HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Քաղաքապետը դատարանում գին էր սակարկում, ընկերն ու փեսան` ապօրինի շինարարություն անում

Վանաձորի Տիգրան Մեծ և Մյասնիկյան փողոցների հատման հյուսիսարևելյան մասում գտնվող երկրաշարժից ավերված «ֆոտոէտյուդի» շենքի տարածքը վանաձորցիներն անվանել էին «էլիտար փոս». էլիտար շենք կառուցելու համար Վանաձորի քաղաքապետն այդ փոսը փորել ու տարիներով չէր լցնում։ Շենքը քանդվելուց հետո բնակիչները հենց այդ տարածքում տնակներ էին տեղադրել ու ապրում էին ժամանակավոր կացարաններում: Ներկայիս քաղաքապետ Սամվել Դարբինյանն ընտրված օրվանից` 1999-ից, խոստանում էր բնակիչներին. «Ժողովուրդ ջան, սարքելու եմ, պետք ա տուն ունենաք»:

Այդպես՝ մինչև 2007 թվականը։2007-ին քաղաքապետարանի աշխատակիցները հաշվառեցին փաստացի տնակներում բնակվող 12 ընտանիքի, և նույն թվականին քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Սամվել Դարբինյանի, նրանց հետ կնքեց «հողամասն ազատելու և հետագայում բնակարան հատկացնելու մասին» պայմանագիր, որով բնակիչները պարտավորվում էին 15-օրյա ժամկետում շենք-շինություններից ու տնակներից ազատել իրենց զբաղեցրած տարածքը, իսկ համայնքը` այն ամբողջությամբ ազատելուց հետո երկամսյա ժամկետում հայտարարել աճուրդ՝բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նպատակով հողամասը վաճառելու համար:

Համայնքը պարտավորվում էր շենքի կառուցումն ավարտվելուց հետո բնակիչներին բնակարաններ հատկացնել նորակառույց շենքում` նախկին բնակմակերեսից` 55 քմ-ից ոչ պակաս մակերեսով: Ըստ պայմանագրի՝շենքը պետք է կառուցվեր երեք տարի երկու ամսվա ընթացքում։ Միաժամանակ` նախատեսված բնակարանները բնակիչներին չհատկացնելու դեպքում համայնքը պետք է նրանց տար նշված մակերեսով բնակարանի շուկայական արժեքին համարժեք դրամական փոխհատուցում: Պայմանագիրը կնքելուց հետո բնակիչներն ազատել էին հողամասը, և այն վաճառվել էր:

«Ֆոտոէտյուդի» տարածքի կառուցապատողն ու, սեփականատերն ըստ փաստաթղթի, քաղաքապետ Դարբինյանի ընկերն է`«Վիմպերգ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Վարդանյանը: Նա «Լոռի» ՃՇՇ-ի ներկայիս տնօրեն Արայիկ Վարդանյանի եղբայրն է, որն էլ քաղաքապետի եղբոր հետ տնօրինում է ասֆալտի գործը Վանաձորում: 1 տարում Արթուր Վարդանյանը հազիվ «էլիտար փոսը» փորեց`այսքանով ավարտելով «էլիտար» շենքի շինարարությունը: ՏԻՄ վերջին ընտրություններից առաջ՝ 2008-ին, քաղաքապետ Դարբինյանը դարձյալ կանչել էր բնակիչներին ու խոստացել, որ «շենքը սարքելու է 100 %-ով։ Երդվել էր հոր գերեզմանով, ասել`էրեխեքիս խերը չտեսնեմ, թե խաբում եմ»։ Բայց ընտրվելուց հետո դարձյալ մոռացել էր իր երդումները: Հետաքրքիր է, որ 2007-ից «Ֆոտոէտյուդն» այլևս համայնքինը չէր, բայց քաղաքապետը շարունակում էր խոստումներ տալ ուրիշի սեփականության վերաբերյալ։ Հետո էլ արդեն, շենքը չկառուցվելու պայմաններում, բնակիչներին բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) էր առաջարկում, ինչից նրանք կտրականապես հրաժարվում էին. ծայրամասի տների գին էր առաջարկում, որով չէին կարող կենտրոնում տուն գնել, իսկ ծայրամաս տեղափոխվել չէին պատրաստվում: Բնակիչներից օրինակ Համլետ Չատինյանի ընտանիքին առաջարկել էր 8 միլիոն 14 հազար դրամի փոխհատուցում, որը նրանք բնակաբար մերժել էին`ողջամիտ չլինելու պատճառով: Շուտով Չատինյանները նաև քաղաքապետարանից ծանուցվել էին, որ շենքի կառուցումն անորոշ ժամանակով հետաձգվում է այն դեպքում, երբ պայմանագրի ժամկետը լրանալուն արդեն 1 տարուց էլ քիչ ժամանակ էր մնում:

Փաստորեն, համայնքը, ի դեմս քաղաքապետի, հրաժարվում էր իր պարտավորությունից և փորձում էր միակողմ փոփոխել պայմանագրի պայմանները: Ուստի, Չատինյաններին այլ բան չէր մնում, քան դիմել դատարան`պահանջելով հօգուտ իրենց բռնագանձել 13 875 000 դրամ`որպես բնակարանի շուկայական գնի համարժեք փոխհատուցում (2009-ի ապրիլի դրությամբ բնակարանն այդքան էր գնահատվել «ԱՁ Ամիրբեկյան» գործակալության կողմից): Դարբինյանը, սակայն, չէր պատրաստվում այդքան հեշտ վճարել պայմանագրով ստանձնած պարտավորության համար:

Եվ ուղիղ 1 տարի նրա ներկայացուցիչը դատարանում սակարկում էր նշված գումարի չափը: Նրա միջնորդությամբ դատարանի կողմից նշանակված ապրանքագիտական փորձաքննության եզրակացությամբ` բնակարանի շուկայական արժեքը գնահատվեց 13. 828. 000 դրամ: Չատինյաններն իրենց հայցապահանջի չափը նվազեցրին նշված գումարի չափով: Բայց քաղաքապետի ներկայացուցիչն այդ գնի վերաբերյալ էլ առարկեց`պահանջելով կրկնակի փորձաքննություն: Նոր եզրակացությամբ`արդեն 2010-ի մայիսի դրությամբ, բնակարանի շուկայական արժեքը կազմում էր 13 608 000 դրամ: Այսպիսով`1 տարվա սակարկության արդյունքում քաղաքապետը տնտեսեց 266. 455 դրամ:

Դատաքննության ընթացքում քաղաքապետարանն ի վերջո ընդունել էր իր կողմից «պայմանագրի չկատարման հանգամանքը», բայց դրա մեղավորությունը քաղաքապետի ընկերոջ`փաստաթղթով`տարածքի սեփականատեր Արթուր Վարդանյանի վրա էր բարդվել: Դատարանում ներկայացուցիչը նշել էր. «Պայմանագրով նախատեսվել է բնակարանի հատկացում, սակայն չի նախատեսվել, որ այդ բնակարանը պետք է կառուցի պատասխանողը (քաղաքապետարանը): Վերջինս կանխատեսում էր, որ աճուրդում հաղթողը (Արթուր Վարդանյանը) կկառուցի շենք ու դրանից իր համար ստանալիք շահույթի մի մասը`12 բնակարանների տեսքով, կհանձնի 12 ընտանիքներին: Պատասխանողը չէր կարող ենթադրել, որ կարող է տեղի ունենալ հանգամանքների նման փոփոխություն»:

Եթե սկզբում քաղաքապետի ներկայացուցիչն ամեն գնով առարկում էր Չատինյանների պահանջի դեմ`նույնիսկ ասելով, որ նրանք են վնաս պատճառել համայնքին` հրաժարվելով իրենց առաջարկված 8.014 000 դրամ փոխհատուցումից և պարտավոր են հատուցել այդ վնասի համար, ապա դատավարության վերջում արդեն նշում էր, որ թե «Վիմպերգը», թե քաղաքապետարանը չեն հրաժարվում իրենց պայմանագրային պարտավորություններից, բայց բնակիչներին բնակարանների հանձնումը հնարավոր են համարում առնվազն 2 տարում: Եվ դատարանից խնդրում էին պայմանագրի ժամկետը երկարաձգել ևս 2 տարով: Չատինյանները, սակայն, առարկում էին, որ պայմանագրի ժամկետի երկարացումը կողմի իրավունքն է, իսկ իրենք, որպես կողմ, չեն ցանկանում այն երկարացնել: Քաղաքապետի ներկայացուցիչը նույնիսկ հակընդդեմ հայց էր ներկայացրել`պայմանագրում ժամկետի փոփոխության պահանջով, որը սակայն մերժվել էր դատարանի կողմից:

2010-ի հոկտեմբերին սույն գործով կայացվել էր վճիռ` Վանաձորի քաղաքապետարանից հօգուտ Չատինյանների բռնագանձել 13.608.545 դրամ, որպես պետական տուրքի գումար` հօգուտ պետբյուջեի`272.170 դրամ, որպես փորձագիտական աշխատանքի համար կատարված ծախս` հօգուտ «ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի` 40. 800 դրամ: Այսպիսով, Վանաձորի քաղաքապետարանը`ի դեմս քաղաքապետի, «էլիտար» շենքի վերաբերյալ պարտավորությունը չկատարելու և բնակչին չփոխհատուցելու համար դատարանով պարտվեց 139 215 15 դրամ:

«Էլիտար» փոսում ապօրինի շինարարություն էր արվում

2007-ից ձեռք բերելով «էլիտար» շենքի տարածքը` կառուցապատող Արթուր Վարդանյանն այնտեղ 3 տարվա ընթացքում միայն հողային աշխատանքներ էր արել, հազիվ «փոսն» էր փորել: Շինարարությունն իբր թե սկսվել էր 2010-ի վերջերին, բայց միառժամանակ հետո էլ եղանակային պայմանների պատճառով էր կանգ առել: Այդ նույն ժամանակ «Հետքը» պարզել էր, որ վերսկսված շինարարության համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը բացակայում են: Քաղաքապետի և բնակիչների միջև կնքված պայմանագրում նախատեսված էր նաև դրույթ, որի պետք է աճուրդ հայտարարվեր, պաշտոնական տեղեկատվություն լիներ, ինչը չէր արվել: Կառուցապատողի կողմից չէր ներկայացվել շինարարության թույլտվություն, ճարտարապետահատակագծային առաջադրանք, չէին կազմվել նախագծանախահաշվային փաստաթղթեր:

Պատասխանելով «Հետքի» հարցմանը` քաղաքապետարանը (հիշեցնեք, որ ճարտարապետության բաժնի պետ և քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Պապանյանը քաղաքապետ Դարբինյանի փեսան է), տրամադրել էր շենքի շինարարության թույլտվություն, որը ժամկետանց փաստաթուղթ էր: Փաստաթղթի ժամկետը` այն «Հետքին» տրամադրելուց 1 տարի առաջ էր լրացել (2009 թ. հոկտեմբերի 12-ին), իսկ դրանից 5 ամիս առաջ (2009-ի մայիսի 22-ին) Չատինյանների գործով փաստաբանին այն չէր տրամադրվել`չլինելու պատճառաբանությամբ: Եթե նման տարեթվով ու ամսաթվով փաստաթուղթ կար, ուրեմն փաստաբանի հարցման ժամանակ էլ պետք է գոյություն ունենար ու տրամադրվեր նրան: Փաստորեն, «Հետքին» տրամադրված ժամկետանց կասկածելի փաստաթղթով կառուցապատողը պետք է մինչև 2009 թվականը ավարտին հասցներ շենքի շինարարությունը եւ բնակարաններով ապահովեր նախկին «Ֆոտոէտյուդի» շենքի 12 ընտանիքներին:

Մինչդեռ սահմանված ժամկետում Արթուր Վարդանյանը հազիվ «էլիտար փոսն» էր փորել, ժամկետը լրանալուց հետո մեկ տարի ընդմիջումով էլ սկսել է շինարարությունը: Առաջնորդվելով ժամկետանց փաստաթղթի իսկության վերաբերյալ կասկածներով` «Հետքը» քաղաքապետարանին էր դիմել կրկնակի հարցումներով և պարզել, որ «էլիտար» շենքի շինարարությունն ապօրինի է: Քաղաքապետարանը տրամադրել էր նույն ժամկետանց շինթույլտվությունը եւ մի նոր կասկածելի փաստաթուղթ` շինթույլտվության ժամկետը երկարաձգելու մասին:

Վերջինը, որն իբր տրված էր 2010 թ. նոյեմբերի 15-ին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից «Վիմպերգ» ՍՊԸ-ին, եւ որով շինթույլտվության ժամկետը երկարաձգվում էր մինչեւ 2011 թվականի հոկտեմբերի 12-ը, ոչ ստորագրություն ուներ, ոչ կնիք: Հետաքրքիր էր, որ նոյեմբերի վերջին պատասխանելով «Հետքի» հարցմանը ` քաղաքապետարանն այդ փաստաթուղթը չէր տրամադրել այն դեպքում, երբ, ըստ ամսաթվի, նոյեմբերի 15-ից այն արդեն գոյություն ուներ:

Քաղաքաշինական պետական տեսչությունն էլ «Հետքին» նույն ժամկետանց փաստաթղթերն էր տրամադրել, ինչ որ քաղաքապետարանը: Միայն դրանց մի ժամկետանց փաստաթուղթ էլ էր ավելացրել`N5 ձեւը` տեղեկանք շենքի շինարարության վերաբերյալ, որ համայնքի ղեկավարը պետական տեսչությանն էր ուղարկել է 2007 թվականի դեկտեմբերի 12-ին: Իսկ նոր սկսված շինարարության մասին պետական տեսչությունը պաշտոնապես տեղեկացված չէր. նոր N5 ձեւ չկար: ՀՀ Կառավարության` «Շինարարության թույլտվության եւ քանդման կարգը հաստատելու մասին» որոշմամբ համայնքի ղեկավարը թույլտվության մասին եռօրյա ժամկետում պետք է իրազեկեր մարզպետին, քաղաքաշինական պետական տեսչությանը եւ համապատասխան հարկային մարմիններին` ներկայացնելով թույլտվության պատճենը:

Քաղաքաշինական պետական տեսչությունում նույն` «Հետքին» տրամադրված անստորագիր ու առանց կնիքի կասկածելի փաստաթուղթն էր եղել` շինթույլտվության ժամկետի երկարաձգման վերաբերյալ: Իսկ ըստ «Քաղաքաշինության մասին» օրենքի` առանց շինարարության թույլտվության կառուցապատողը իրավունք չուներ շինարարական գործունեություն իրականացնել: Օրենքով` շինարարության թույլտվություն տվողը համայնքի ղեկավարն է, որը գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին շինարարության թույլտվության սահմանված ժամկետը երկարաձգելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտը օտարելու վերաբերյալ: Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը համայնքի ղեկավարի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության: Փաստորեն, Վանաձորի քաղաքապետը չէր կատարում օրենքով նախատեսված իր վերահսկողական գործառույթը և չէր կասեցնում ընկերոջ ինքնակամ շինարարությունը:

«Էլիտար փոսի» սեփականատերն իր սեփականությանը վերաբերող ոչ մի հարցից տեղակ չէր

«Էլիտար փոսի» սեփականատեր, «էլիտար» շենքի կառուցապատող-շինարար, «Վիմպերգ» ՍՊԸ-ի տնօրեն, քաղաքապետի ընկեր Արթուր Վարդանյանն այդպես էլ «Հետքի» հետ հարցազրույցներում ոչ մի կերպ չէր կարողացել հիշել, թե որքան է ինքը վճարել «էլիտար փոսի» համար (այն վաճառվել է 10 մլն 56 հազար 800 դրամով - հեղ.), քանի տարով էր ձեռք բերել շինարարության թույլտվությունը (այն տրվել էր 2007-ին` 2 տարի ժամկետով), քանի անձ էր մասնակցում հողամասի օտարման աճուրդին (աճուրդի մասնակիցների թիվը 4-ն էր):

«Էլիտար» շենքից անտեղյակ Արթուր Վարդանյանն այդ հարցերին նման պատասխաններ էր տվել. «12-13 մլն եմ տվել տարածքի համար, հիմի կոնկրետ թվերը չեմ հիշում: Թույլտվությունը 3 տարով ա եղել: Շինարարությունը ձգձգվել ա: Դիմում եմ գրել, երկարաձգել են, երբ էր, չեմ կարա հիշեմ թենց: Աճուրդի մասնակիցների թիվը սենց չեմ հիշի, բայց կային` կարող ա` 4 ըլներ, 5 ըլներ»: Նա, բնականաբար, չէր էլ հիշել աճուրդում հողամասի մեկնարկային և վաճառքի գները. «Կար, տարբերություն կար` մի քանի միլիոնի»: Իսկ տարբերությունն իրականում 1 մլն 933 հազար 960 դրամ է եղել: Արթուր Վարդանյանը նաև հաստատ չէր հիշում`տարածքի աճուրդի ժամանա՞կ, թե՞ դրանից առաջ էր տեղեկացել նոր շենքում նախկին ֆոտոէտյուդի շենքի 12 ընտանիքներին բնակարանով ապահովելու պայմանին: «Չեմ հիշում, կարող ա հայտարարության մեջ էլ ըլներ: Երևի ըլներ, քանի տարի ա անցել»,- ասել էր «Հետքին»: Մինչդեռ «ֆոտոէտյուդի» շենքի տարածքը Արթուր Վարդանյանի տնօրինությանն էր անցել հստակ պայմանով, որ 3 տարվա ընթացքում շենքը կառուցելով` նախկին շենքի բնակիչներին պետք է ապահովեր էլիտար բնակարաններով:

Քաղաքապետը համայնքային բյուջեից 100 միլիոն էր հատկացրել ընկերոջ շինարարությանը

2011 թվականի համայնքային բյուջեով 100 մլն դրամ էր նախատեսված «էլիտար» շենքի մասնավոր շինարարության համար: Վանաձորի փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանի ասելով`համայնքի ղեկավարի և «էլիտար» շենքի կառուցապատողի միջև համաձայնագիր էր կնքվել`համայնքային միջոցներից նրան «աջակցություն ցուցաբերելու» նպատակով: Նրա ասելով`նշված համաձայնագիրը ձեռք էր բերվել համատեղ քննարկման արդյունքում: «Այդ մարդիկ գնում գալիս են: Տնակներում են ապրում. տեսանք, որ էլ ճար չկա, կանչեցինք շինարարին, նստեցինք և համատեղ որոշեցինք, որ բերենք այնպիսի մի պայման անենք, որ իրենց առաջվա աճուրդի պայմանը պահպանվի, մարդկանց 12 բնակարանը վերադարձվի, և մենք էլ չկորցնենք»:

Չատինյանների գործով` քաղաքապետարանի ներկայացուցիչը, սակայն, դատարանում նշել էր, թե իբր սեփականատերն է այդ հարցով դիմել համայնքին. «Վանաձորի քաղաքապետարանը չի հրաժարվում իր պարտավորությունը կատարելուց, չի հրաժարվում նաև հողը ձեռք բերած շինարարական կազմակերպությունը և և դրա հետ կապված դիմել է համայնքին, խնդրել է երկարաձգել շինարարության կատարման ժամկետը և տրամադրել ֆինանսական միջոցներ»: «Վիմպերգի» տնօրեն Արթուր Վարդանյանն էլ, ինչպես շենքի հետ կապված մյուս հարցերից, համաձայնագրից էլ տեղյակ չէր` չնայած գրավոր փաստաթղթի մեջ նրա ստորագրությունն էր դրված: 100 մլնի մասին ինքը ուշ էր իմացել, այն էլ` ոչ քաղաքապետարանից: Իսկ ֆինանսապես իրեն աջակցելու նախաձեռնությունն էլ, նրա ասելով, համայնքինն էր եղել. «Դա իրանք են նախաձեռնել, դա ես չեմ կամեցել»,- ասել էր «Հետքին» տված հարցազրույցում: Ինչևէ, Արթուր Վարդանյանը հրաժարվեց ընկերոջ` քաղաքապետ Դարբինյանի ֆինանսական աջակցությունից:

Ըստ Վանաձորում շրջանառվող խոսակցությունների` «էլիտար» շենքը քաղաքապետ Դարբինյանինն է: Նա իհարկե ժխտում է դա, առավել ևս, որ սեփականության իրավունքը իր անունով չէ: «Գիտեք ինչ, էս քաղաքում ինչ կառուցվեց, իմ անունը շոշափվեց, որ ես համասեփականատեր եմ էնտեղ: Նույնը կողքի սրճարանին էր վերաբերում, նույնը դրա կողքի բանկին: Էդ նույն ձևի սա էլ կշոշափվի, կանցնի կգնա»,- մի առիթով հավատացրել էր քաղաքապետը «Հետքին»:

Օրերս նոր հարցում ենք ուղղել քաղաքապետարան`անձամբ քաղաքապետի անունով գրանցված` Ազատամարտիկների նրբանցք 4 հասցեում գտնվող նրա շենքի ճարտարապետաշինարարական փաստաթղթերի փաթեթի հետ խնդրելով նաև ընկերոջ` Արթուր Վարդանյանի անունով գրանցված «էլիտար» շենքի փաստաթղթերը: Բայց քաղաքապետարանը նախընտրական շրջանում համառորեն հրաժարվում է պատասխանել «Հետքի» բոլոր` թե բանավոր, թե գրավոր հարցումներին:

Նկարում «էլիտար» շենքն է, որի կառուցումը պետք է ավարտված լիներ 2010-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter