ՀԿ-ների հայտարարությունը՝ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքի համաչափության և պիտանիության հարցի վերաբերյալ
Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի համաչափության և պիտանիության հարցի վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.
«Պատվարժան դատարան,
Ձեր կողմից քննվում է սույն թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Մինասյանի հետ կապված միջադեպի փաստի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում Դ․Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշման դեմ ներկայացված բողոքը։
Քաղաքացիական հասարակության ներքոստորոգրյալ կազմակերպություններս, ունենալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկարամյա գործունեության փորձ, հանդես ենք գալիս սույն կարծիքով և Դատարանի ուշադրությունն ենք հրավիրում քննարկվող դեպքում 18 տարեկան պատանու նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածությունը, պիտանիությունն ու համաչափությունն ակնհայտորեն կասկածի տակ դնող մի շարք էական հանգամանքների վրա՝ առանց հղում անելու և վերլուծելու դատարանի համար ակնհայտորեն ծանոթ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի իրավադրույթներին, ՄԻԵԴ դատական պրակտիկային կամ այլ միջազգային փաստաթղթերին՝ դատարանին չծանրաբեռնելու և դատարանի ուշադրությունը առավելապես կոնկրետ փաստական հանգամանքների վրա հրավիրելու միտումով։
Այսպես, խափանման միջոց կալանքը քննության ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելուն ուղղված ultima ratio միջոց է, որը կիրառելի է միայն այն դեպքերում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է օրենքի պահանջների կատարումն ապահովելու համար, այն է՝ մեղադրյալի փախուստը կանխելու, նրա կողմից հանցանք կատարելը կանխելու կամ նրա վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար: Ընդ որում, նշված պայմանների կամ դրանցից մեկի առկայությունը պետք է հիմնավորված լինի փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ։
Հատկանշական է, որ քննարկվող դեպքում, նկատի ունենալով միջադեպի և դրան անմիջապես հաջորդած իրադարձությունների տեսագրությունների առկայությունը, կողմնակի օբյեկտիվ դիտորդի համար ակնհայտ է, որ a priori հիմնավորված չի կարող լինել Դ․ Մինասյանի փախուստի դիմելու հավանականությունը, քանի որ վերջինս անմիջապես ձերբակալվել/բերման է ենթարկվել դեպքի վայրից, իսկ դեպքի վայրում ակնհայտորեն չի դրսևորել նշված հավանականությունը ողջամտորեն հիմնավորող որևէ վարքագիծ։ Նույնկերպ առերևույթ հիմքեր չկան ենթադրելու, որ Դ․ Մինասյանը կարող է կատարել հանցագործություն, այդ թվում՝ անօրինական ազդեցություն գործել քրեական վարույթի մասնակիցների վրա և առհասարակ քննվող վարույթի ընթացքի վրա, հատկապես այն պայմաններում, երբ ամբողջ միջադեպը տեսագրված է և արարքի կատարման փաստի ապացուցելիությունն ու արարքի որակումը ողջամտորեն և գերազանցապես կապված է լինելու հենց նշված օբյեկտիվ ապացույցների գնահատման հետ։ Գտնում ենք, հիմքեր չկան ենթադրելու նաև, որ Դ․ Մինասյանը չի կատարի իր վրա դրված պարտականությունները, հատկապես այն պայմաններում, երբ պարզապես բացակայում են նման հավանականությունը օբյեկտիվորեն գնահատելու համար անձի՝ նախկինում դրսևորած վարքագծի վերաբերյալ տվյալներ։
Վերոգրյալի հետ մեկտեղ, համաձայն Դավիթ Մինասյանի պաշտպանների հայտարարությունների, վերջինս ունի նաև մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի, ինչը պարտադիր է դարձնում հիվանդության/հիվանդությունների՝ խափանման միջոց կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում ընդգրկված լինելու գնահատումն ու այդ հիմքով խափանման միջոց կալանքի վերացումը։
Վերջապես, հանրության համար հասանելի տեղեկությունների համաձայն՝ անազատության մեջ գտնվելու ընթացքում Դ․ Մինասյանի ինքնազգացողությունը մի քանի անգամ վատացել է, ընդհուպ նա կորցրել է գիտակցությունը, ունեցել շնչահեղձություն և տեղափոխվել Նաիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, ինչը, կարծում ենք, ևս պետք է քննարկման առարկա դառնա դատարանի կողմից խափանման միջոցի ընտրության համաչափության և պիտանիության, հասարակության և անհատի շահերի հավասարակշռության գնահատման համատեքստում։
Վերոգրյալի հետ մեկտեղ, անհրաժեշտ ենք համարում կրկին ուշադրություն հրավիրել Հայաստանում կալանավորված անձանց թվի մեծության և դատապարտյալների թվի հետ հարաբերակցության մտահոգիչ ցուցանիշներին, որոնք պարբերաբար, այդ թվում վերջին տարիներին, գրանցվում են թե ՀՀ ՄԻՊ տարեկան հաղորդումներում, թե միջազգային հետազոտությունների շրջանակում և խոսում ՀՀ-ում կալանքի կիրառման պրակտիկայի չափից շատ օգտագործման “overuse” մասին։
Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքի՝ որպես խափանման միջոց պահպանումը չի լինի հիմնավոր, պիտանի և համաչափ միջոց՝ օրենքով հռչակված նպատակներին հասնելու համար՝ ինչով պայմանավորված անհրաժեշտ ենք համարում վերացնել այն սահմանող ստորադաս դատարանի որոշումը և կանխել Դ․Մինասյանի անձնական ազատության, առողջության պահպանման և կրթության սահմանադրական իրավունքների հետագա չհիմնավորված սահմանափակումը»։
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Արդարության նոր մշակույթ» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներիր օրակարգ» ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպություն (ՀԿ)
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել