստ էր հրավիրել՝ շտկելու այս փոփոխությունն ու էլի մի քանի բան Ընտրական օրենսգրքում։

Ջնջված պարբերությունը հետ բերելով՝ իշխող ուժն առաջարկում է, որ դաշինքների անուններում չլինեն անձնանուններ, պետական և տեղական մարմինների անուններ (կամ դրանց նմանվող անուններ), վիրավորական կամ զրպարտչական արտահայտություններ։ Այս սահմանափակումը 2022 հուլիսի 14-ի լրացմամբ էր ավելացվել։

Դիտարկենք գործնական օրինակով․ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը», Ռամկավար ազատական կուսակցությունը, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, «Հայոց համազգային շարժումը» և «Միասնություն» համազգային շարժումը միավորվեցին՝ ստեղծելով «Ծառուկյան» դաշինքը։ Առաջարկող փոփոխությունն արգելելու է սա։ 

2026 թվականի ընտրություններին հայտ ներկայացրած ուժերից «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը օրերս հայտարարեց «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Եթե օրենքի փոփոխությունն ընդունվի, ապա ուժը ստիպված կլինի փոխել անունը։

Հենց այս օրինակով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ընտրություններից երկու ամիս առաջ Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելն անընդունելի եւ հակաօրինական են համարում: Կարծում են, որ փոփոխությունները վրիպակը շտկելու խնդիր չեն լուծում, այլ քաղաքական են:

Ազգային ժողովի դիմաց էլ իրենց բողոքն էին արտահայտում Սամվել Կարապետյանի ուժի անդամներն ու աջակիցները։ Նրանք համարում են, որ փոփոխությունը հակասահմանադրական է։ 

Առաջարկվող փոփոխություններից մեկով էլ քվեաթերթիկն անվավեր կճանաչվի, եթե ծրարում քվեաթերթիկից բացի այլ իր լինի։ Այս դրույթը կար նաև 2021թ. օրենքով, 2024թ. դեկտեմբերի 5-ի փոփոխությամբ այդ կետը հանվել է։

Օրենսդրական փոփոխությունների զեկուցող Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ սա կարող է ընտրողին վերահսկելու գործիք դառնալ։ Օրինակ՝ մեկը ընտրակաշառք տա, ու համոզվելու համար, որ վերցնողն իր օգտին է քվեարկել, ընտրողին ստիպի ծրարի մեջ, բացի քվեաթերթիկից, մեկ այլ թղթի կտոր դնել։

66 կողմ, 16 դեմ․ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում հրատապ ընթացակարգով ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter