«Ուժեղ Հայաստանի» անդամներ են ձերբակալվել ընտրակաշառքի մեղադրանքով
Մեկ տասնյակից ավելի անձ է ձերբակալվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող ՀԿ-ների կողմից Արտաշատում ընտրակաշառք է բաժանվել: Կից հրապարակել է նաև տեսանյութ․ «… ասեց, ինչքան շուն շանգյալ կա, բերել գրանցել ես շտաբի վրա 200 ես տալիս, հարազատներին գցել ես գյուղերը, 100 ես տալի՞։ ․․․»
Սա ձայնագրությունից մի կտոր էր, ամբողջականում կան այլ հատվածներ, որոնցում լսվում է ինչ-որ տեղ գնալու համար շոր գնելու, փող տալու և այլնի մասին։ Ձայնագրություններ կան, որոնք արվել են մինչև մարտը, որովհետև լսվում է․ « ․․․ մարտին չստացամ, էդ ինչքան մարդ եմ գրանցել, ասելու եմ՝ չէթաք դրան ընտրեք․․․»։
Առավոտյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը տեսանյութ հրապարակեց՝ նշելով, որ խուզարկություններ են տեղի ունեցել իրենց գրասենյակներից մեկում, բերման ենթարկելով համակիրներին ու ցուցակի իգական սեռի ներկայացուցիչ անդամի։
«Ընտրական իրավունքի, ընտրական գործընթացի հավասարության սկզբունքն է բացահայտ խախտվում: Սրանք միջամտություններ են, ու մեր քաղաքական ուժի համար բոլոր անհավասար պայմաններն են ստեղծվում: Երկրորդն էլ՝ կանանց իրավունքների տեսանկյուններից: Ասեք, նորմա՞լ է, որ կնոջը թիրախավորում են հենց սեռով պայմանավորված և փորձում են ընկճել պայքարից՝ ասելով՝ գնա, կոպիտ ասած, խոհանոց գործ արա»,- նշում է Գոհար Մելոյանը:
Առավոտից կուսակցականները հավաքված են Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց։ Նրանք ահազանգում են, որ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել պաշտպանյալների մոտ։ Ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն տարածեց․
«Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից ձեռնարկված միջոցների և քննչական մարմնի հետ քննարկումների արդյունքում Պաշտպանի հաստատություն դիմած փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը»։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն այս դեպքերը որակում են քաղաքական հետապնդում։ Ըստ Էդգար Ղազարյանի՝ իրենք նույնիսկ չեն գրանցել կուսակցությունը ընտրությունների համար, չկա ընտրվող սուբյեկտ, ի՞նչ հիմքով է Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառք բաժանելու համար վարույթ հարուցել։ Նա նաև նշում է, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ կոնտեքստում են ասվել ձայնագրություններում լսվող տեքստերը, և արդյոք կա՞ գաղտնալսելու վերաբերյալ դատարանի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանը։ 2026 թվականի փետրվարի 7-ից, ընտրություններով պայմանավորված, թեկնածուներին արգելվում է բարեգործությամբ զբաղվել։ Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության եւ հրապարակած տեսանյութի համաձայն՝ « ․․․ բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում»։
Ձերբակալությունից ավելի ուշ դատարանը նրանց ազատ էր արձակել ու սահմանել վարչական վերահսկողություն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել