Կառավարությունում քննարկվել են խցանումների նվազեցման ուղիները
Կառավարության այօսրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մայրաքաղաքում խցանումների խնդրին և ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությանը: Օրակարգում եղել են հանրային տրանսպորտի արդիականացման, մետրոպոլիտենի զարգացման ռազմավարական ծրագրերը և փողոցների հիմնանորոգման ընթացիկ աշխատանքները:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը խցանման խնդրի հետ կապված լուծումներ պետք է առաջարկի: Արձագանքելով՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ կոմիտեի նիստով և հավանաբար, Կառավարության հաջորդ նիստով կքննարկվի Երևանի ՏԻՄ նոր օրենքը, որտեղ կլինեն նոր կարգավորումներ, մասնավորապես՝ օրինազանց վարորդների ավտոմեքենաների կայանումը սխալ վայրերում կազմակերպելու դեպքում քարշակ ծառայությունն արտապատվիրակելու առումով: «Մեր տեսլականը գլոբալ առումով այն է, որ Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը: Հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր: Հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար: Եվ Կառավարությունն այդտեղ էլ ջանք չի խնայում: Ուզում եմ տեղեկացնել, պարոն վարչապետ, որ 45 տրոլեյբուս, որ Ձեր հանձնարարականով և Կառավարության ֆինանսավորմամբ Երևան քաղաքն ստանում է, մի փոքր ուշանում է՝ կապված Իրանում իրավիճակի հետ: Մայիսի կեսերին 45 տրոլեյբուս կհասնեն Երևան»:
Այս համատեքստում վարչապետը հիշատակել է մետրոյի հետ կապված ծրագիրը, որը Հայաստանի համար խոշոր նախագիծ է. «Վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել և շահագործման չի հանձնվել»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Աջափնյակի կայարանն առանձին թեմա չէ, այն ռազմավարական նշանակությունի ունի. մետրոն շրջանաձև տեսք կստանա, որի արդյունքում երթևեկության տրամաբանությունը կփոխվի և արդյունավետությունը կմեծանա:
Երևան քաղաքի հետ կապված հաջորդ խնդիրը, որի մասին բարձրաձայնել է վարչապետը, վերաբերել է ճանապարհաշինական աշխատանքներին, ճանապարհների սպասարկման արդյունքում առաջացած հարցերի լուծմանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը զեկուցել է, որ բարձրաձայնված հարցերի ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: «Ձեր հանձնարարությամբ, նախորդ տարվանից Երևանում փողոցներ են հիմնանորոգվել և նորոգվել՝ Կորեայի ձորի 1 կիլոմետրանոց հատվածը, որը նախորդ տարի հանձնվել է շահագործման, Արգավանդի խաչմերուկից դեպի Զվարթնոց օդանավակայան գնացող 6 կիլոմետրանոց հատվածը և Մ1 միջպետական մայրուղուց, այսինքն՝ Աշտարակից դեպի Երևան եկող հատվածը նորոգել և հիմնանորոգել ենք նախորդ տարի: Այս տարի մեկնարկել է Իսակովի պողոտայի նորոգման աշխատանքները, միջին նորոգում է նախատեսված: Այսօր երեկոյան կամ վաղը կմեկնարկեն նաև ասֆալտապատման աշխատանքները: Եվ նախնական Ձեզ զեկուցված ժամկետում՝ մինչև ապրիլի 25-ը այդ ճանապարհն ամբողջովին կնորոգվի: Այնուհետև Երևանից դեպի Առինջ Աճառյան փողոցով գնացող հատվածի նորոգում կիրականացվի, նաև դեպի Ջրվեժ գնացող Բագրևանդի խաչմերուկին զուգահեռ Թևոսյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն:
Քաղաքապետարանի գործընկերների հետ Ձեր հանձնարարությամբ աշխատում ենք միասնական ստանդարտ ունենալու ուղղությամբ: Այսինքն՝ բոլոր կառուցված ճանապարհներն այսուհետ, լինեն թե՛ Երևանի բյուջեով, թե՛ պետական բյուջեով, անկախ պատվիրատուից նույն տրամաբանության մեջ լաբորատոր փորձարկումների կենթարկվեն»,-զեկուցել է ՏԿԵ նախարարը:
Վարչապետն ընդգծել է, որ սկզբունք պետք է լինի ճանապարհների անորակ ասֆալտապատման աշխատանքները չընդունելը. «Որակի հարցում կոմպրոմիս չի կարող լինել: 1 կմ է, 2 կմ է, 10 կմ է, թե 20 կմ, որակի ստանդարտին չի համապատասխանում, այո, պետք է քանդվի, նորից սարքվի: Այդտեղ չկա երկրորդ կարծիք: Ընդ որում՝ սա միայն ճանապարհներին չի վերաբերում: Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարությունը ձգձգվում է. պատճառն այն է, որ ամբողջական շինարարական կտորներ ուղղակի քանդել ենք տվել: Իհարկե, շինարարը փոխվել է: Եվ այսպիսի դեպքերը բազմաթիվ են, որ թվում է, թե կառուցված է շենքը, բայց մասնագետներն արձանագրում են որակի պրոբլեմը ու թույլ չեն տալիս շտկումներ անել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել