Մոսկվայում ձերբակալվել է «Новая газета»-ի լրագրող Օլեգ Ռոլդուգինը
Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Новая газета»-ի լրագրող Օլեգ Ռոլդուգինին` անձնական տվյալների ապօրինի օգտագործման գործով։ Այդ մասին հայտնում է Meduza-ն։ Նա կալանավայրում կմնա մինչև մայիսի 10-ը։
Լրագրողի դեմ հարուցված քրեական գործի նյութերով ապացույցների շարքում նշվում են «Telegram-ում բոտերին դիմելու փորձերը»։
Ձերբակալությունից հետո ոստիկանները հասանելիություն են ստացել Ռոլդուգինի հեռախոսին և սոցիալական մեդիայի հաշիվներին: The Bell-ը գրում է, որ հարցաքննության ժամանակ լրագրողին հարցրել են նաև տելեգրամյան անձնական ալիք վարելու մասին։
Ռոլդուգինը դատարանում հայտարարել է, որ չի հասկանում, թե կոնկրետ որ հրապարակման հետ է կապված քրեական գործի հարուցումը: «Ես չգիտեմ, թե իմ որ հոդվածի համար եմ ես այստեղ»,- հայտարարել է լրագրողը, որը նաև չի ընդունել իրեն վերագրվող մեղադրանքը։
Բացի այդ, Ռոլդուգինը խնդրել է ավելի մեղմ խափանման միջոց նշանակել, քանի որ չի պատրաստվում թաքնվել արտերկրում, իսկ տեղեկատվության կրիչները (համակարգիչը, կոշտ սկավառակներն ու հեռախոսը) արդեն իսկ գտնվում են քննիչների մոտ։ Դատարանում լրագրողը նաև հայտարարել է, որ առաջարկել է պոլիգրաֆի հետազոտություն անցնել, սակայն քննիչը հրաժարվել է:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին «Новая газета»-ի խմբագրությունում խուզարկություն էր իրականացվել, որը շարունակվել էր ավելի քան 13 ժամ։ «Новая газета»-ում Ռոլդուգինը հիմնականում գրում էր կրթության, Max մեսենջերի և ռուսաստանցի պաշտոնյաների մասին։ Ռոլդուգինի հարազատներն այն կարծիքին է, որ այս գործողությունը կարող է կապված լինել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շրջապատի հետ։ Փետրվարի 21-ին լրագրողը հետաքննություն էր հրապարակել Կադիրովի զարմիկի նախկին օգնականի ունեցվածքի մասին։
Լուսանկարը՝ Денис Пантелеев / РБК
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել