HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վայոց Ձորի և Արարատի մարզերում իրականացված ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վայոց Ձորի և Արարատի մարզերում իրականացված ծրագրերին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վայոց Ձորի մարզում Նիկոլ Փաշինյանն այցելել է Արենի համայնք, շրջայց կատարել Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում 60 երեխայի համար կառուցվել է 700քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի մանկապարտեզ, բարեկարգվել բակը, տեղադրվել 5վտ հզորությամբ ֆ/վ կայան։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 383 մլն 175 հազար դրամ, որից 80%-ը՝ 306 մլն 540 հազար դրամը հատկացրել է Կառավարությունը:

Հաջորդիվ՝ երկրի ղեկավարն այցելել է Արարատի մարզ, որտեղ ներկա է գտնվել Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց կրթահամալիրի բացման արարողությանը: Այն կառուցվել է ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 700 մլն 249 հազար դրամ: Նորակառույց կրթահամալիրը նախատեսված 140 աշակերտի, իսկ նախակրթարանը՝ 40 երեխայի համար։

Բացման արարողությունից հետո վարչապետը հանդես է ելույթով, շնորհավորել բոլորին հրաշալի իրադարձության առիթով, նշել, որ առաջին հերթին ցանկանում է շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և հարկերը վճարող հայրենակիցներին, քաղաքացիներին, այն անձանց, ովքեր գուցե Հայաստանի քաղաքացի չեն, բայց Հայաստանում տնտեսական գործունեություն են ծավալում: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, տնտեսվարողներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքում ՀԴՄ կտրոն, հաշիվ ապրանքագիր են դուրս գրում, այսինքն՝ ջանքեր են գործադրում, որ շրջանառությունը լինի ոչ ստվերային, այդ շրջանառությունից հարկեր գեներացվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարը բոլորի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ նման շենքերը, դպրոցները կառուցվում, կահավորվում են և դրանց գործունեությունն ապահովվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի որևէ տողով: «Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, չկա մարզահրապարակ, չկա ճանապարհ: Այդ ամենը Հայաստանի Հանրապետության բյուջեում մի որևէ տողում պետք է արտահայտված լինի»,- նշել է վարչապետը և հավելել, որ բյուջեի այդ տողերը ՀԴՄ կտրոններ ստանալու միջոցով կաթիլ-կաթիլ դառնում են 10, 100, 100 հազար, 100 մլն, 1 մլրդ, 2 մլրդ և այլն և ստեղծվում է դպրոց:

Խոսելով մարդու բարեկեցության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ընդհանուր կարիքները հոգալու համար մասհանել պետական բյուջե, որի միջոցով էլ կառուցվում են դպրոցներ, ճանապարհներ, բարձրացվում են աշխատավարձերը. «Ես հույս ունեմ՝ կրթության չափորոշիչների մեջ այս նրբությունները հաշվի առնված են: Մեր երեխաները պիտի առաջին հերթին սովորեն, թե ինչ է պետությունը և ինչ է պետականությունը, որովհետև պետությունը մեզնից յուրաքանչյուրի բարեկեցության պարտադիր պայման է, պարտադիր, բայց ոչ բավարար պայման, որովհետև պետությունը պայման է, որտեղ մենք կստանանք կրթություն, և մեր կրթությունը դարձնենք ավելի մեծ արդյունք մեր պետության համար»:

Երկրի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր մասնակցություն են ցուցաբերում և ներգրավված են 300 դպրոցի ծրագրում, ընդգծել, որ այս ծրագրին հաջորդելու է մյուս 300 դպրոցի ծրագիրը, քանի որ գործնականում հանրապետությունում չկա դպրոց, որը հիմնանորոգման, վերակառուցման կամ զրոյից կառուցման անհրաժեշտություն չունենա:

Վարչապետն այցելել է նաև Արարատ համայնքի Երիտասարդական կենտրոն, որը վերանորոգվել է դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Վերանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 34 մլն 743 հազար դրամ, որից Կառավարությունը հատկացրել է 75.3 %,-ը՝ շուրջ 26 մլն 183 հազար դրամը: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվել է համայնքի կողմից հատկացված շինության 158 քմ մակերեսով տարածք, կահավորվել գույքով և տեխնիկայով: Տարեկան կտրվածքով կենտրոնի ծառայություններից օգտվում է առնվազն 635 երիտասարդ՝ դրամաշնորհային հայտով պարտավորված ծրագրային ուղղություններով։ 2026թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 4-ի դրությամբ գրանցվել է 1220 այցելու:

Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում վարչապետը ներկա է գտնվել նորակառույց նախադպրոցական հաստատության բացման արարողությանը: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 327 մլն 736 հազար դրամ, որից Կառավարությունը հատկացրել է 70%-ը՝ 229 մլն 362 հազար դրամը։ Մանկապարտեզը նախատեսված 90 երեխայի համար:

Այնուհետև՝ վարչապետն այցելել է Արտաշատ համայնք, ծանոթացել Արտաշատի ավագ դպրոցի վերակառուցման աշխատանքներին: ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում վերակառուցման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 269 մլն 424 հազար դրամ։ Վերակառուցված ավագ դպրոցը նախատեսված է 462 աշակերտի համար։

Նիկոլ Փաշինյանն Արտաշատ համայնքում այցելել է Վարդաշեն բնակավայրի վերանորոգված միջնակարգ դպրոց: Վերանորոգման աշխատանքների նպատակով Կառավարությունը հատկացրել է 134 մլն 279 հազար դրամ։ Դպրոցը նախատեսված է 430 աշակերտի համար։

Մասիս համայնքում երկրի ղեկավարն այցելել է Սայաթ-Նովա բնակավայրում մասնավոր հատվածի կողմից հիմնված խելացի անասնաշենք։ Մասնավորը անասնաշենքը հիմնել է՝ օգտվելով Կառավարության 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման և «Փոքր ու միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ու դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրերից։ Արդյունքում՝ կառուցվել է 3-րդ մոդելի խելացի անասնաշենք: Պետության կողմից մասնավորին փոխհատուցվել է 17 մլն 500 հազար դրամ։ Ծրագրի փոխհատուցման բաղադրիչով ներկրվել է 66 գլուխ ԽԵԿ: Առաջիկայում փոխհատուցվելու է ևս 26 մլն 400 հազար դրամ։ Ֆերմերային տնտեսության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կառավարությանը նման ծրագրերի միջոցով գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը նպաստելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter