«Սրբազան պայքար»-ի աջակիցները փակել էին ականջները՝ 18 անգամ չլսելու նույն մեղադրանքը
«Սրբազան պայքար»-ի գործով նախնական դատալսումներն ավարտվեցին։ Մեղադրական կողմն այսօր՝ ապրիլի 9-ին, բացման խոսքով հանդես եկավ՝ անդրադառնալով մեղադրանքներին։
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Հանրային մեղադրող Վահան Հարությունյանը հայտնեց, որ նախաքննական մարմնի որոշմամբ՝ 2025թ. հունիսի 25-ին միջնորդություն է ներկայացվել Վազգեն Գալստանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը դատախազի որոշմամբ բավարարվել է։
Ըստ դատախազի՝ քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ Վազգեն Գալստանյանը, իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժման մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Սահմանդրությամբ թույլատրված եղանակներով ՀՀ-ում իշխանությունը ստանձնելու նպատակն իրագործել, 2024թ. նոյեմբերից նպատակադրվել է այն իրագործել Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով։
Հանրային մեղադրողի խոսքով՝ այդ նպատակով շարժման մի շարք մասնակիցների՝ Աղվան Արշակյանի, Հայկ Շահնազարյանի, Մովսես Շարբաթյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդյա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև՝ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն:
«Իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Վազգեն Գալստանյանը և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հանրավտանգ արարքներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ իշխանությունը ստանձնած անձանց հարկադրել հրաժարվել դրանից»,- նշեց հանրային մեղադրող Վահան Հարությունյանը։
Ըստ մեղադրանքի, նախապատրաստելով նշված հանցավոր արարքների իրագործումը՝ հանցավոր խմբի անդամները 2025թ. հունվարից շարժման մասնակիցների և համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են բազմաթիվ հարվածային խմբերում ընդգրկվող 2000-ից ավելի անձանց, խոշոր փողոցներն առանձնացնելու և գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երևանի քարտեզը։
Բացի այդ, հանրային մեղադրողը նշեց, որ շարքից հանելու նպատակով խմբի անդամները ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի և համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի տվյալները, պատվիրել և ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու և տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ՝ «աստղիկներ», տրանսպորտային միջոցների ապակիներին և ճանապարհներին լցնելու նպատակով՝ ներկեր և յուղեր, այդ խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողությունները՝ միաժամանակ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներով վերջիններիս վստահեցնելով, որ նախատեսվող գործողությունները հաջողության հասնելու միակ եղանակն են և վերջիններիս հրահանգելով իրենց հերթին միջոցներ ձեռնարկել խմբերի անդամների զգոնությունը, պատրաստակամությունը, տրված հանձնարարությունը ցանկացած գնով կատարելու կամքն ամրապնդելու ուղղությամբ:
«Վազգեն Գալստանյանը և հանցավոր խմբի մյուս անդամները չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքների՝ ահաբեկչության ու իշխանությունը զավթելու եղանակով այն յուրացնելու՝ Կառավարության և Ազգային ժողովի լիազորություններին Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով տիրանալու օբյեկտիվ կողմը կազմող համապատասխան գործողությունների կատարումը՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով»,- հայտնեց հանրային մեղադրողը։
Դահլիճի ապակուց այն կողմ իրավիճակը լարվեց. «Ամոթ, սուտ է»,- վանկարկեցին ներկաները։
«Սրբազան պայքար»-ի աջակիցները, որոնք դահիճում էին, փակել էին իրենց ականջները՝ ի նշան, որ հարաժարվում են նույն մեղադրանքը 18 անգամ լսելուց։
Նույն տեքստը հանրային մեղադրողներ Վահան Հարությունյանը և Հայկ Հովհաննիսյանն ընթերցեցին ևս 12 անգամ, որից հետո աշխատանքային ժամն ավարտվեց, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 16-ին՝ ժամը 15։30-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել