Վճռորոշ խորհրդարանական ընտրություններ Հունգարիայում. Օրբա՞ն, թե՞ Մադյար
Կիրակի օրը՝ ապրիլի 12-ին, Հունգարիան կանգնելու է իր նորագույն պատմության ամենավճռորոշ ընտրության առջև։ Just Security-ի վերլուծաբան Ժուժաննա Վիգը գրում է, որ 2010 թվականից ի վեր առաջին անգամ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես՝ Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցությունը ոչ թե պարզապես մրցակցելու է ընդդիմության, այլ բախվելու է քաղաքական մի իրավիճակի հետ, որը սպառնում է քանդել վերջին 16 տարիներին կառուցված իշխանական բուրգը։
Վերջին տասնամյակում Օրբանը Հունգարիան վերածել է ընտրական ավտոկրատիայի (կառավարման ձև, որտեղ առկա են ձևական ընտրական գործընթացներ, սակայն իշխանությունը կենտրոնացած է մեկ անձի կամ խմբի ձեռքում՝ ժողովրդավարական ինստիտուտների իմիտացիայով, խմբ.)՝ օգտագործելով խորհրդարանական մեծամասնությունը։ Այդ կերպ, նա կարողանում է վերահսկել պետական ապարատի բոլոր օղակները։ Հունգարիայում Սահմանադրական դատարանը, Դատախազությունը և կարգավորող մյուս մարմինները համալրված են Վիկտոր Օրբանին հավատարիմ անձանցով, ինչի արդյունքում համակարգի նկատմամբ ողջ վերահսկողությունը հունգարական իշխող էլիտայի համար հեշտացել է։ Ավելին, Հունգարիայում ընտրական համակարգը ձևավորված է այնպես, որ առավելություն տա հաղթող ուժին։ Զուգահեռաբար, նախորդ ընտրությունների ժամանակ միամանդատ ընտրատարածքները նպաստել են «Ֆիդեսի» հաղթանակին նույնիսկ այն դեպքում, երբ կուսակցության ստացած ընդհանուր ձայների թիվը տարեցտարի նվազում էր։
Հաղթանակի իրական շանս ունի ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը։ Դրա առաջնորդ Պետեր Մադյարը տևական ժամանակ աշխատել է Վիկտոր Օրբանի աշխատակազմում, զբաղեցրել բարձր պաշտոններ և եղել արդարադատության նախկին նախարար Յուդիտ Վարգայի ամուսինը։ Ինչպես գրում է Ժուժաննա Վիգը, Մադյարը գիտի, թե ինչպես է աշխատում հունգարական իշխանական ապարատը, որոնք են դրա թույլ կողմերը, ու ինչպես են կայացվում որոշումները։
Ի տարբերություն ընդդիմադիր այլ ուժերի, «Տիսա»-ն չի ներքաշվում Օրբանի թելադրած գաղափարական բևեռացման մեջ։ Կուսակցության ուշադրության կենտրոնում են կենցաղային և սոցիալական բնույթի խնդիրները, այդ թվում՝ առողջապահությունը, տրանսպորտի հարցերը և կոռուպցիայի դեմ պայքարը։
Atlantic Council-ի վերլուծաբան Մարկ Գեդեմանսն էլ գրում է, որ Օրբանի կառավարությունը շարունակում է մնալ ԵՄ անդամ երկրների շարքում Կրեմլի ամենամոտ դաշնակիցը։ Պաշտոնական Բուդապեշտը ոչ միայն արգելափակում է Ուկրաինային հատկացվող օգնությունը, այլև ակտիվորեն դեմ արտահայտվում Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին։ Ավելին, Վիկտոր Օրբանը շարունակում է պնդել, որ հենց ուկրաինական կողմն է կանգնած «Դրուժբա» նավթատարի պայթեցման հետևում, ինչը կտրականապես հերքում են Կիևում։
Ապրիլի 7-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել էր Բուդապեշտ՝ գործող վարչապետ Օրբանին հայտնելու ամերիկյան վարչակազմի աջակցությունը։ Օրբանը սերտ հարաբերություններ ունի Դոնալդ Թրամփի հետ, ու այս այցը խորհրդանշում էր ամերիկյան պահպանողական կառավարության աջակցությունը հունգարական պահպանողականներին։ Որոշ վերլուծաբաններ պնդում էին, որ այս այցով փորձ արվեց Հունգարիայում ամրապնդել աջ քաղաքական հայացքներ ունեցող գործիչների դաշինքը՝ ընդդեմ Բրյուսելի կողմից աջակցվող լիբերալ քաղաքականության։
Գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ փորձագետները նախազգուշացնում են հնարավոր լայնամասշտաբ ընտրակեղծիքների մասին։ Խոսքը մոտ 600,000 ընտրողի (կամ ընտրելու իրավունք ունեցող անձանց մոտ 10%-ը) ձայների գնման կամ ահաբեկման մասին է։ ԵԱՀԿ դիտորդական առաքելություններին զուգահեռ Հունգարիայի ողջ տարածքում ընտրությունները դիտարկելու են նաև Օրբանի կառավարությանը սատարող դիտորդական կազմակերպություններ, ինչպես օրինակ՝ լեհական ծայրահեղ պահպանողական «Ordo Iuris»-ը, ինչը կարող է հանգեցնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ հակասական զեկույցների։
Բրյուսելում լիահույս են, որ ապրիլի 12-ի ընտրությունները շրջադարձային են լինելու Հունգարիայի համար, ու այդ երկիրն ազատվելու է ռուսական ազդեցությունից՝ վերադառնալով դեպի ժողովրդավարական պետություն տանող ճանապարհ։
Սակայն, մտավախություն կա, որ «Տիսա»-ի հաղթանակից հետո իշխանափոխությունը կարող է արագ չկայանալ։ «Ֆիդես»-ի ներկայացուցիչները, որոնք զբաղեցնում են ոչ քաղաքական պաշտոններ, կարող են արգելափակել նոր իշխանությունների իրականացրած բարեփոխումները։ Օրինակ՝ Հունգարիայի ֆինանսական խորհուրդը կարող է վետո դնել բյուջեի վրա, ինչը կարող է հիմք հանդիսանալ նախագահի համար՝ լուծարելու խորհրդարանը և նշանակելու խորհրդարանական նոր ընտրություններ։
Իլյուստրացիան՝ Miguel Saenz-Flores-ի
Թամարա Քալանթարյան
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների Քաղաքագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել