HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ընդդիմությունը հաղթում է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում. Օրբանը ընդունել է պարտությունը

Ինչպես և կանխատեսվում էր, հունգարական ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում կստանա պատգամավորական մանդատների մեծամասնությունը։ 

Ձայների ավելի քան 81%-ի հաշվարկից հետո այդ կուսակցությունը կարող է ստանալ 199 մանդատից 137-ը, իսկ գործող վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը՝ 55-ը: Յոթ մանդատ էլ կարող է ստանալ «Մեր հայրենիքը»։ 

Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ հաղթանակի կապակցությամբ արդեն իսկ շնորհավորել է «Տիսա»-ի առաջնորդ Մադյարին: Իր ելույթում նա նշել է, որ ընտրությունների արդյունքները հստակ են՝ դրանք անվանելով «ցավոտ»:

Օրբանը հավելել է, որ «Ֆիդես»-ը ընդդիմության կազմում կծառայի Հունգարիային։ Ավելի վաղ «Տիսա»-ի առաջնորդ Պետեր Մադյարը հայտնել էր, որ Օրբանը շնորհավորել է իրեն հաղթանակի կապակցությամբ:

Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել է 5 կուսակցություն, սակայն հիմնական մրցակցությունը ծավալվել է երկուսի միջև՝ 16 տարի շարունակ երկիրը ղեկավարող Վիկտոր Օրբանի «Ֆիդես» և Պետեր Մադյարի «Տիսա» կուսակցության միջև։ Անկախ սոցիոլոգիական հարցումները կանխատեսում էին ընդդիմության համոզիչ հաղթանակը։

Նրանցից բացի, ընտրողները հնարավորություն ունեին քվեարկել նաև ձախ «Դեմոկրատական կոալիցիա» կուսակցության, սատիրիկ «Երկպոչ շան կուսակցության» և ծայրահեղ աջ «Մեր հայրենիք» շարժման օգտին։

Քվեարկության ավարտին հայտնի դարձավ, որ ընտրություններին արձանագրվել է ընտրողների մասնակցության ռեկորդային բարձր մակարդակ՝ 77.8%։ Նախորդ՝ 2022 թվականի ընտրություններին մասնակցությունը կազմել էր 62.92%, իսկ այս ընտրություններին արդեն ժամը 17:00-ի դրությամբ` գերազանցվել էր 2002 թվականին գրանցված ռեկորդային 73.51%-ը։

Ըստ Հունգարիայի օրենսդրության՝ ձայների վերջնական հաշվարկը պետք է ավարտվի ոչ ուշ, քան շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին։ Խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությունը պետք է հաղթահարի 5%-ի անցողիկ շեմը։

Լուսանկարում՝ Պետեր Մադյարը/Janos Kummer/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter