Ֆորմալ երկխոսության օրակարգը
Հայաստանյան քաղաքական դաշտում ուրվագծվում է նոր իրավիճակ: ՀԱԿ-ը հայտարարել է, որ պատրաստ է իշխանությունների հետ սկսել ֆորմալ երկխոսություն կամ բանակցություն , վերջիններս էլ, կարծես, ընդունել են երկխոսության առաջարկը: Սակայն հետաքրքրականն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը բանակցությունների է գնում սեփական օրակարգով:
Այսպես, ՀԱԿ-ը շարունակում է պնդել, որ երկխոսելու է միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների շուրջ, իսկ իշխանությունը հայտարարում է, որ արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող, սակայն պատրաստ է համագործակցել ՀԱԿ-ի հետ «երկրում գոյություն ունեցող օրակարգային կարեւոր խնդիրների շուրջ»:
Այս պարագայում բնական հարց է առաջանում` ինչի՞ մասին են խոսելու կողմերը, երբ հայտնվեն բանակցային սեղանի շուրջ, ո՞րն է լինելու բանակցությունների օրակարգը: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 31-ի հանրահավաքի ժամանակ նշեց, որ բանակցությունների ժամանակ Կոնգրեսը պետք է հաշվի առնի նաեւ «իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ «իշխանությունը պատրաստ է քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ»:
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ձեւավորվելու է ինչ-որ փոխզիջումային օրակարգ: Եթե ՀԱԿ-ի` երկխոսության գնալու հրապարակայնորեն արտահայտված շարժառիթը նախ արտահերթ նախագահական եւ հետո խորհրդարանական ընտրություններն են, ապա իշխանությունների օրակարգը շատ վերացական է: Այս պարագայում փոխզիջումային օրակարգի ձեւավորումը ենթադրում է, որ ՀԱԿ-ը չի խոսելու արտահերթ նախագահական, ապաեւ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, սակայն կարող է իր 15 հայտնի պահանջների ցանկից որոշակի պահանջներ դնել, հնարավոր է, հույս ունենալով, որ այդ պահանջների կատարումը թուլացնելու է իշխանություններին եւ մոտեցնելու է արտահերթ ընտրությունները:
Բայց ի՞նչ է զիջելու իշխանությունն իր նախնական օրակարգից` այդպես էլ պարզ չի լինելու, քանի որ այն, ինչպես արդեն նշվեց, վերացական է, հստակ չէ: Արդյունքում ստացվելու է, որ արտահերթ նախագահական եւ հետո խորհրդարանական ընտրությունները կարող են դառնալ, առավելագույնը` որպես ՀԱԿ-ի նպատակ, բայց ոչ բանակցությունների առարկա: Իսկ ի՞նչ նպատակ կարող են ունենալ բանակցություններում իշխանությունները: Իշխանությունների բոլոր քայլերը ցույց են տալիս, որ նրանց նպատակը ֆորմալ լեգիտիմացման հասնելն է, ինչով կապահովվի նրանց սահուն վերարտադրությունը:
Այս գործում նրանց հարկավոր է, ի դեմս ընդդիմության, ունենալ ոչ թե ծայրահեղ, արմատական հակառակորդի, այլ առնվազն` կառուցողական ընդդիմախոսի: Հասկանալի է, որ իշխանությունն ընդունելու է ՀԱԿ-ի որոշ պահանջները, քանի որ հակառակ դեպքում վերջինս դուրս կգա բանակցություններից, ինչը իշխանությունների համար, մի շարք պատճառներով, խիստ անցանկալի է: Սակայն իշխանությունը կգնա նման քայլի միայն այն դեպքում, երբ վստահ կլինի, որ դա չի սասանի իր դիրքերը:
Արդյունքում դա որոշակիորեն կարող է մեղմել ՀԱԿ-ին սատարող զանգվածի բողոքական տրամադրությունները, իսկ մյուս կողմից` թուլացնել իշխանությունների նկատմամբ միջազգային հանրության ճնշումը: Պետք է նշել, որ վերջինս արդեն իսկ դրական է գնահատել ընդդիմադիր հասարակության երեք հայտնի պահանջների կատարումը եւ ողջունել երկխոսություն սկսելու` կողմերի պատրաստակամությունը:
Միաժամանակ չի բացառվում, որ իշխանությունները բանակցությունների ընթացքում համաձայնեն նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, եթե համոզված լինեն, որ դրանց արդյունքում նրանք չեն կորցնի իրենց դիրքերը:
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը 1in.am-ին տված հարցազրույցում նշել է, որ «բացառվում են երկրում նախագահական արտահերթ ընտրությունները, եւ ես չեմ տեսնում հիմքեր երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված»: Նշանակում է, որ որոշակի պայմանների առկայության դեպքում, որպես փոխզիջում, իշխանությունները կարող են գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանզի, ինչպես երեւում է վերոնշյալ մեջբերումից, նրանց համար արտահերթ խորհրդարանական ընտրությունները առնվազն բացառված չեն:
Փաստորեն, եթե ՀԱԿ-ը ցանկանում է հասնել առաջին հերթին արտահերթ նախագահական եւ հետո խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ապա պետք է կարողանա պարտադրել իշխանություններին բանակցությունների սեփական օրակարգը կամ չմտնել բանակցությունների մեջ եւ պայքարել առանց բանակցելու:
Հակառակ պարագայում կամ իշխանությունները որոշ պահանջներ կատարելով` ժամանակ են շահելու եւ գործը հասցնելու են հերթական ընտրությունների, կամ էլ որոշ ժամանակ անց` հավանաբար աշնանը, անցկացնելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ թե որքանով է այսպիսի երկխոսությունը համահունչ ընդդիմադիր հասարակության պահանջներին` սա արդեն այլ վերլուծականի թեմա է:
Էդգար Վարդանյան
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել