Բեռլին, Կոմիտասի յուշատախտակի և Հայագիտութեան մասին
Սեպտեմբեր 5-ին Հ.Հ. դեսպան Արմէն Մարտիրոսեանը Բեռլինի Հումբոլդթ համալսարանում Կոմիտասի յուշատախտակի բացման արարողութեանն է հրաւիրել տեղւոյ հայութեանն (տես Բեռլինի եկեղեցական միութեան շրջաբերականը): Ընդհանրապէս դեսպանատան կողմից կազմակերպուած միջոցառումները հազուագուտ են, Բացառութիւն են իհարկէ Ռուսական տան երկու միջոցառումները երբ հայերը , որքան բազմաթիվ , այնքան լաւ, պիտի դիմաւորէին Հ.Հ. ԿԳ-ի և սփիւռքի նախարարներին, իրեց Բեռլինի այցելութեան կապակցութեամբ:
Հայ մեծ երգահան, երաժիշտ և միջազգային երաժշտութեան հիմնադիր անդամ, Կոմիտասը ուսանել է 1896-1899 թ.թ. Բեռլինի համալսարանում, որը այժմ Հումբոլդթ է կոչւում:
Անշուշտ ամէն մի հայի սրտից բխած մեծ ցանկութիւնն է այս, որը իրագործելու է յարգելի դեսպանը: Այսուամենայնիւ գոյութիւն ունեն մի քանի մտահոգիչ հանգամանքներ: Նախ, որ հանդիսութիւնը վարող Տիկին Պրոֆ. Դրոստ –Աբգարեանը կարծես մոռացել է թէ «Լեփսիուսի տուն ընկերակցութիւնը», որի վարչութեան անդամն է ինքը, 2010-ի տարեկան իր ծրագրում Կոմիտասը ներկայացուել էր որպէս թուրք երաժիշտ և յարգելի Տիկինը չէր փորձել անգամ կանխել այդ և նման բազմաթիւ կեղծիքներ և վիրաւորանքներ հայերի նկատմամբ: Երկրորդ և կարևոր հանգամանքը՝ մինչ մենք հայերս բաւարարուած ենք Կոմիտասի յուշատախտակով, նոյն համալսարանում ադրբէյջանցիները հիմնել են իրենց ամբիոնը և Բեռլինի Ազատ համալսարանում էլ լինում են փորձեր և դիմումներ այդ ուղղութեամբ, սրան աւելանում է նաև , Բեռլինին կից Փոթսդամ քաղաքի համալսարանի դասախօսների մասնակցութեամբ «ադրբէյջանա-գերմանական ակադեմիական ընկերութին»-ը, որը կազմակերպում է հակահայաստանեան-հակաարցախեան միջոցառումներ : Անդամ «պրոֆեսորներից» մէկի դասախօսութիւններից էր «հայերի ցեղասպանութիւնը , 20-րդ դարասկզբին ադրբէյջանի ժողովրդի նկատմամբ, շուրջ 2-2.5 միլլոն կոտորածներով»:
Այս, վերը նշուածների և դեռ յաւելեալ հանգամանքների դիմաց, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան քսանամեակին մէկընդմիշտ կորցրինք հնդևրոպական և համեմատական լեզուաբանութեան սեմինարներում հայկական բաժինը, Բեռլինի էլիտար Ազատ համալսարանում: Յիշեցման կարգով նշենք , որ Գերմանիայում Բեռլինը մեծ աւանդ ունի հայագիտութեան ասպարէզում, Հայենրիխ Հուբշմանին (1897) էր վերապահուծ ասելու վճռական խօսքը «հայոց լեզուն հնդևրոպականի ինքնուրիւն ճիւղ է»:
Ժոզէֆ Մարքուարդը 1920թ. հիմնեց հայկական և իրանական բանասիրութեան ամբիոններ: Ճիշտ է նրա մահուանից յետոյ (1930) փակւեց հայագիտական ամբիոնը, սակայն հայագիտութիւնը, յատկապէս գրաբարը և աշխարհաբարը դարձաւ համալսարանակն առարկայ, յատկապէս համեմատական լեզուաբանութեան ոլորտում և շարունակւեց 1948-ից ի վեր այս անգամ Արևմտեան Բեռլինում հիմնուած Ազատ համալսարանում, հնդևրոպական և համեմատական լեզուաբանութեան սեմինարում:
Ահա երկու օրինակ, հայրենի նախարարների դիրքորոշումից:
Վերը նշուած «ռուսական տանը», ի զարմանս հայ և գերմանացի ներկաների ԳԿ նախարարը, որը Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնելու, ինչպէս նաև ռեկտոր հեռացնելու փորձ ունի , յայտարարեց «ազատ, անկախ, բաց , սրանք համալսարաններ չեն, հայագիտականը փակւում է, փակւի»: Հաւանաբար յարգելի նախարարը Բեռլինի պետական Ազատ համալսարանը շփոթել էր Երևանի բաց համալսարանի հետ:Իսկ այդ փակւելու համար պիտի առարկի թէ՝ Բեռլինում հայագիտական հիմնելու և կամ եղածը պահելու համար «հիմք» չկայ, մենք փոխարէնը հիմնեցինք Հալլէ քաղաքի համալսարանում: Այսինքն Հալլէն ի դիմաց Բեռլինի: Մի խօսքով ԿԳ նախարարը բաւարարւեց փոքրիկ Հալլէ քաղաքի, ոչ մի բանով աչքի չնկնող համալսարանով, իսկ ադրբէյջանցիները Գերմանիայի մայրաքաղաքում՝ Բեռլինում հիմնեցին իրեցն ամբիոնը: Վերջապէս ստացաւ, ով ինչին արժանի էր, Հայերը գաւառ, ադրբէյջանցիներն էլ մայրաքաղաք:
Ազգ, 23 Հոկտ. 2009, էջ 3-ում, կարդում ենք՝
«Բեռլինի համալսարանի հայագիտութեան ամբիոնը չի՜ փակուի
«Ազգ»-ի հոկտ. 22-ի համարում Բեռլինի Ազատ համալսարանի հնդևրոպական և համամատական լեզուաբանութեանհայկական բաժնի դոկտոր Ժիրայր Քոչարեանն իր մտահոգութիւնն է յայտնել համալսարանի այդ ամբիոնի փակման վերաբերեալ:
ԵՒ ահա, երեկ սփիւռքի նախարարութիւնից մեզ տեղեկացրին «»Իրոք ժամանակին ՀՀ սփուռքի նախարարութիւնում խնդիրը քննարկւել է Ժիրայր Քոչարեանի հետև հարց ներկայացւել է ՀՀ նախագահին: Նրա յանձնարարութեամբ 2010-ի պետբուջէի նախագծի ՀՀ կրտութեան և գիտութեան հատուածում նախասեսուած է 7 մլն 769 հազար դրամ՝ բեռլինի Ազատ համլսարանի հայագիտութեան ամբիոնին հատկացնելու համար: Բուջէի նախագիծը գտնւում է ԱԺ-ում, և չեմ կասկածում, որ կհաստատուի, և համապատասխան գումարը կտրամադրուի համալսարանին»:
Սփիւռքի նախարարութիւնից հաւելում են նաև, որ ըստ երևոյթին մտահոգութիւնն արտայայտելու ժամանակ Պարոն Քոչարեանը տեղեկացուած չի եղել հարցի լուծման ուղղութեամբ ձեռնարկած քայլերի և սպասւող արդիւնքների վերաբերեալ:
Ի հարկէ , այս յայտարարութիւնը վերից վար կեղծիք է, ոչ մի հարց էլ և ոչ մի անգամ ինձ հետ չի քննարկւել և հետևաբար չի էլ լուծւել: Մեր մտահոգութիւնն տեղին էր, այս տարուայ (2012) ամառային վեցամսեակի աւարտին հայագիտութիւնը (Սեպտ.) մէկընդմիշտ, 82 տարուայ աւանդոյթից յետոյ դադարեց աշխատել:
Ինչու՞ չփորձւեց Բեռլինում, ինչպէս նախապէս համաձայնւել էին, Ազատ համալսարանի նախկին Փրեզիդենթն ու Փոխփրեզիդեթը (Ռեկտոր և փրոռեկտոր), նախ հիմնել Լեկտորատ, ապագայում ամբիոն հիմնելու հեռանկարով և ինչու՞ հայկական կողմը չնդառաջեց երբ ՀՀ նախագահը , մեր հանդիպման ժամանակ անձամբ շեշտել էր հայագիտութեան առկայութիւնը Գերմանիայի մայրաքաղակում, առ իտես ադրբէյջանակն ակտիւութեան, մնաց ինձ համար առեղծուած:
Չէ, որ Բեռլինի Ազատ համալսարանի հայկական բաժինը ունէր բաւական ուսանող, աշխատակազմ, հարուստ գրադարան և հայ մամուլի խոշոր արխիւ, միայն մի բան չունէր, հայկական կողմի հետաքրքրութիւնն ու հովանաւորութինը և դժբախտաբար երկու նախարարներն էլ չմբռնեցին խնդրի ոչ գիտական , ոչ էլ քաղաքական հանգամանքը:
Տայ Աստուած, որ Կոմիտասի յուշատախտակը դառնայ յոյս ու ապաւէն հայագիտութեան, որովհետև այս նախարարներից, այս կամ այլ հարցով դրական որևէ բան սպասելը անիմաստ է:
Դոկտ. Ժիրայր Քոչարեան, Բեռլին Օգոստոս 2012
Յ. Գ. Շատ բարի մերոնք Կոմիտասի յուշատախտակը տեղադրեցին , բայց կայ՞ երաշխաւորութիւն նրա յարատևութեան համար, առ ի տես Հունգարիա-Ադրբէյջանակն գործարքի, երբ նոյն համալսարանում աշխատում է ադրբէյջանական ամբիոն՝ իսկ հայկական ոչ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել