Պատերազմի կոչ, ատելության խոսք պարունակող տեղեկատվության հեռարձակումը կարգելվի
Ազգային ժողովն այսօր՝ 2026թ. ապրիլի 16-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը: Մի շարք այլ կարգավորումներից բացի, նպատակ է դրվել կանխել օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը:
Գործող օրենքում նախատեսված են տեսալսողական հաղորդումների ընթացքում բովանդակության չարաշահման արգելքներ: Սակայն, Կառավարության գնահատմամբ՝ առկա արգելքները պատշաճ հստակությամբ չեն սահմանում, թե կոնկրետ որ տեսակի բովանդակությունն է որակվում որպես իրավախախտում, ինչը դժվարացնում է մեդիա արտադրանք մատուցող անձանց իրավաչափ վարքի ձևավորումը և կարգավորող պետական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացումը։
Ազգային ժողովի ընդունած նախագծով արգելվում է սահմանադրական կարգը բռնի տապալելուն կամ պատերազմի կոչ անող, այդպիսի գործողությունները խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածումը: Արգելվում է նաև ազգային կամ ռասայական կամ սեռային կամ կրոնական ատելություն բորբոքող, ինչպես նաև տարիքային կամ հաշմանդամության կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածումը:
Արգելվում է տեսալսողական հաղորդումներում նաև պոռնկագրություն տարածելը՝ հիմք ընդունելով Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը): Իսկ էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում, Քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում պետք է դիմի իրավասու մարմիններին։
Ընդդիմադիր պատգամավորները քննադատում են Կառավարության այս նախագիծը՝ պատճառաբանելով, որ կարգավորումները հնարավորություն են տալիս գրաքննել բովանդակությունը և պետական մակարդակով միջամտել: Մասնավորապես՝ պատգամավորներին մտահոգում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածման կարգավորումը, որը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել: Ընդդիմության այս մտահոգությունները իշխող ուժը տեղին չհամարեց:
Հիշեցնենք, որ 2025թ. փետրվարի 13-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն Ազգային ժողովն ընդունել է 2020թ. հուլիսի 16-ին։ Կիրառման ընթացքում ի հայտ են եկել իրավական խնդիրներ, և անհրաժեշտություն է առաջացել վերանայել առանձին կարգավորումներ: Բացի այդ, կարիք կա ներմուծել նոր կարգավորումներ՝ տեսալսողական մեդիա ոլորտում իրավական հստակություն և կանխատեսելիություն ապահովելու, հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվությունը նվազեցնելու, երկրի տեղեկատվական ինքնիշխանությունն ապահովելու նպատակով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել