172.6 մլն դրամ կհատկացվի Հրազդանի կիրճում նոր հանգստի գոտու ստեղծմանը
Կառավարության այսօրվա որոշմամբ ավելի քան 172.6 մլն դրամ կհատկացվի Երևանի Հրազդանի կիրճում նոր հանգստի գոտու ստեղծմանը: Ծրագիրն ուղղված է քաղաքի բնական լանդշաֆտի վերականգնմանը, էկոլոգիական վիճակի բարելավմանը և բնակչության համար ժամանակակից ռեկրեացիոն ենթակառուցվածքների ձևավորմանը:
Որոշման համաձայն՝ աշխատանքները կիրականացվեն Աթենքի փողոցին հարող հատվածում՝ կիրճի սկզբնամասից 5,5 կմ երկարությամբ տարածքի վրա: Նախատեսվում է ներկայիս անմխիթար և ճահճացած տարածքը վերածել հարմարավետ հանրային գոտու, որտեղ կկառուցվեն հետիոտնային և հեծանվային ուղիներ, ինչպես նաև սպորտի և կազմակերպված հանգստի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 172, 608.2 հազար դրամ գումարն ուղղել «1157. Քաղաքային զարգացում» ծրագրի «21036. Երևան քաղաքում հանգստի գոտիների և այգիների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ» միջոցառմանը, որից՝ 170,940.0 հազար դրամը կառուցման աշխատանքների պայմանագրային գումարն է, 540.0 հազար դրամը կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների համար անհրաժեշտ պայմանագրային գումարը, 1,128.2 հազար դրամը աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ գումարը:
«Ընդհանուր առմամբ, մենք Երևան քաղաքում բնապահպանական և, այսպես ասած, կյանքն ավելի հարմարավետ դարձնելուն ուղղված երեք խոշոր ծրագիր ունենք: Դրանցից մեկը՝ Հրազդան գետի կիրճը հատուկ պահպանվող ռեկրեացիոն հանգստի գոտի դարձնելն է, հաջորդը՝ Դալմայի այգիների հետ կապված խոշոր քաղաքային անտառ-պուրակ ստեղծելու մասին է, և հաջորդը՝ Նորք Մարաշում, Կառավարության նախորդ նիստերից մեկում մենք խոսեցինք արդեն, վերադարձված հողերի վրա՝ ավելի քան 7 հեկտար տարածքի վրա քաղաքային անտառ-պուրակ ստեղծելու նախագծի մասին է: Ըստ էության, այս հատվածով կարող ենք արձանագրել, որ առնվազն Հրազդանի կիրճի մասով սկսում ենք նախագծի իրականացումը: Այստեղ կարևոր է նաև այն, որ տվյալ հատվածն ինքն արդեն ապրում է որպես այդպիսին»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ որոշմամբ էկո միջավայրում անցկացնելու հնարավորություն և հարմարավետ պայմաններ են ստեղծվելու: «Դա հսկայական մեծ տարածք է և շատ մեծ պոտենցիալ ունի, և Երևան քաղաքում, ընդհանուր առմամբ, և օդի որակի, և կյանքի որակի բարելավման առումով շատ մեծ պոտենցիալ ունի»,-ընդգծել է վարչապետը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Մենք նույնիսկ արդեն համաձայնագիրն ենք կնքել՝ որոշակի ֆինանսական միջոցներ հատկացնելով, և այնտեղ տեղում ուսումնասիրություններ են իրականացվում: Արդեն շատ շուտով՝ օրերի ընթացքում, բուն շինարարական աշխատանքներն են ընթանալու:
Մի քանի կարևոր ծրագրի մասին Դուք խոսեցիք, մասնավորապես՝ նաև Դալմայի այգիների վերականգման, անտառ-պուրակի ստեղծման մասին: Ես ուզում եմ մի քանի թիվ բարձրաձայնել, պարոն վարչապետ: Վերջին 4 տարիների ընթացքում Երևան քաղաքում ստեղծվել է մոտավորապես 60 հա նոր կանաչապատ տարածքներ: Այս 60 հեկտարը՝ բոլորն իրենց ոռոգման համակարգերով: Այս վերջին 4 տարիներին արված աշխատանքն ավելի է, քան դրան նախորդող 22 տարիներինը միասին վերցված: Երբ խոսում ենք 60 հեկտարի մասին, շատ կարևոր թիվ է: Դալմայի այգիները՝ 250 հեկտարի մասին է մոտավորապես խոսքը: Այդ ծրագիրն իրականում քաղաքային միջավայրում էականորեն փոփոխություն է բերելու: Վստահորեն փոփոխություն է բերելու նաև Հրազդանի կիրճում կանաչապատման ծրագիրը, որը հենց հաջորդ փուլով մենք պատրաստվում ենք իրականացնել: Այս տարի նաև ունենք Նոր Նորք վարչական շրջանում՝ 35 հա տարածք Լվովյան հատվածում, որը նույնպես կանաչապատ տարածք է դառնալու: Այսինքն՝ կանաչապատման պրոցեսը Երևան քաղաքում, Դուք նշեցիք նաև Նորք Մարաշը, ուզում եմ ասել՝ տեմպերը և ծավալներն էականորեն ավելանում են, և հընթացս էլ ավելի մեծ և հավակնոտ ծրագրեր ենք իրականացնելու»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել