Արշիլ Գորկի և Աննա Պետրոսյան. թե ինչպես Խորհրդային Հայաստանում առաջին անգամ իմացան աշխարհահռչակ նկարչի մասին
Այսօր Արշիլ Գորկու ծննդյան օրն է։
1988թ.-ի հոկտեմբերի 10-ին «Հեռուստաթատրոն» ծրագրի շրջանակում եթեր է հեռարձակվում դրամատուրգ, արձակագիր, ռեժիսոր Աննա Պետրոսյանի` աշխարհահռչակ գեղանկարիչ Արշիլ Գորկուն նվիրված «Երկար վերադարձ» թատերգության հեռուստաբեմադրությունը: Արշիլ Գորկու դերում ընտրվել էր Կարեն Ջանիբեկյանը, որին դեմ էր արտահայտվել հեղինակը, սակայն նրա կարծիքը հաշվի չէր առնվել: Ներկայացման մեջ հանդես էին գալիս դերասաններ Վլադիմիր Մսրյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Գալինա Մեսրոպյանը, Անուշ Մարգարյանը, Վահան Արծրունյանը, Լևոն Շարաֆյանը, Գալյա Նովենցը, Ռաֆայել Քոթանջյանը, Մայիս Կարագյոզյանը և այլ հայտնիներ:
Չնայած դերասանական աստղաբույլի մասնակցությանը, հետագայում թատերական վերլուծաբանները բեմադրությունը պիտի ձախողված համարեին: «Նոր դար» ամսագրում Վարսիկ Գրիգորյանը «Աննա Պետրոսյանը՝ հեռուստաէկրանի թատերագիր» վերլուծական հոդվածում անդրադառնալով ներկայացմանը՝ մանրամասնում է միայն թատերգության բովանդակությունը՝ առանց մեկնաբանելու բեմադրական աշխատանքը: Հեղինակը վրդովված էր պիեսի հեռուստատեսային տարբերակի խմբագրի և բեմադրիչի կատարած փոփոխություններից:
Հեռուստատեսության ղեկավարությանն ուղղած իր նամակում Աննա Պետրոսյանը վրդովված հարցնում է. «Ես չգիտեմ՝ ինչու՞, ի՞նչ տրամաբանությամբ բեմադրիչը դեռ ողջ հեղինակի առկայությամբ, ինքնակամ պետք է քանդ ու քարափ անի պիեսի տրամաբանական հյուսվածքը, պետք է մի հերոսի մտքերը մյուսին տա, սկզբից հանի վերջը դնի, կամ՝ հակառակը: Ինչու՞ պետք է հրաժարվի հեղինակի երկխոսությունից և գրի սեփականը, հնարովի տեսարաններ ստեղծի և ամբողջ ներկայացումը, որ տևում է ժամուկեսից ավելի, բառիս բուն իմաստով խեղդի դադարների մեջ...Դիմելով հեռուստատեսության դրամատիկ հաղորդումների խմբագրությանը՝ հարցնում եմ, մի՞թե հնարավոր չէր էթիկայի ամենատարրական կանոններից ելնելով, գտնել Խորհրդային Հայաստանում ապրող, դեռ իր մահկանացուն չկնքած հեղինակին և նրանց ցույց տալ գոնե նկարահանված նյութը...»: «Երկար վերադարձ»-ը դառնում է Աննա Պետրոսյանի «կարապի երգը» հեռուստաթատրոնում նրա երկարամյա գործունեության մեջ:
Այնինչ, նա առաջինն էր, որ անցած դարի 80-ականների սկզբին խոսեց ու հայ հանրությանը ներկայացրեց Արշիլ Գորկի կեղծանունով համաշխարհային ճանաչում ստացած գեղանկարիչ Ոստանիկ Ադոյանին, ով համարվում էր 20-րդ դարի աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը և սյուրռեալիզմի խոշոր ներկայացուցիչ: 1904թ.-ի ապրիլի 15-ին Օսմանյան կայսրությունում ծնված (Վանի նահանգի Խորգոմ գյուղում) Ոստանիկ Ադոյանը մանուկ հասակում դարձել էր Հայոց ցեղասպանության բոլոր սարսափների, այդ թվում՝ մոր սովամահության ականատեսը: Ոստանիկ Ադոյանը, որին աշխարհը ճանաչելու էր որպես Արշիլ Գորկի, որբանալով՝ պիտի տեղափոխվեր Միացյալ Նահանգներ, ապրեր ու ստեղծագործեր Նյու Յորքում, համարվեր 20-րդ դարի ամերիկյան մեծագույն գեղանկարիչներից մեկը և 44 տարեկանում ինքնասպան լիներ՝ չդիմանալով բաժին հասած փորձություններին:
Աննա Պետրոսյանի ու հանրահռչակ ազգակցի «ծանոթությունն» էլ պիտի կայանար Նյու Յորքում, միայն թե անցած դարի 70-ականների վերջին, պատկերասրահում, մի փոքրիկ գեղանկարի շնորհիվ: Տարօրինակ դիպված, որ հետագա իր գրառումներում Աննա Պետրոսյանը պիտի համարեր նախախնամություն:
«Դա զարմանալի պատմություն է: Երբ 70-ականների վերջին ճամփորդում էի Միացյալ Նահանգներում, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի սրահներից մեկում տեսա փոքր չափերի մի կտավ: Սրահի պատերին իրենց տեղը գտած զանազան՝ էքսպրեսիոնիզմի, վերացապաշտության, գերիրապաշտության, կուբիզմի և ժամանակակից այլ ուղղություններին հարող նկարիչների կտավները սրահի պատերին գտել էին իրենց տեղը միանգամայն ներդաշնակ հավասարակշռությամբ: Եվ նրանց կողքին, ահա, Արշիլ Գորկի մակագրությամբ այդ փոքրածավալ կտավը: Բարեխղճորեն նայելով բոլոր կտավներն առանձին-առանձին՝ հեռացա սրահից: Բայց դեռ չէի հասել սրահի շեմին, ես պարզ զգացի, որ ինձ հետ են կանչում...Ես վերադարձա և կանգնեցի այն նկարի դիմաց, որը կրում էր Արշիլ Գորկի մակագրությունը: Պետք է խոստովանեմ, բավական շփոթված էի: Ես նայում էի այդ նկարին և հետզհետե կանոնավորվում էին զգացողություններս: Նրա տաք գույները, ծիրանիի երանգները, գծերի թրթռուն ներդաշնակությունը, նրանից հորդող էներգիան անտեսանելի թելերով հաղորդվում էր ինձ՝ գամելով ինձ իր դիմաց: Ինձ թվում էր, թե ես արդեն ինչ-որ տեղ, հեռավոր մի տեղ, հեռավոր ժամանակներում հաղորդակցվել եմ նման հոգեվիճակի հետ...Հետո, շատ հետո ես հասկացա, որ նման զգացողություն ունեցել եմ հայկական մանրանկարները դիտելիս...» (Լ. Մեհրաբյան «Ես արդեն վաղուց ծնված էի», էջ 75)։
Վերադառնալով Երևան՝ Աննան իր ծանոթ բեյրութաբնակ Մովսես Հերկելյանից, որ գեղարվեստի արվեստաբանական բարձրագույն դասընթացներ էր անցնում Հայաստանում, հարցնում է, թե ո՞վ է Արշիլ Գորկին: Հերկելյանը սկզբում զարմանում է, հետո խոստանում արձակուրդից վերադառնալիս նյութեր բերել նկարչի վերաբերյալ՝ պայմանով, որ Աննան գրի նրա մասին, քանի որ Հայաստանում գրեթե չէին ճանաչում աշխարհահռչակ իրենց հայրենակցին: 1982թ.-ին Մովսես Հերկելյանը Աննա Պետրոսյանին է հանձնում մի մեծ ճամպրուկ, որ բերել էր Ամերիկայից՝ անգլիալեզու գրքեր, հոդվածներ, նամակներ, զանազան նյութեր Ոստանիկ Ադոյան-Արշիլ Գորկու մասին: Աննայի երկու դուստրերը՝ Արմինե և Նարինե Թուխիկյանները, որ հրաշալի անգլերեն գիտեին, թարգմանում են ամբողջ նյութը հայերեն:
«Ես գրեցի նրա կյանքի ու ստեղծագործության պատմությունը և 1983.թ-ի հունվարի 30-ին ավարտեցի այն: Մեծ դժվարությամբ, նրա պատկերագրքից հանել տվեցի 154 լուսապատկեր և 1983թ.-ի փետրվարի 10-ին, երեկոյան ժամը 7-ին Նկարիչների միության լեփլեցուն դահլիճում կարդացի իմ զեկուցումը լուսապատկերների ցուցադրությամբ: Ոստանիկ Ադոյանի՝ քրոջն ուղարկած նամակների վերջին տողերն ընթերցելիս Հայրիկ և Մարո Մուրադյանները «Ակունք» խմբի հետ կատարում էին Վասպուրականի ու Շատախի երգերը՝ ունկնդիրներին ընկղմելով սարսուռների մեջ. «Վարդուշ, Մուրադ, հարազատս, դու հիշում ես մեր մոր երգերը, երբ կկարդաս նամակս, երգիր նրա երգերը...Երգիր, որ ես քայլեմ մեր այգեստաններով...երգեք, որ ես բարձրանամ մեր լեռները...» (հատված «Ես արդեն վաղուց ծնված էի» գրքից)։
Արշիլ Գորկու մասին համապարփակ զեկուցումով Աննա Պետրոսյանն այնուհետ հանդես է գալիս Գրողների միությունում, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կենտրոնում, Ժուռնալիստների միությունում, Գեղագիտական դաստիարակության կենտրոնում, Մանկավարժական, Պոլիտեխնիկ, Ուսուցիչների կատարելագործման ինստիտուտներում, Լենինականի Արվեստի աշխատողների տանը, Առասպելի դպրաթատրոնում՝ ապրիլի 24-ին:
«Նրա կյանքն առած՝ ես գնում էի ամենուր, ուր հրավիրում էին, գնում էի ոգևորված ու ներշնչված, որովհետև Ոստանիկ Ադոյանի կյանքի շրջանակում հայ ժողովրդի ապրած եղեռնի ու նրա հետևանքների մանրանկարն էր, եղեռնից մազապուրծ փրկվածների կարոտախտի ու հայրենաբաղձության մխացող ցավը...Հետո, ամենատարբեր ամսագրեր, լրագրեր, նաև ռուսերն, տպագրեցին իմ՝ հատուկ նրանց համար գրած Ոստանիկ Ադոյանի պատմությունը: Բազմաթիվ առիթներով ռադիոհաղորդումներ եղան, իսկ 1983թ. հունիսի 23-ին տեղի ունեցավ հեռուստատեսային մեծ հաղորդում: Առհասարակ, 1983-1986թթ. մշակութային կյանքը լի էր Արշիլ Գորկի-Ոստանիկ Ադոյանի ներկայությամբ: Հետո, որպես այդ ամենի ամփոփում, գրեցի «Երկար վերադարձ» թատերգական վիպակը»:
Նկարչի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, 2004թ.-ի ապրիլին հեռուստալրագրող Նարինե Թուխիկյանի սցենարով և բեմադրությամբ, «Երկար վերադարձ» վերնագրով երկու մասանոց փաստագրական ֆիլմ է պատրաստվում, որը հեռարձակվում է Հ-2 հեռուստաընկերությամբ և այնուհետև ցուցադրվում ամեն տարի՝ ապրիլի 24-ին:
2015թ.-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ է բարձրանում «Արշիլ Գորկի» ներկայացումը՝ ըստ Աննա Պետրոսյանի «Երկար վերադարձ» պիեսի, բեմադրիչ Հովհաննես Հովհաննիսյան, Արշիլ Գորկու դերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյան:
«Աննա Պետրոսյանի «Արշիլ Գորկին» ինձ համար հայտնություն էր,-ասում է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը,-երբ ասացի, որ ուզում եմ բեմադրել, ինձ ասացին՝ գործ չունես, կան պիեսներ, որ գրված են կարդալու, բայց ոչ՝ բեմադրելու համար: Աննայի պիեսն իրականում բաղկացած է 50 հիշողություններից, չկա նկարագրական մաս, եթե կինոյի լեզվով ասեմ՝ ֆլեշ-բեկերով է գրված, ես վերցրեցի 20 հիշողություն՝ պահելով հեղինակային տեքստն ու ասելիքը: Պիտի խոստովանեմ, որ, իրոք, բարդ բեմադրություն էր, որովհետև հեղինակը մատուցման ձևը քեզ չի հուշում, ինքդ պիտի որոշես: Մենք մտածեցինք ներկայացումը վերածել մի ամբողջական կտավի, որի վրա տեղի են ունենում իրադարձությունները, որտեղ արտացոլվում են նկարչի ապրումները: Պիեսը սկսվում է ֆինալից՝ հերոսը որոշում է ինքնասպան լինել ու անցած կյանքը՝ կինոյի ժապավենի նման, կադր-կադր սկսում է վերապրել»:
Հ. Հովհաննիսյանն ասում է, որ մինչև բեմադրելը զանգահարել է Աննա Պետրոսյանին և պաշտոնապես թույլտվություն խնդրել պիեսին անդրադառնալու համար: Ներկայացման առաջնախաղին հրավիրել է հեղինակին, սակայն վերջինս այդ տարիներին գրեթե դուրս չէր գալիս տնից և չի կարողացել գալ Գյումրի: «Ներկայացումը 10 տարի է Գյումրու դրամատիկականի խաղացանկում է, շատ ենք խաղում դպրոցականների համար և վստահ եմ, որ դեռ երկար ենք խաղալու,-հույս է հայտնում Հ. Հովհաննիսյանը,-Աննա Պետրոսյանի՝ Արշիլ Գորկու մասին պատմող «Երկար վերադարձը», թերևս, լավագույն գործն է, որի միջոցով բեմից կարող ես պատմել քո հռչակավոր հայրենակցի մասին, միաժամանակ հուզել ու հպարտության զգացում պարգևել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել